FTX կրիպտոբորսայի համահիմնադիր և նախկին ղեկավար Սեմ Բենքմեն-Ֆրիդը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ավելի քան $11 մլրդ արժողությամբ գույքի բռնագրավմամբ: Նա մեղավոր է ճանաչվել յոթ քրեական մեղադրանքներով, այդ թվում՝ խարդախության և յուրացման մեղադրանքով:
Մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պարզվել է, որ Բենքմեն-Ֆրիդի գործողությունների պատճառով FTX-ի հաճախորդները կորցրել են $8 մլրդ, իսկ ներդրողներին և պարտատերերին հասցված վնասը գնահատվել է համապատասխանաբար $1,7 մլրդ և $1,3 մլրդ։ Երեք մարդ դրա հետևանքով ինքնասպան է եղել։
Ըստ դատավոր Լյուիս Կապլանի՝ Բենքմեն-Ֆրիդը սուտ ցուցմունք է տվել առնվազն երեք անգամ։ Չնայած սրան՝ դատավորը չի աջակցել մեղադրող կողմին, որը պահանջում էր 40 տարվա ազատազրկում, ինչպես նաև պաշտպանական կողմին, որը, վկայակոչելով Բենքմեն-Ֆրիդի հոգեկան խնդիրները, պնդում էր, որ նա ազատազրկվի 6,5 տարով։
Ամփոփելով դատավարությունը՝ դատավորը նշել է, որ Բենքմեն-Ֆրիդը քաջ գիտակցում էր, որ հաճախորդների միջոցներն իրեն չեն պատկանում, որ նա սխալ է գործում և բորսան շատ ռիսկային վիճակում է դնում։ Ինքը՝ ամբաստանյալն ասել է, որ հույս ուներ խուսափել արդարադատությունից և մնալ անպատիժ։
ԱՄՆ Պրոբացիայի վարչությունը պնդել է, որ նրան 100 տարվա ազատազրկման դատապարտեն, որը, ըստ Բենքմեն-Ֆրիդի փաստաբանների, ոչ պակաս «գրոտեսկային» կլիներ, քան խաբեության սխեմայի կազմակերպիչ 71-ամյա Բեռնի Մեդոֆի ազատազրկման ժամկետը՝ 150 տարի։
Բենքմեն-Ֆրիդը 2019-ին գործարկված FTX կրիպտոբորսայի հիմնադիրներից էր, որն արագորեն դարձավ աշխարհում ամենամեծերից մեկը: Դատավարության ընթացքում նրա հանցակիցները հաստատել են, որ մանիպուլացրել են թվերը, որպեսզի բորսան ավելի ապահով թվա, քան իրականում եղել է:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում