Հեռուստացույցի ընտրությունը հեշտությամբ վերածվում է թակարդի: Արտադրողները խոստանում են «կինոթատրոնային» սև գույն, արհեստական բանականություն, 8K և տարածական ձայն, իսկ արդյունքում դուք վճարում եք ֆունկցիաների համար, որոնք ձեր սենյակում գրեթե չեն աշխատում: Դրանից խուսափելու համար բավական է անցնել մի քանի առանցքային կետերով և հասկանալ, թե ինչ է իրոք անհրաժեշտ հենց ձեզ:
Սկզբում որոշեք, թե ինչ հեռավորությունից եք նայելու
Մեծ անկյունագիծն ինքնին դիտումն ավելի լավը չի դարձնում: Եթե նստեք հսկայական էկրանին չափազանց մոտ, ստիպված կլինեք մշտապես շարժել աչքերն ու գլուխը: Եթե չափազանց հեռու՝ կորչում է ընկղմման զգացողությունը:
4K հեռուստացույցների համար հարմար բանաձև է. անկյունագիծը դյույմերով × 1,5 × 2,54: Ստացվում է հեռավորությունը սանտիմետրերով: Օրինակ՝ 55 դյույմանոց 4K-ն հարմարավետ է նայել մոտավորապես 2,1 մետրից: Full HD-ի համար գործակիցն ավելի լավ է վերցնել 2-ին մոտ. մանրամասնությունը (դետալիզացիան) ավելի ցածր է, ուստի մի փոքր ավելի հեռու նստելն ավելի հաճելի է:
Կարելի է և հակառակը՝ չափել հեռավորությունը բազմոցից մինչև պատը և ընտրել անկյունագիծը: Եթե մինչև էկրանը մոտ երեք մետր է, 4K-ի դեպքում տրամաբանական է նայել 75 դյույմի կողմը:
Թույլատրելիությունը (կետայնությունը). 4K-ն ողջամիտ տանդարտ է, 8K-ն դեռևս՝ ոչ
2026 թվականին 4K-ն (3840×2160) օպտիմալ ընտրություն է մեծամասնության համար: Օնլայն կինոթատրոններում նման բովանդակությունն արդեն բավարար է, իսկ լավ մոդելների ափսքեյլինգը (upscaling) բարձրացնում է նույնիսկ սովորական Full HD-ի որակը:
Full HD-ն հարմար է, եթե հեռուստացույցը դրված է խոհանոցում կամ սենյակում, որտեղ պատկերը ավելի շատ ֆոն է: HD-ն լրիվ բազային տարբերակ է: 8K-ն առայժմ գրեթե իմաստ չունի. բովանդակությունը քիչ է, իսկ հավելավճարը՝ նկատելի:
Մատրիցան. «բավարարից» մինչև «վաու»
LED-ը ամենամատչելի տարբերակն է: Սև գույնն այստեղ ամենախորը չէ, բայց եթերային ալիքների և ոչ պահանջկոտ դիտման համար դա հերիքում է: LED-ի ներսում կա տարբերություն. IPS-ը տալիս է դիտման լայն անկյուններ (հարմար է, եթե նայում եք ընկերախմբով), VA-ն՝ ավելի խորը սև, բայց գույները «լողում են» կողքից նայելիս:
Mini-LED-ը նկատելի քայլ է առաջ: Լուսադիոդներն ավելի փոքր են, մթեցման գոտիները՝ ավելի շատ, սևը՝ ավելի խորը, իսկ լուսավորվածությունները (լույսի արտահոսքերը)՝ ավելի թույլ: Սա լավ փոխզիջում է գնի և որակի միջև:
OLED՝ երբ յուրաքանչյուր փիքսել լուսավորվում է ինքնուրույն: Սևն ստացվում է իսկապես խորը, պատկերը՝ կոնտրաստային, իրանը՝ բարակ: Թերությունը մեկն է, բայց էական՝ գինը:
QLED-ը ըստ էության առաջադեմ LED է՝ քվանտային կետերով: Գլխավոր պլյուսը պայծառությունն է և աշխատանքը HDR-ի հետ: Սա «ևս մեկ OLED» չէ, այլ զարգացման առանձին ճյուղ:
Եթե համառոտ. սահմանափակ բյուջե՝ LED, ցանկանում եք լավ պատկեր առանց հավելավճարի՝ Mini-LED կամ որակյալ QLED, պատրաստ եք վճարել առավելագույնի համար՝ OLED:
Թարմացման հաճախականությունը և HDR-ը
60 Հց-ը բազային մակարդակն է: Սպորտի և խաղերի համար ավելի լավ է նայել 100–120 Հց-ից սկսվող մոդելներ. պատկերը դինամիկայում մնում է ավելի ամբողջական:
HDR-ն իսկապես ավելացնում է խորություն և դետալներ լուսավոր ու մութ հատվածներում, բայց միայն եթե հեռուստացույցը բավականաչափ պայծառ է: Մոտ 200 նիտ պայծառությամբ վահանակների (պանելների) վրա էֆեկտը գրեթե աննկատ է: Իմաստ ունի ուշադրություն դարձնել HDR-ին, երբ պայծառությունն սկսվում է մոտավորապես 350 նիտից և ավելի բարձր:
Արհեստական բանականությունը՝ այլևս պարզապես մարկետինգ չէ
Թոփ մոդելներում նեյրոնային ցանցերը վերլուծում են տեսարանը և հարմարեցնում մշակումը. որոշ տեղերում պահպանում են մութ մթնոլորտը, որոշ տեղերում ուժեղացնում են մայրամուտի գույները, որոշ տեղերում ֆուտբոլի ժամանակ դաշտն ավելի կանաչ են դարձնում: Լավ ԱԲ-ն կարողանում է նաև ափսքեյլ անել. HD բովանդակությունը 4K էկրանին նկատելիորեն ավելի վայելուչ է տեսք ունենում: Սա այն ֆունկցիաներից մեկն է, որն իրոք առաջադիմում է և օգուտ է բերում:
Ձայնը և «խելացի» ֆունկցիաները
Ժամանակակից հեռուստացույցները պատրաստում են բարակ, ուստի ներկառուցված ակուստիկան գրեթե միշտ փոխզիջում է: «Տարածական ձայնի» աջակցությամբ երկու բարձրախոսները հնչում են համեստ: Եթե ձայնը կարևոր է՝ անմիջապես պլանավորեք սաունդբար:
Գրեթե բոլոր արդիական մոդելները Smart TV են: Տարբերությունը համակարգի մեջ է.
Google TV / Android TV՝ ամենաբաց համակարգերն են. կարելի է հավելվածներ տեղադրել խանութից և նույնիսկ ֆլեշկայից: Սեփական թաղանթները (Tizen, webOS, Vidaa) սովորաբար լավ օպտիմալացված են, բայց պակաս ճկուն են: Ռուսական հարթակները հարմար են տեղական ծառայությունների և ձայնային օգնականների աջակցությամբ, բայց գրեթե առանց ադապտացման (կաստոմիզացիայի) հնարավորության: Այլ հավասար պայմաններում Google TV / Android TV-ն տալիս են ավելի շատ ազատություն:
Միացնիչներ (պորտեր), որոնց մասին հաճախ մոռանում են
VRR և ALLM աջակցությամբ HDMI 2.1-ը պետք կգա, եթե միացնում եք ժամանակակից խաղային կցորդներ (պրիստավկաներ): Սովորական 4K-ի համար բավարար է HDMI 2.0-ն: Առնվազն մեկ USB 3.0-ն հարմար է ֆլեշկաների համար: Լարային LAN-ն ավելի կայուն է, քան Wi-Fi-ը, իսկ օպտիկական ելքը պետք է, եթե պլանավորում եք արտաքին ակուստիկա:
Ինչ վերցնել տարբեր սենյակների համար
Հյուրասենյակ: Այստեղ իմաստ ունի ներդրում անել՝ OLED կամ լավ Mini-LED, 55–75 դյույմ (մեծ սենյակներում՝ մինչև 85), պայծառությունը 350 նիտից սկսած, Google TV: Սա այն տեղն է, որտեղ պատկերի որակն իրոք նկատելի է:
Ննջասենյակ: Բավարար է 4K-ն Mini-LED-ի կամ որակյալ LED-ի վրա: 50–65 դյույմը սովորաբար հերիքում է: Գլխավորը՝ հարմարավետ հեռավորությունը և նորմալ պայծառությունն են:
Խոհանոց: Հեռուստացույցն ավելի հաճախ աշխատում է որպես ֆոն: Ոչ թանկարժեք LED-ը Full HD-ով՝ 32–43 դյույմ անկյունագծով, ողջամիտ և բավարար ընտրություն է:
Կարճ ասած
Մի վազեք առավելագույն թույլատրելիության (կետայնության) և ամենաբարձր մարկետինգային խոստումների հետևից: Սկզբում հաշվարկեք հարմար անկյունագիծը ըստ հեռավորության, ընտրեք մատրիցան ըստ բյուջեի և առաջադրանքների, ստուգեք պայծառությունը HDR-ի համար և թարմացման հաճախականությունը, եթե սպորտ եք նայում կամ խաղում եք: ԱԲ-ն և լավ ՕՀ-ն ավելացնում են հարմարավետություն, իսկ թույլ ներկառուցված ձայնն ավելի լավ է գրեթե միշտ լրացնել սաունդբարով: Ճիշտ հեռուստացույցը ամենաթանկը չէ, այլ այն, որը համապատասխանում է նրան, թե ինչպես և որտեղ եք դուք իրոք այն նայելու:






