Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ամպային հաշվարկման ծառայություններ մատուցող CoreWeave ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 56.32%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 80.30 դոլարի։ Հաջորդը Super Micro Computer–ն է: Սերվերների և պահման համակարգերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 44.26%–ով՝ հասնելով 46.15 դոլարի։ Եռյակը եզրափակում է կրիպտոարժույթների առաջատար Coinbase Global բորսան՝ 33.69% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 266.46 դոլար։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է UnitedHealth Group Incorporated ընկերությունը։ Առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 23.31%–ով և այժմ կազմում է 291.91 դոլար։ Հաջորդը Fiserv–ն է։ Ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 9.46%–ով և հասել 166.66 դոլարի։ Եռյակը եզրափակում է Alamos Gold–ը։ Ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 9.43%–ով և կազմում է 24.50 դոլար։
Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրն աճ են գրանցել արդեն հինգերորդ օրն անընդմեջ, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստան-ի միջև ներմուծման մաքսատուրքերի նոր քաղաքականությունը 90 օրով հետաձգելու մասին համաձայնությամբ։ Dow Jones-ն աճել է 0,78%-ով, S&P 500-ը՝ 0,70%-ով, իսկ Nasdaq-ը՝ 0,52%-ով։
Մայիսի 14-ին ավարտվող շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը վերջին հինգ շաբաթների ընթացքում առաջին անգամ ներհոսք են գրանցել․
12,9 միլիարդ դոլարի ներդրում է արվել այս ֆոնդերում՝ ԱՄՆ-Չինաստան մաքսատուրքերի հրադադարի եւ այն լավատեսության շնորհիվ, որ գնաճը կարող է այնքան արագ չլինել, որքան ավելի վաղ ենթադրվում էր: Ամենամեծ ներհոսքը գրանցել են խոշոր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերի ֆոնդերը՝ ավելի քան 5 միլիարդ դոլար։ Պարտատոմսերի ֆոնդերը նույնպես հաջող շաբաթ են ունեցել՝ ներգրավելով ավելի քան 10 միլիարդ դոլար, ինչը նրանց ամենամեծ ներհոսքն էր անցած տարվա հուլիսից ի վեր:
ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի արտաքին պահանջարկը նոր ռեկորդ է սահմանել մարտին, երբ արտասահմանյան ներդրողների բաժնեմասը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 9 տրիլիոն դոլարը: ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր տվյալների համաձայն՝ օտարերկրյա ներդրողները մարտ ամսին ունեցել են 9,05 տրիլիոն դոլարի ԱՄՆ պետական պարտատոմս, ինչը 233 միլիարդ դոլարի աճ է փետրվարի համեմատ։ Ճապոնիան այս հարցում շարունակում է մնալ առաջատարը՝ 1,13 տրիլիոն դոլարով, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։
Coinbase Global-ը պատրաստվում է հաջորդ շաբաթ միանալ S&P 500-ին՝ դառնալով կրիպտոարժույթի առաջին բորսան, որը կավելացվի էտալոնային ինդեքսում: Այս նորության շնորհիվ անցած շաբաթ Coinbase-ի բաժնետոմսերը աճել են 16%-ով, և վերլուծաբանները կանխատեսում են, որ այդ քայլը կարող է ներգրավել մինչև 16 միլիարդ դոլարի նոր ներդրումներ S&P 500-ին հետևող ֆոնդերից: Դա մեծ խթան կարող է դառնալ ոչ միայն Coinbase-ի, այլև ընդհանրապես թվային արժույթների հանդեպ վստահության համար։
Անցյալ շաբաթ CoreWeave-ի բաժնետոմսերն աճել են 56%-ով այն բանից հետո, երբ ԱԲ ամպային մատակարարը ներկայացրել է հասույթի մասին տպավորիչ հաշվետվություն և բացահայտել, որ Nvidia-ն այժմ 7% մասնաբաժին ունի ընկերությունում՝ ավելին, քան ներդրողները նախկինում ենթադրում էին:
Ընկերությունը, որը տեղաբշխում է իրականացրել միայն մարտի վերջին, հայտարարել է, որ իր առաջին եռամսյակի հասույթը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 400%-ով: Այն նաև հայտարարել է OpenAI-ի հետ 4 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մասին, ինչը CoreWeave-ին դիրքավորել է որպես գեներատիվ ԱԲ մրցավազքի գլխավոր խաղացող:
2025 թվականի մայիսի 13-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 30 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2030թ. ապրիլի 30–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 105․077 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 95.7478 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.6984 տոկոս:
2025 թվականի մայիսի 19-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. մարտի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 13․089 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.9958 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.0405 տոկոս
Moody’s-ը նվազեցրել է ԱՄՆ-ի թողարկողի վարկանիշը՝ այն իջեցնելով Aaa-ից մինչև Aa1՝ հիմավորելով այս որոշումը ԱՄՆ աճող պարտքով, որն այժմ հասել է 36 տրիլիոն դոլարի, նաև աճող տոկոսային ծախսերով: Սա Moody’s-ի կողմից առաջին իջեցումն է այն բանից հետո, երբ 1919 թվականին այն ԱՄՆ-ին տվեց իր բարձրագույն վարկանիշը։ Moody’s-ը նշում է, որ ոչ Կոնգրեսը, ոչ Սպիտակ տունն իրական առաջընթաց չեն գրանցել բյուջեի դեֆիցիտը շտկելու կամ պարտքը վերահսկելու հարցում: Գործակալության կանխատեսումն ԱՄՆ-ի նկատմամբ այժմ «կայուն» է, բայց ուղերձը հետեւյալն է՝ Վաշինգտոնին ավելի լավ ծրագիր է պետք:
ԱՄՆ արտադրական գներն ապրիլին անսպասելիորեն իջել են՝ թուլացնելով գնաճի մտավախությունները: Կառավարության տվյալների համաձայն, արտադրական գների ինդեքսը (PPI) նվազել է 0,5 տոկոսով, ինչն ամենամեծ նվազումն է Covid19 համավարակից ի վեր։ Անկումը հիմնականում պայմանավորված է ծառայությունների ցածր գներով, հատկապես օդային ուղեւորությունների, հյուրանոցների և ներդրումների կառավարման ոլորտներում: Տարեկան կտրվածքով արտադրական գների ինդեքսն աճել է2,4%-ով՝ մարտի 3,4%-ի համեմատ, ինչը նշան է, որ առաջիկայում գնաճն ավելի մեղմ կլինի։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





