Թերթեր հրատարակող ամերիկյան ութ խոշոր ընկերություններ (Chicago Tribune, New York Daily News, Sun Sentinel, Denver Post, Orange County Register, San Jose Mercury News, Orlando Sentinel և St. Paul Pioneer Press) կոլեկտիվ հայց են ներկայացրել OpenAI և Microsoft ընկերությունների դեմ: Նրանք տեխնոլոգիական հսկաներին մեղադրում են արհեստական բանականության (ԱԲ) համակարգերը, այդ թվում՝ ChatGPT-ն, ուսուցանելու նպատակով իրենց նորությունների հոդվածներն ապօրինաբար, այսինքն՝ դրանց հեղինակային իրավունքի սեփականատերերին առանց փոխհատուցում վճարելու օգտագործելու համար։
Ինչպես տեղեկացնում է The Washingtonpost-ը, բոլոր ութ պարբերականներն էլ պատկանում են Նյու Յորքում տեղակայված Alden Global Capital ներդրումային հիմնադրամին: Հայցում ասվում է, որ OpenAI-ը և Microsoft-ը իրենց լրատվական հոդվածներից վերցրել են նյութեր և դրանք օգտագործել իրենց ԱԲ մոդելներին, ներառյալ ChatGPT-ին, ուսուցանելու համար՝ առանց հրատարակիչների թույլտվության կամ փոխհատուցում վճարելու։
Նորությունների հրատարակիչներն ավելի ու ավելի շատ են մտահոգված, որ չատբոտերը և ԱԲ որոնման համակարգերը, ինչպիսիք են ChatGPT-ն և Google-ը, կարող են թուլացնել իրենց բիզնես մոդելները, ինչը կհանգեցնի աշխատակիցների հետագա կրճատումների և սնանկացման՝ արդեն իսկ տուժած այս ոլորտում:
Որոշ մեդիա ընկերություններ, ինչպիսիք են Politico-ն, Axel Springer-ը (Financial Times-ի սեփականատերը) և այլն, գործարքներ են կնքել OpenAI-ի հետ՝ ChatGPT-ի պատասխաններում ցուցադրելու իրենց բովանդակության մի մասը: Այնուամենայնիվ, շատերը, ներառյալ New York Times-ը, դիմել են դատարան:
OpenAI-ը, Microsoft-ը և արհեստական բանականությամբ զբաղվող այլ ընկերություններ պնդում են, որ իրենց ալգորիթմների ուսուցման նպատակով հանրայնորեն հասանելի տվյալների, ներառյալ լրատվական հոդվածների օգտագործումն իրականացվում է հեղինակային իրավունքի մասին օրենսդրության «բարեխիղճ օգտագործման» հայեցակարգի շրջանակում:
Սակայն, հրատարակիչները վիճարկում են դա՝ պնդելով, որ ընկերությունները շահույթ են ստանում իրենց բովանդակությունից՝ առանց դրա համար վճարելու: «Նրանք վճարում են ինժեներներին, վճարում են սերվերների և էլեկտրաէներգիայի համար, բայց չեն ցանկանում վճարել բովանդակության համար, առանց որի ապրանք չէին ունենա»,- ասել է MediaNews Group-ի և Tribune Publishing-ի գործադիր խմբագիր Ֆրենկ Փայնը:
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր արտադրանքին և մշակման գործընթացին՝ աջակցելու լրատվական կազմակերպություններին»,- ասել է OpenAI-ի ներկայացուցիչ Քայլա Վուդը՝ հավելելով, որ ընկերությունը հավատարիմ է ԶԼՄ-ների հետ «կառուցողական համագործակցությանը»:
Սպասվում է հետագա իրավական պայքար, քանի որ շատ ստեղծագործողներ, այդ թվում՝ լրագրողներ, գրողներ և արվեստագետներ, կարծում են, որ իրենց ստեղծագործությունների օգտագործումը ԱԲ մոդելներին ուսուցանելու համար անօրինական է: ԱԲ-ով զբաղվող ընկերություններն իրենց հերթին պատրաստվում են պաշտպանվել՝ վարձելով իրավաբանների թիմեր՝ պայքարելու հեղինակային իրավունքի հետ կապված օրեցօր աճող դատական հայցերի դեմ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում