Գիտության ոլորտում Հայաստանը շատ ոգևորիչ բարեփոխումների փուլում է և ամեն օր ձգտում է մոտենալ ԵՄ-ին․ Ֆլորիան Ֆրանկ

28 հունիսի, 2024  20:13

Հայաստանն ամեն օր ձգտում է ավելի մոտենալ Եվրամիությանը, իսկ դա նաև նշանակում է, որ այն պետք է կարողանա բավարարել Եվրամիության հետազոտական ոլորտի պահանջներին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության գծով վարչության պետ Ֆլորիան Ֆրանկը, որը Երևանում մասնակցում էր «Հայաստան-Գերմանիա գիտության օր» խորագրով երկօրյա միջոցառմանը:

«Մենք շատ հպարտ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ վերջին տարիներին կարողացել ենք մի քայլ առաջ կատարել՝ հասնելու այս ընդհանուր կետին, որտեղ կարող ենք համագործակցել եվրոպական նախագծերի շրջանակում»,- ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանի և Գերմանիայի գիտական համայնքը համագործակցության ավելի քան 30 տարվա փորձ ունի, և այժմ գերմանական պատվիրակության կազմում Գերմանիայից Հայաստան է ժամանել 20 հետազոտող՝ քննարկելու ապագա հնարավորությունները։

Համագործակցության շրջանակը

Ֆլորիան Ֆրանկի խոսքով՝ համատեղ նախագծերը վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կլիման և շրջակա միջավայրը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը։ Միայն այս տարի Հայաստանի և Գերմանիայի միջև սկսվել է հետազոտական հինգ նոր նախագիծ։

«Հայաստանը շատ հետաքրքիր և ոգևորիչ բարեփոխումների ժամանակաշրջանում է գտնվում։ Ես տեղեկացա, որ լինելու է ակադեմիական համակարգի բարեփոխում, եղել են նախագծեր, եվրոպական կողմից ֆինանսավորվող նախագծեր, որոնք վերաբերում են այս բարեփոխմանը․․․ Սակայն ինձ հիմնականում զարմացնում է այն, որ կառավարությունն ընդամենը մի քանի տարվա ընթացքում կարողացել է կրկնապատկել հետազոտությունների և նորարարության ոլորտի ներդրումները՝ այն հասցնելով կրկնակիի ․․․ Իսկապես շատ տպավորիչ է»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնքան տպավորիչ է Ակադեմիական քաղաքի նախագիծը և այն, թե ինչպես է այն քննարկվում, այդ թվում մեդիայում:

«Կարծում եմ՝ ինչ էլ մտածեք իրական ռազմավարության մասին, զուտ այն փաստը, որ ժողովուրդը և հասարակությունը քննարկում են գիտության և նորարարության մեջ նման հսկայական ներդրումները, և այն, որ դա քաղաքական օրակարգում այդքան բարձր մակարդակով է արվում, շատ լավ նշան է Հայաստանում գիտության և նորարարության ապագայի համար»,- նշեց նա:

Ֆլորիան Ֆրանկը նաև նորմալ է վերաբերվում տեսակետներին, քննադատությանը, որ ակադեմիական ոլորտի փոփոխություններից գիտությունը չի շահի, քանզի ըստ նրա՝ անկախ ամեն ինչից միշտ լավ է, որ բանավեճ է ծավալվում գիտության մասին: «Միշտ պետք է հասարակությանը ներգրավել քննարկմանը, պետք է քննարկում ծավալել գիտության շուրջ ․․․ Գիտությունը ներդրումների, աջակցության կարիք ունի։ Եվ կարծում եմ, որ հիանալի է, որ ձեր երկրում քննարկվում է սա»,- ասաց նա։

Ինչպե՞ս է Գերմանիան բարելավում ակադեմիական համակարգը

Ֆլորիան Ֆրանկն ասում է, որ ամեն ինչ սկսվում է ֆինանսավորումից, ապա մարդկանց հնարավորություն է տրվում հետազոտություններ կատարել, տրվում է ազատություն՝ անելու այն, ինչ ցանկանում են: Գերմանիայում պետությունը տրամադրում է գիտության ֆինանսավորման 1/3-րդը միայն, մնացածը ստացվում է մասնավոր հատվածից։ «Սա առողջ հարաբերակցություն է, քանի որ մենք դա միայնակ չենք կարող անել որպես կառավարություն»,- ասում է նա:

Ըստ նրա՝ Գերմանիան հիմա մի փուլում է, երբ ժողովրդագրությունը որոշ դժվարություններ կարող է առաջացնել բուհական համակարգի համար, քանի որ ծնելիության մակարդակը նվազում է, իսկ դա նշանակում է, որ լավ կրթություն ունեցող երիտասարդները քիչ կլինեն: Հետևաբար պետք է մտածել, վերաիմաստավորել ողջ կրթական համակարգը։

«Կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ մարդիկ բաց լինեն նոր բաների, նորարարության համար, որ պատրաստ լինեն փորձեր անել, ինչպես մարդիկ Հայաստանում: Առնվազն այն զգացողությունն ունեմ, որ այստեղ մարդիկ ցանկանում են նոր բաներ մշակել, աշխարհին նայել նորովի և նոր լուծումներ գտնել: Սա ամենակարևորն է, որ կարող եք ունենալ»,- նշում է նա:

Կայուն զարգացում և կլիմա

Ֆլորիան Ֆրանկը նշում է, որ վերջին տարիներին իրենց հետազոտություններն ավելի շատ կենտրոնացած են եղել կայունության զարգացման, կլիմայի փոփոխությունների վրա։ Ըստ նրա՝ կլիմայի փոփոխության պայմաններում գիտությունը պետք է անի իր բաժին աշխատանքը, որպեսզի հասարակությունը և քաղաքական գործիչները կարողանան անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Երկրի վրա կայուն կյանք ապահովելու համար:

«Մենք պետք է հարմարվենք կլիմայի այս փոփոխությանը, պետք է արգելակենք, որ այն ավելի արագ չփոխվի։ Մեզ անհրաժեշտ է վերականգնվող էներգիա, էներգետիկ կապի նոր ձևեր, սննդամթերքի արտադրության նոր եղանակներ, նոր մեթոդներ մեր ջուրը լավ ֆիլտրելու համար»,- ասում է նա։

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ հետազոտողները միասին աշխատեն, որպեսզի նպաստեն, որ Երկիրը մոլորակի վրա կյանքի համար անհրաժեշտ պայմաններ պահպանվեն, մարդկությունը շարունակի գոյություն ունենալ։

«Կարծում եմ՝ սա ամենակարեւոր մասն է։ Սա այն խնդիրն է, որը մենք ակնկալում ենք, որ իրականացնեն հետազոտողները, մեզ գործիքներ տան, որպեսզի լուծենք հասարակության առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, քանի որ հասարակությունն է ֆինանսավորում հետազոտությունը, և նրանք ինչ-որ բան են ակնկալում»,- ասում է նա՝ հավելելով, որ այս ուղղությունը եղել և շարունակելու է լինել առաջնային:

Ֆլորիան Ֆրանկին տպավորել է նաև այն, թե հայ գիտնականները որքան շատ հոդվածներ են հրապարակում միջազգայնորեն ճանաչված և շատ մեջբերված ամսագրերում։ «Պետք է հուսալ, որ սա շարունակվելու է»,- ասում է նա։


 
 
 
 
  • Արխիվ