Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է տվյալների կենտրոնների եւ հաղորդակցման ցանցերի կառուցմամբ և սպասարկմամբ զբաղվող Vertiv Holdings ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 28.68%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 86.95 դոլարի։ Հաջորդը վարորդի օգնական համակարգերի և ինքնավար տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Mobileye Global–ն է՝ 28.63% աճով՝ հասնելով 15.14 դոլարի։ Եռյակը եզրափակում է Reddit սոցանցը, որի համահմինադիրներից է հայազգի Ալեքսիս Օհանյանը։ Ընկերության բաժնետոմսերը աճել են 25.44%–ով, մեկ բաժնետոմսի գինը կազմում է 118.10 դոլար։ 


Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Ֆինանսական ծառայությունների տեխնոլոգիաներ և վճարային լուծումներ առաջարկող Fiserv ընկերությունը, որի բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 14.43%–ով և այժմ կազմում է 177.53 դոլար։ Հաջորդը Պաշտպանական, ավիատիեզերական և անվտանգության ոլորտների առաջատար տեխնոլոգիաներ արտադրող Northrop Grumman Corporation–ն է։ Ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 10.94%–ով և հասել 473.20 դոլարի։ Եռյակը եզրափակում է AngloGold Ashanti–ն։ Ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 10.35%–ով և կազմում է 39.60 դոլար։


Ուոլ Սթրիթը շաբաթը փակել  է դրական ցուցանիշներով. S&P 500-ն աճել է 0.74%-ով, Nasdaq-ը՝ 1.26%-ով, Dow-ն՝ 0.05%-ով։ Russell 2000-ը, որը փոքր կապիտալիզացիայով ընկերությունների ինդեքսն է, գրանցել է իր լավագույն շաբաթական աճը նոյեմբերից ի վեր։ Շուկաները սկսել են աճել այն բանից հետո, երբ Չինաստանը ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքներ հանել է իր նոր՝ 125% մաքսատուրքի ենթակա ապրանքատեսակների ցանկից, նաեւ հայտնի է դարձել, որ Թրամփի վարչակազմը քննարկում է չինական ապրանքների մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունը։ Սա մի փոքր թուլացրել է ԱՄՆ-Չինաստան առևտրային հակամարտության վերաբերյալ մտահոգությունները։ Բացի դրանից՝ ներդրողների լավատեսությանը նպաստել են խոշոր ընկերությունների ներկայացրած եկամուտների մասին հաշվետվությունները։ Մինչեւ այժմ եռամսյակային հաշվետվություններ ներկայացրած՝ S&P 500–ի 179 ընկերությունների 73%-ը գերազանցել է սպասումները: Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակի եկամուտները, կանխատեսվում է, որ տարեկան կտրվածքով կաճի 9.7%-ով, ինչը գերազանցում է ապրիլի սկզբին կանխատեսված 8%-ը։


Լարվածության թուլացումը զգացվել է ոչ միայն ամերիկյան, այլեւ համաշխարհային շուկաներում։  Եվրոպական բաժնետոմսերն աճել են երկրորդ շաբաթն անընդմեջ, իսկ Ճապոնիայի Nikkei ինդեքսը ուրբաթ աճել է 1.8%-ով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ դոլարը մեկ ամսվա թուլացումից հետո կրկին ամրապնդվել է՝ աճելով է 0.07%-ով։ Ոսկու գները, որոնք մինչեւ այդ աճում էին, քանի որ ներդրողները փնտրում էին ավելի անվտանգ ակտիվներ, ընդհակառակը, շաբաթվա կտրվածքով նվազել են 1.7%-ով։ Նվազել է նաեւ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը։ Ընդհանուր առմամբ, շուկաները կայունացման նշաններ են ցույց տվել։ Այս շաբաթ ներդրողները սպասում են Apple-ի և Microsoft-ի նման խոշոր ընկերությունների եկամուտների մասին հաշվետվություններին, որոնք կարող են վճռորոշ լինել այս աճի կայունությունը որոշելու տեսանկյունից։


Վեց շաբաթվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ պարտատոմսային ֆոնդերը զուտ ներհոսք են գրանցել։ Մասնավորապես, անցած շաբաթ ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են 206 միլիոն դոլարի ներհոսք։ ԱՄՆ հիփոթեքային ֆոնդերը ներգրավել են 4.84 միլիարդ դոլար, ինչն ամենամեծ շաբաթական ներհոսքն է 2017 թվականի հոկտեմբերից ի վեր: Կարճաժամկետից մինչև միջնաժամկետ՝ ԱՄՆ կառավարության և գանձապետական պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են 1.59 միլիարդ դոլարի ներհոսք։ ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը, սակայն, շարունակել են արտահոսք ունենալ, թեև ավելի դանդաղ տեմպերով: 


Ապրիլին  ներհոսքի զգալի աճ են գրանցել լեւերիջով ETF-ները՝ բորսայում շրջանառվող ֆոնդերը, որոնք տվյալ ինդեքսի եկամուտը մի քանի անգամ գերազանցող եկամուտ են ապահովում ETF–ի սեփականատերերի համար։ Սա նույնպես ներդրողների վստահության բարձրացման հստակ ցուցիչ է։ Այս ֆոնդերն ապրիլին արդեն ներգրավել են 10.95 միլիարդ դոլար՝ գերազանցելով նախորդ 5 տարվա ամենաբարձր՝ 9.2 միլիարդ դոլար ցուցանիշը, որը գրանցվել էր նախորդ ամիս: Լեւերիջով ETF-ները դիտվում են որպես արագ շահույթ ստանալու մարտավարական գործիք արագ փոփոխվող շուկայական պայմաններում, քանի որ դրանք կարող են ապահովել զգալի կարճաժամկետ շահույթներ։


Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերը ուրբաթ կտրուկ աճել են ՝ գլխավորելով գովազդային տեխնոլոգիաների և արհեստական բանականության բաժնետոմսերի աճը: Alphabet-ի A դասի բաժնետոմսերն աճել են ավելի քան 4%-ով՝ անցնելով $166–ը։ Աճը պայմանավորված էր Alphabet-ի կողմից արհեստական բանականության գործիքների, մասնավորապես, AI Overviews գործառույթի հաջողությամբ,  որն այժմ՝ թողարկումից ընդամենը մեկ տարի անց, ունի ամսական 1.5 միլիարդ օգտատեր: Բարձր ցուցանիշները նպաստել են թվային գովազդի ոլորտի այլ տեխնոլոգիական բաժնետոմսերի, այդ թվում՝ Meta Platforms-ի, Pinterest-ի, Snap-ի և AppLovin-ի աճին:


Ուրբաթ  Tesla-ի բաժնետոմսերն աճել են 9.8%-ով, իսկ շաբաթական աճը կազմել է գրեթե 18%: Բաժնետոմսերի աճին նպաստել են մի քանի գործոններ, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության կողմից ինքնակառավարվող մեքենաների վերաբերյալ որոշ կարգավորումների մեղմացումը։ Բացի դրանից, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հաստատել է, որ մինչև հունիս Օսթինում կսկսվի լիովին ինքնավար մեքենաների վաճառքը։ Մասկն ընդգծել է, որ Tesla-ի ապագան մեծապես կախված է ինքնավար մեքենաներից և մարդակերպ ռոբոտներից, որոնք, նրա կարծիքով, ընկերությունը կդարձնեն բացառիկ արժեքավոր: Բաժնետոմսերի ուժեղացմանը նպաստել է նաեւ այն տեղեկությունը, որ Մասկը մտադիր է նվազեցնել իր մասնակցությունը Թրամփի վարչակազմի գործունեությանը։


IBM-ի բաժնետոմսերն անցած հինգշաբթի գրեթե 7%-ով անկում են ապրել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի կողմից ծախսերի կրճատման միջոցառումների պատճառով խորհրդատվական ոլորտում իր որոշ դաշնային պայմանագրեր կասեցվել են: IBM-ի խորհրդատվական բիզնեսը վերջին շրջանում հայտնվել է մարտահրավերների առջեւ, սակայն ընկերության ծրագրային ապահովման բիզնեսը շարունակում է աճել եւ բարձր շահույթի ցուցանիշներ ապահովել IBM–ի համար։ Ընկերության բաժնետոմսերն այս տարի արդեն աճել են մոտ 12%-ով։ 


Հայկական «Balchug Capital» ընկերությունը հայտարարել է «Goldman Sachs Group»-ի կողմից վերահսկվող «OOO Goldman Sachs Bank» ռուսական բանկի ձեռքբերման գործարքի կայացման մասին։  Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն ներդրումներ իրականացնող և մոտ $2 մլրդ ընդհանուր ակտիվներ ունեցող հայկական «Balchug Capital» ընկերության, այլեւ ընդհանրապես հայկական բիզնեսի համար, քանի որ Goldman Sachs Group-ը ֆինանսական ոլորտում համաշխարհային առաջատարներից է։ Գործարքի պայմաններով «Balchug»-ը ձեռք կբերի բանկն իր լիցենզիայով։ Բանկը կշարունակի իր գործունեությունն այլ անվանումով: Անցյալում ևս «Balchug»-ն իրականացրել է մի շարք խոշոր գործարքներ, այդ թվում՝ Մոսկվայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի՝ Metropolis առևտրի կենտրոնի ձեռքբերումը: Այս գործարքն ի դեպ հիշատակված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Եվրասիական տարածաշրջանի երկրներում փոխադարձ օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ վերլուծական զեկույցում որպես մեր երկրի փոխադարձ օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին նպաստած գործոն: 2022 թվականի 62 միլիոն դոլարից 2024 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ դրանք աճել են մինչև 841 միլիոն դոլար՝ աճելով ավելի քան 13,5 անգամ։ 


Ապրիլին ԱՄՆ սպառողների տրամադրությունները շարունակել են անկում ապրել՝ չորրորդ ամիսն անընդմեջ։ Միչիգանի համալսարանի՝ սպառողների տրամադրվածության ինդեքսը ապրիլին իջել է մինչև 52.2՝ մարտ ամսվա 57.0-ի համեմատ։ Այս անկումը արտացոլում է սպառողների շրջանում աճող անորոշությունը, մասնավորապես՝ առևտրային քաղաքականության և գնաճի վերաբերյալ։ 12-ամսյա գնաճի սպասումները կազմել են 6.5%, ինչը փոքր-ինչ նվազել է ամսվա սկզբի համեմատ, բայց դեռևս զգալիորեն բարձր է։ Երկարաժամկետ գնաճի սպասումները աճել են մինչև 4.4%։


Եվրոպական կենտրոնական բանկը  հրապարակել է պրոֆեսիոնալ կանխատեսողների շրջանում անցկացված իր վերջին հարցումը, որը ցույց է տալիս, որ Եվրագոտու գնաճը կարճաժամկետ հեռանկարում մի փոքր ավելի բարձր կլինի, քան նախկինում կանխատեսվել էր, բայց ի վերջո կկայունանա ԵԿԲ-ի 2% նպատակային մակարդակում։ 2025 թվականի համար կանխատեսվել է միջինը 2.2% գնաճ, ինչը մի փոքր բարձր է նախորդ 2.1% կանխատեսումից։ 2026 թվականի կանխատեսումը 2.0% է, նախորդ հարցման 1.9%-ի փոխարեն։ 


Արժույթի միջազգային հիմնադրամը  նվազեցրել է 2025 թվականի համաշխարհային աճի իր կանխատեսումները՝ արտացոլելով ԱՄՆ մաքսատուրքերի բարձրացման հետևանքները։ ԱՄՀ-ն 2025 թվականի համաշխարհային աճի իր կանխատեսումը նվազեցրել է 0.5 տոկոսային կետով՝ այն իջեցնելով մինչև 2.8%, գնաճի կանխատեսումը վերանայվել է դեպի վեր՝ 4.3% գնաճ 2025 թվականին և 3.6% 2026 թվականին։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։