ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են խառը դինամիկայով։ S&P 500 և Nasdaq ինդեքսները շաբաթվա կտրվածքով նվազել են մոտ 0.4%-ով, մինչդեռ Dow Jones-ը գրեթե անփոփոխ է մնացել։ Շուկաների վրա մեծ ազդեցություն է գործել ԱՄՆ-ի կողմից հնարավոր մաքսատուրքերի շուրջ առաջացած անորոշությունը, թեև շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը որոշ չափով կայունացել է Թրամփի կողմից եվրոպական գործընկերների նկատմամբ սպառնալիքների մեղմացումից հետո։
Եվրոպական բաժնետոմսերը հինգշաբթի օրը գրանցեցին գրեթե երկու ամսվա ընթացքում ամենամեծ մեկօրյա աճն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ հայտարարեց տարածաշրջանի երկրների նկատմամբ մաքսատուրքերի կիրառման սպառնալիքները և բացառեց Գրենլանդիայի գրավման համար ուժի կիրառումը։ Համաեվրոպական STOXX 600 ինդեքսն աճել է 1%-ով՝ հասնելով 608.86 կետի։
Եվրոպական բաժնետոմսերը շաբաթվա վերջում աճել են, իսկ պաշտպանական ոլորտի բաժնետոմսերընվազել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման մասին հայտարարությունից հետո։ Մասնավորապես, ավստրիական Raiffeisen բանկի բաժնետոմսերն աճել են 6%-ով, Wizz Air ավիաընկերությանը՝ 9%-ով, իսկ ուկրաինական հանքարդյունաբերական Ferrexpo ընկերության բաժնետոմսերը թռիչք են գրանցել՝ 19% աճով։
Հունվարի 21-ին ավարտված շաբաթվա ընթացքում համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերում ներհոսքը զգալիորեն նվազել է՝ կազմելով 9.2 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ պարտատոմսային ֆոնդերը ներգրավել են 12.5 մլրդ դոլար, իսկ դրամական շուկայի ֆոնդերից արձանագրվել է 35 մլրդ դոլարի արտահոսք։
Intel-ի բաժնետոմսերը շաբաթն ավարտել են կտրուկ անկումով՝ նվազելով 14%-ով։ Ներդրողների հիասթափության հիմնական պատճառը տվյալների կենտրոնների համար նախատեսված չիպերի մատակարարման սահմանափակումներն էին, որոնց պատճառով ընկերությունը չի կարողացել բավարարել արհեստական բանականությամբ պայմանավորված բարձր պահանջարկը։ Բացի այդ, Intel-ի եռամսյակային շահույթի և եկամուտների կանխատեսումները ցածր են եղել շուկայի սպասումներից։
ԱԲ տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող գերմանական SAP ընկերության բաժնետոմսերը հունվարի 21-ին շարունակել են ամիսներ շարունակ տևած անկումը՝ հասնելով 2024 թվականի օգոստոսից ի վեր նվազագույն մակարդակին և նախորդ տարվա ռեկորդային բարձր շուկայական արժեքը նվազել է 130 միլիարդ դոլարով։ Նշված անկումը եվրոպական և ԱՄՆ ծրագրային ապահովման ոլորտում շուկայի լայնածավալ վաճառքերի մաս է կազմում, որը կապված է արհեստական բանականության դաշտում հնարավոր խաթարումների շուրջ մտավախությունների հետ։
Լյուքս դասի հագուստ արտադրող Moncler ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի նվազել են ավելի քան 1%-ով այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռեմո Ռուֆինիին այդ պաշտոնում փոխարինելու է Bottega Veneta-ի գլխավոր գործադիր տնօրեն Լեո Ռոնգոնեն, իսկ ավագ գործադիր տնօրեն Ռոբերտո Էգսը հրաժարական ներկայացրեց։
Ոսկու գինը ռեկորդային՝ 2.2% աճ է գրանցել՝ հատելով մեկ ունցիայի դիմաց 5100 դոլարի սահմանը, քանի որ կենտրոնական բանկերը և ներդրողները աշխարհաքաղաքական ռիսկերի և Թրամփի ստեղծած շուկայական անորոշության պայմաններում ապահով ակտիվներ են փնտրել: Արծաթի գինը նույնպես ռեկորդային՝ 5.8% աճ է գրանցել՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց ավելի քան 110 դոլարի:
Պատահական չէ, որ նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցած ընկերությունները բոլորն էլ ոսկու և արծաթի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններ են: Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող IAMGOLD Corporation–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 22.02%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $20.95)։ Հաջորդը արծաթի և թանկարժեք մետաղների արդյունահանմամբ զբաղվող Hecla Mining Company–ն է՝ 19.86% աճով ($31.81)։ Եռյակը եզրափակում է արծաթի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող First Majestic Silver Corp.–ը՝ 18.33% աճով ($25.44)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է անօդաչու թռչող սարքերի և պաշտպանական տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող AeroVironment, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 21.66%–ով ($307.75)։ Հաջորդը առցանց խաղային հարթակների և վիրտուալ աշխարհների ստեղծմամբ զբաղվող Roblox Corporation–ն է՝ 15.08% անկումով ($74.12)։ Եռյակը եզրափակում է թվային ֆինանսական ծառայությունների և վարկավորման տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Figure Technology Solutions, Inc.–ը՝ 15.02% անկումով ($62.81)։
Հունվարին ԱՄՆ-ում սպառողական տրամադրությունը ընդհանուր առմամբ բարելավվել է, թեև բարձր գների և աշխատաշուկայի վերաբերյալ մտահոգություններն դեռ պահպանվում են։ Consumer Sentiment Index-ը բարձրացել է 56.4-ի՝ նանխատեսված 54.0-ի փոխարեն։ Միաժամանակ սպառողների սպասումները հաջորդ տարվա ինֆլյացիայի վերաբերյալ նվազել են 4.0%-ով՝ հասնելով 2025 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակին, իսկ հինգ տարվա հեռանկարով սպասելիքները նվազել են 3.3%-ով։
Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է 2026 թվականի համար գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը 3.3%-ի, ինչը 0.2 տոկոսային կետով բարձր է նախորդ հոկտեմբերի կանխատեսման համեմատ։ ԱՄՀ-ն ընդգծել է, որ տնտեսական աճին նպաստում են ԱՄՆ մաքսատուրքերի մեղմացումը և արհեստական բանականության ոլորտում շարունակվող ներդրումային բումը, որը խթանում է արտադրողականությունը և ակտիվների արժեքը։ ԱՄՆ-ի համար 2026-ի աճը գնահատվել է 2.4%, Չինաստանինը՝ 4.5% աճիսկ Եվրագոտու տնտեսական աճը կանխատեսվել է 1.3%։ 2026-ին կանխատեսվում է համաշխարհային ինֆլյացիայի 3.8%-ով կրճատում։
2026 թվականի հունվարի 26-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. նոյեմբերի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 19.7 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.8 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.1 տոկոս:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





