Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է օտար լեզուներ սովորեցնող Duolingo ամերիկյան հարթակը, որի բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 27.39%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 486.42 դոլարի։ Հաջորդը Tenet Healthcare Corporation–ն է: Առողջապահական ծառայություններ մատուցող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 21.38%–ով՝ հասնելով 148.03 դոլարի։ Եռյակը եզրափակում է ջեռուցման և հովացման լուծումներ առաջարկող Carrier Global Corporation-ը՝ 19.10% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 71.53 դոլար։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Block ընկերությունը։ Ֆինթեք ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 19.90%–ով և այժմ կազմում է 46.53 դոլար։ Հաջորդը Lineage–ն է։ Պահեստավորման և լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 18.99%–ով և հասել 45.28 դոլարի։ Եռյակը եզրափակում է Becton, Dickinson and Company–ն։ Բժշկական սարքավորումներ և գործիքներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 17.70%–ով և կազմում է 168.78 դոլար։


Ուոլ Սթրիթն անցած շաբաթը փակել է աճով, ինչը պայմանավորված է աշխատատեղերի մասին՝ սպասվածից ավելի լավ զեկույցով և Չինաստանի հետ առեւտրային լարվածության թուլացման նոր սպասումներով: Շաբաթվա կտրվածքով՝ S&P 500-ն աճել է 2.9%-ով, Dow Jones-ը՝ 3%-ով, իսկ Nasdaq-ը՝ 3.43%-ով։ Ուրբաթ օրը երեք ինդեքսներն էլ աճ են գրանցել իններորդ օրն անընդմեջ։ 


Անցյալ շաբաթ Ուոլ Սթրիթի աճին էապես նպաստել են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների լավ ցուցանիշները։ Հատկապես աչքի են ընկել Microsoft-ը և Meta-ն, որոնց եռամսյակային եկամուտների հաշվետվությունները վստահություն են ներշնչել ներդրողներին՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումների եկամտաբերության վերաբերյալ։ Հաշվետվության հրապարակումից հետո Microsoft-ի բաժնետոմսերն աճել են 7.6 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Azure ամպային բիզնեսի վերաբերյալ լավատեսական կանխատեսումներով։ Meta-ն 4.2 տոկոս աճ է գրանցել, ինչը պայմանավորված էր սպասվածից ավելի բարձր գովազդային եկամուտներով։


Ամերիկյան շուկաներին այս շաբաթ նոր փորձություն է սպասվում Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերի ֆոնին։  ԱՄՆ նախագահն անցած շաբաթվա վերջին հայտարարեց ԱՄՆ-ից դուրս արտադրված ֆիլմերի վրա 100 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին։ Արդեն երկուշաբթի ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները կտրուկ անկում ապրեցին։ Վաղ առևտրի ժամանակ Netflix-ն անկում ապրեց 4.7 տոկոսով, Amazon-ը՝ 1.5 տոկոսով, իսկ Disney-ը և Warner Bros. Discovery-ն կորցրեցին ավելի քան 2 տոկոս: 


Չնայած շուկայի անցած շաբաթվա աճին՝ ներդրողների զգուշավորությունը մնում է բարձր: ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը արտահոսք են գրանցել արդեն երրորդ շաբաթն անընդմեջ։ Ներդրողներն ապրիլի 30-ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերից դուրս են բերել 15.56 միլիարդ դոլար, ինչը դեկտեմբերից ի վեր ամենամեծ շաբաթական արտահոսքն է։ Պարտատոմսերի ֆոնդերը մի փոքր ավելի լավ ցուցանիշներ են ունեցել՝ գրանցելով  չափավոր ներհոսք երկրորդ շաբաթն անընդմեջ։


Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ հեռանում է Berkshire Hathaway-ի գործադիր տնօրենի պաշտոնից, որը նա ղեկավարել է գրեթե 60 տարի։ 94-ամյա Բաֆեթը, որն ԱՄՆ ամենահաջողակ ներդրողն է եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, կմնա որպես ընկերության նախագահ, բայց գործադիր տնօրենի պաշտոնը կփոխանցի Գրեգ Աբելին։ Ներդրողներն արագ են արձագանքել այս նորությանը, Berkshire Hathaway-ի բաժնետոմսերը երկուշաբթի վաղ առևտրի ժամանակ նվազեցին 2 տոկոսով։


Apple-ի բաժնետոմսերն անցած ուրբաթ  5 տոկոս անկում են ապրել։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ իր բաժնետոմսերի հետգնման ծրագիրը կրճատելու է 10 միլիարդ դոլարով, եւ որ Apple-ն այժմ 900 միլիոն դոլարի լրացուցիչ ծախսերի է բախվում՝ ԱՄՆ-Չինաստան շարունակվող առևտրային պատերազմի պատճառով։ 


Amazon-ի բաժնետոմսերը նույնպես մինչև 5%-ով անկում են ապրել առաջին եռամսյակում ընկերության ամպային ծառայությունների բիզնեսի եկամուտների հիասթափեցնող ցուցանիշներից հետո: Ընկերության Amazon Web Services (AWS) ստորաբաժանումը եռամսյակային եկամուտների 16.9% աճ է գրանցել, ինչն ավելի ցածր է 17.4% աճի կանխատեսումից: Սա AWS-ի աճի ամենադանդաղ տեմպն է վերջին հինգ եռամսյակների ընթացքում։


Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, ուրբաթ օրը գրանցել է բաժնետոմսերի 3 տոկոս աճ։ Ընկերության գովազդային եկամուտները առաջին եռամսյակում աճել են 8.5 տոկոսով՝ գերազանցելով կանխատեսումները։ Սա փոքր ինչ մեղմացրել է ներդրողների մտահոգությունները թվային գովազդի և արհեստական բանականության ծախսերի արդյունավետության առնչությամբ։ 


2025 թվականի ապրիլի 29-ին կայացել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման 5 հրապարակային աճուրդ։ Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 221,488 մլրդ դրամ։ 

2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. մայիսի 4–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 17․677 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4157 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.1389 տոկոս:


Նոր աշխատատեղերի տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ–ում աշխատաշուկան մնում է կայունչնայած աճող տնտեսական անորոշությանը։ Ապրիլին ամերիկացի գործատուները ավելացրել են 177,000 նոր աշխատատեղ՝ ավելին, քան սպասվում էր, իսկ գործազրկության մակարդակը մնացել է 4.2%–ի սահմանում: Աշխատավարձերը նույնպես աճել են 3.8%-ով։  Սա Դաշնային պահուստային համակարգին ժամանակ է տալիս։ Մինչեւ հիմա շուկաները սպասում էին, որ վերաֆինասնավորման տոկոսադրույքի առաջիկա կրճատումը կլինի հունիսին, բայց աշխատատեղերի մասին ուժեղ զեկույցից հետո ներդրողների մեծ մասի կարծիքով՝ դա տեղի կունենա հուլիսին: 


ԱՄՆ արտադրական ոլորտը ապրիլին կրճատվել է երկրորդ ամիսն անընդմեջ։ Սա բացատրվում է նրանով, որ նոր մաքսատուրքերն ավելացրել են ծախսերը և խաթարել մատակարարման շղթաները։ Մատակարարման կառավարման ինստիտուտի վերջին տվյալները ցույց են տալիս, որ արտադրական ինդեքսը նվազել է մինչև 48.7, այն դեպքում, որ 50-ից ցածր ցանկացած թիվ վկայում է կրճատման մասին։ Սա նշանակում է, որ ԱՄՆ գործարանները, որոնք կազմում են տնտեսության մոտ 10%-ը, դժվարանում են պահպանել աճի տեմպը։ Սակայն նոր պատվերները մի փոքր բարելավվել են մարտ ամսվա համեմատ, ինչը ցույց է տալիս, որ որոշակի պահանջարկ դեռևս կա։ 


ԱՄՆ-ում վերջին  երեք տարվա ընթացքում առաջին անգամ տնտեսական անկում է գրանցվել։ Առևտրի նախարարության տվյալով՝ երկրի ՀՆԱ–ն այս տարվա առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 0.3%-ով։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բիզնեսները շտապել են ներմուծել ապրանքներ՝ նախքան նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը: Տնտեսագետները կարծում են, որ տնտեսությունը կարող է փոքր-ինչ վերականգնվել հաջորդ եռամսյակում, բայց շատերը զգուշացնում են, որ շարունակվող առևտրային լարվածությունը կարող է հանգեցնել ստագֆլյացիայի՝ տնտեսության դանդաղ աճի և գների բարձրացման։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։