ԱՄՆ ֆոնդային շուկան տոնական, կարճ շաբաթն ավարտել է գրեթե ռեկորդային բարձր մակարդակներին մոտ։ Ուրբաթ օրը հիմնական ինդեքսները փոքր-ինչ նվազել են, ինչը պայմանավորված էր հետսուրբծննդյան ցածր ակտիվությամբ։ Սակայն Սուրբ Ծննդին նախորդած աճի շնորհիվ շաբաթվա կտրվածքով բոլոր երեք հիմնական ինդեքսները՝ S&P 500-ը, Nasdaq–ը եւ Dow Jones–ը աճել են ավելի քան 1 տոկոսով։


S&P 500 ինդեքսը դեկտեմբերի 24-ին մեկօրյա աճի նոր ռեկորդ է սահմանել, քանի որ ներդրողները վերադարձել են արհեստական բանականության և տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերին, նաև մեծացրել են սպասումները, որ Դաշնային պահուստային համակարգը հաջորդ տարի կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչին նպաստել են ինֆլյացիայի և աշխատաշուկայի ավելի լավ տվյալները։ S&P 500 ինդեքսն աճել է 0.2%-ով՝ հասնելով 6,920.88 կետի, փոքր-ինչ գերազանցելով իր նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր հոկտեմբերի վերջին։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ բոլոր երեք հիմնական ինդեքսները 2025 թվականը կավարտեն երկնիշ աճով, իսկ առաջատարը կլինի տեխնոլոգիական բաժնետոմերով «հարուստ» Nasdaq-ը։ Տարեսկզբից մինչեւ այժմ S&P 500-ն աճել է ավելի քան 17%-ով, Nasdaq-ը՝ ավելի քան 21%-ով, իսկ Dow Jones-ը՝ ավելի քան 13%-ով։


Դեկտեմբերի 24–ին եվրոպական բաժնետոմսերը տոնական կարճ շաբաթը նույնպես ավարտել են գրեթե ռեկորդային բարձր ցուցանիշներով և այժմ ընթանում են 2021-ից ի վեր ամենաբարձր տարեկան արդյունքների ուղղությամբ։ Սա պայմանավորված է վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցումներով եւ Գերմանիայի բյուջետային ծախսերի աճով։


Ոսկին և արծաթն անցած շաբաթ կրկին կտրուկ աճ են գրանցել։ Արծաթը նույնիսկ կարճ ժամանակով գերազանցել է $80-ը մեկ ունցիայի դիմաց, իսկ ոսկին մոտեցել է ռեկորդային մակարդակների։ Դեկտեմբերի 29-ին, սակայն, արծաթի գինը նվազել է մոտ 4.8%-ով, ոսկու գինը՝ 1.4%-ով։


Դեկտեմբերի 23-ին Novo Nordisk ընկերության բաժնետոմսերը բարձրացել են 10%-ով այն բանից հետո, երբ ԱՄՆ Սննդի և Դեղորայքի Ադմինիստրացիան հաստատել է ընկերության քաշի կորստի Wegovy դեղամիջոցը՝ դանիական դեղագործական հսկային տալով մրցակցային առավելություն Eli Lilly ընկերության նկատմամբ։


Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է բիոտեխնոլոգիական հետազոտություններով և դեղերի մշակմամբ զբաղվող ABIVAX Société Anonyme–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 23.81%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $142.31)։ Հաջորդը թանկարժեք մետաղների արդյունահանմամբ զբաղվող Sibanye Stillwater Limited–ն է՝ 9.64% աճով ($15.70)։ Եռյակը եզրափակում է հեղուկ բնական գազի նախագծերի զարգացման և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում գործող Venture Global, Inc.–ը՝ 9.45% աճով ($6.95)։


Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է կրիպտոարժույթների մայնինգի և տվյալների կենտրոնների ենթակառուցվածքներ տրամադրող Bitmine Immersion Technologies, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 9.73%–ով ($28.31)։ Հաջորդը ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Brown-Forman Corporation–ն է՝ 8.11% անկումով ($26.19)։ Եռյակը եզրափակում է ամպային հաշվարկների և արհեստական բանականության համար ենթակառուցվածքներ տրամադրող CoreWeave, Inc.–ը՝ 7.93% անկումով ($76.42)։


ԱՄՆ տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է տարեկան կտրվածքով 4.3%-ով՝ գրանցելով վերջին երկու տարիների ամենшարագ աճի տեմպը։ Աճի հիմնական գործոններն էին սպառողական ծախսերի աճը և արտահանման ծավալների վերականգնումը, ինչպես նաև ձեռնարկությունների շարունակվող ներդրումները սարքավորումներում և արհեստական բանականության ոլորտում։ Կառավարության ծախսերը, հատկապես պաշտպանության ոլորտում, նույնպես աջակցել են աճին։


Անհատ ներդրողները 2025 թվականին ԱՄՆ բաժնետոմսերում ներդրել են ռեկորդային չափով։ Անհատների ներդրումները զգալիորեն բարձրացել են նախորդ տարվա համեմատ և գերազանցել են 2021 թվականի առևտրային բումի ծավալները։ Անհատների առևտուրը կազմել է շուկայում ընդհանուր ակտիվության մոտ 20%–25%-ը։ Ամենապահանջված բաժնետոմսերը Nvidia–ի, Tesla–ի և Palantir–ի բաժնետոմսերն էին, շատ ներդրողներ էլ օգտվել են ETF–ներից։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ անհատական ներդրողների ազդեցությունը կմնա նշանակալի 2026 թվականին, հատկապես եթե շարունակվեն վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատումները։


ԱՄՆ սպառողների վստահությունը նվազել է դեկտեմբերին՝ արտացոլելով աշխատատեղերի և եկամուտների վերաբերյալ աճող մտահոգությունները։ Conference Board-ի՝ սպառողների վստահության ինդեքսը նվազել է 3.8 միավորով՝ հասնելով 89.1-ի, ինչը ցածր է կանխատեսված 91.0-ի համեմատ։ Սպառողները որպես հիմնական գործոններ նշել են գնաճը, բարձր մաքսատուրքերը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հարցերը։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։