Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հրապարակել է Euclid տիեզերական աստղադիտակի առաքելության՝ մինչ օրս ամենամեծ տվյալների հավաքածուն։ Այն ներառում է ավելի քան 900 մլն գալակտիկայի դիտարկումներ և հիմք կդառնա Տիեզերքի ամենածավալուն եռաչափ ատլասի ստեղծման համար։ Նախագիծը նաև կոչված է գիտնականներին օգնելու հասկանալ մութ նյութի և մութ էներգիայի բնույթը՝ երկու առեղծվածային բաղադրիչների, որոնք որոշում են տիեզերքի կառուցվածքն ու էվոլյուցիան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նոյեմբերի 12-ին հրապարակված տվյալներն ընդգրկում են շուրջ 13 ամսվա դիտարկումներ և զբաղեցնում են 1,7 պետաբայթ կամ 1,7 մլն գիգաբայթ ծավալ։ Աստղադիտակն ուսումնասիրել է երկնքի մի հատված, որի մակերեսը մոտ 9500 անգամ գերազանցում է Երկրից տեսանելի Լուսնի սկավառակի մակերեսը։
Euclid-ը տիեզերք է արձակվել 2023 թվականին՝ Ֆլորիդայի տիեզերակայանից։ Դրա գլխավոր խնդիրն է պարզել, թե ինչպես է Տիեզերքն ընդարձակվել, և ինչպես է միլիարդավոր տարիների ընթացքում ձևավորվել դրա խոշորամասշտաբ կառուցվածքը։ Մինչև 2031 թվականը առաքելության շրջանակում պետք է ստեղծվի տիեզերքի՝ պատմության մեջ ամենամեծ եռաչափ քարտեզը՝ ընդգրկելով երկնոլորտի ավելի քան մեկ երրորդը։
«Euclid-ը ոչ միայն ստանալու է երկնքում գտնվող գալակտիկաների երկչափ պատկերները, այլև չափելու է դրանց հեռավորությունը՝ երրորդ չափումը։ Դա թույլ կտա որոշել, թե 10 մլրդ տարվա ընթացքում գալակտիկաները որտեղ են գտնվել տարածության և ժամանակի մեջ»,– պարզաբանել է ESA-ում Euclid նախագծի գիտական ղեկավար Վալերիա Պետտորինոն։
Ինչպես է աստղադիտակն ուսումնասիրում Տիեզերքի անտեսանելի մասը
Առաքելության առանցքային խնդիրներից մեկը, այսպես կոչված, տիեզերական սարդոստայնի ուսումնասիրությունն է։ Գալակտիկաները տարածության մեջ պատահականորեն չեն բաշխված․ դրանք միավորվում են կուտակումների և ձգված կառուցվածքների՝ թելերի մեջ, որոնց միջև գրեթե դատարկ տարածության հսկայական շրջաններ են գտնվում։ Գիտնականներն այս ցանցն անվանում են տիեզերական սարդոստայն։
Դրա կառուցվածքն ու ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները կախված են մութ նյութի և մութ էներգիայի հատկություններից։ Պետտորինոյի խոսքով՝ այս պատկերի վերականգնումը թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչպես են բաշխված այդ բաղադրիչները և ինչ դեր են խաղում Տիեզերքի էվոլյուցիայում։
Ժամանակակից գնահատականների համաձայն՝ սովորական նյութը՝ աստղերը, մոլորակները, գազն ու փոշին, կազմում է Տիեզերքի պարունակության ընդամենը մոտ 5%-ը։ Մութ նյութին բաժին է ընկնում մոտ 27%-ը, իսկ մութ էներգիային՝ շուրջ 68%-ը։ Մութ նյութն իրեն դրսևորում է գալակտիկաների և տիեզերական այլ օբյեկտների վրա գրավիտացիոն ազդեցությամբ, մինչդեռ մութ էներգիան, ինչպես ենթադրվում է, պայմանավորում է Տիեզերքի արագացող ընդարձակումը։ Դրանցից ոչ մեկը լույս չի արձակում և չի կլանում, ուստի դրանք հնարավոր չէ անմիջականորեն դիտարկել։
Euclid-ն այս երևույթներն ուսումնասիրելու է, մասնավորապես, գրավիտացիոն ոսպնյակավորման էֆեկտի միջոցով։ Այն առաջանում է, երբ հեռավոր գալակտիկայից եկող լույսն անցնում է առաջնային պլանում գտնվող զանգվածեղ օբյեկտի կողքով և կորանում դրա ձգողության ազդեցությամբ։ Լույսի աղավաղման բնույթից և ուժգնությունից կարելի է դատել օբյեկտում նյութի քանակի, այդ թվում՝ անտեսանելի մութ նյութի առկայության մասին։
15 հազար գրավիտացիոն ոսպնյակ և 60 միլիոն քվազար
Տվյալների նոր հավաքածուում հայտնաբերվել է ուժեղ գրավիտացիոն ոսպնյակների շուրջ 15 հազար թեկնածու։ Սա գերազանցում է նախորդ 50 տարվա ընթացքում հայտնաբերված նմանատիպ օբյեկտների ընդհանուր թիվը։
«Գրավիտացիոն ոսպնյակները բնական կշեռքներ են։ Այն, թե որքան ուժեղ է կորանում լույսը, ցույց է տալիս, թե որքան նյութ է պարունակում գալակտիկան՝ ներառյալ անտեսանելի բաղադրիչները, օրինակ՝ մութ նյութը»,– նշել է Պորտսմութի համալսարանի աստղաֆիզիկայի ասպիրանտ և Euclid կոնսորցիումի անդամ Նատալի Լայնսը։
Նրա խոսքով՝ նման օբյեկտների մեծ քանակը թույլ կտա ուսումնասիրել գալակտիկաների ներսում մութ նյութի բաշխումը և ավելի լավ հասկանալ, թե ինչպես են գալակտիկաները ձևավորվում ու փոփոխվում տիեզերական պատմության ընթացքում։
Աստղադիտակը հայտնաբերել է նաև շուրջ 60 մլն քվազար՝ գալակտիկաների չափազանց պայծառ կենտրոնական շրջաններ, որոնց էներգիան կապված է գերզանգվածեղ սև խոռոչների ակտիվության հետ։ Դրանցից մի քանիսը գոյություն են ունեցել այն ժամանակ, երբ Տիեզերքի տարիքը կազմում էր ներկայիս տարիքի ընդամենը մոտ 5%-ը։ Այս օբյեկտներից եկող լույսը դեպի Երկիր իր ճանապարհն սկսել է մոտ 13 մլրդ տարի առաջ։
Euclid-ի առավելություններից մեկը երկնքի հսկայական հատվածների հստակ պատկերներ ստանալու հնարավորությունն է։ Վերգետնյա աստղադիտակները կարող են ընդգրկել մեծ տարածություններ, սակայն դիտարկումների որակը սահմանափակվում է երկրային մթնոլորտով։ Hubble և James Webb տիեզերական աստղադիտակներն ապահովում են բարձր մանրամասնությամբ պատկերներ, բայց ուսումնասիրում են տիեզերքի համեմատաբար փոքր հատվածներ։ Euclid-ը լայն տեսադաշտը համատեղում է պատկերների բարձր հստակության հետ, ինչը հատկապես կարևոր է հազվագյուտ օբյեկտների, այդ թվում՝ ուժեղ գրավիտացիոն ոսպնյակների հայտնաբերման համար։
Տվյալների ներկայիս հավաքածուն ընդգրկում է երկնքի այն ամբողջ տարածքի շուրջ 14%-ը, որը Euclid-ը պետք է ուսումնասիրի տեսանելի և մերձինֆրակարմիր տիրույթներում՝ վեցամյա առաքելության ընթացքում։ Տվյալների հրապարակման հաջորդ փուլը նախատեսված է 2027 թվականին։ Այդ ժամանակ սպասվում են նաև առաջին գիտական արդյունքները, որոնք անմիջականորեն վերաբերելու են մութ նյութի և մութ էներգիայի հատկություններին։










