FTX կրիպտոբորսան հայտարարել է սնանկության մասին. Սեմ Բենքման-Ֆրիդը հեռացել է տնօրենի պաշտոնից

11 նոյեմբերի, 2022  20:57

FTX կրիպտոբորսան ԱՄՆ Սնանկության մասին օրենսգրի 11-րդ բաժնի համաձայն` սնանկության վերաբերյալ հայց է ներկայացրել: Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը լքել է պաշտոնը. նրան կփոխարինի Ջոն Ռեյ III-ը:

«FTX-ը եւ 130 դուստր ձեռնարկությունները, որոնք միասին կոչվում են FTX Group, սնանկության հայց են ներկայացրել Դելավերի դատարան՝ համաձայն ԱՄՆ Սնանկության մասին օրենսգրքի 11-րդ բաժնի՝ ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվների գնահատման եւ դրամայնացման պարզեցված գործընթաց սկսելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Նաեւ նշվում է, որ մի շարք դուստր ձեռնարկություններ ներառված չեն հայցում. դրանք են LedgerX LLC-ը, FTX Digital Markets Ltd.-ը, FTX Australia Pty Ltd.-ը եւ FTX Express Pay Ltd.-ը:

Ինչպես հայտնում է cnbc.com-ը, 23 էջանոց հայցում ընկերությունը նշել է, որ ունի ավելի քան 100,000 պարտատեր, 10-50 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչպես նաեւ նույն չափի պարտավորություններ:

Հիշեցնենք, որ FTX-ը , որը գնահատվում էր 32 միլիարդ դոլար, ընդամենը մի քանի օրում սնանկացել է, քանի որ ընկերությունում իրացվելիության խնդիր էր առաջացել, երբ բազմաթիվ հաճախորդներ սկսել էին բորսայից դուրս բերել իրենց միջոցները: Բացի դրանից, առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիրն է խզել նաեւ մրցակից Binance բորսան՝ չնայած, որ FTX-ի խնդիրները սկսվել են նաեւ հենց Binance-ի գործողությունների հետեւանքով:

Տեղի ունեցածի ֆոնին ընկերության հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդը խոստովանել է, որ «ձախողել է»:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում