Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է արժեթղթերի և կրիպտոարժույթների առքուվաճառքով զբաղվող Webull Corporation ամերիկյան հարթակը, որի բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 119.05%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 26.33 դոլարի։ Հաջորդը Summit Therapeutics–ն է: Դեղերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 22.13%–ով՝ հասնելով 24.61 դոլարի։ Եռյակը եզրափակում է հայ հիմնադիրներ ունեցող, բիզնեսների համար հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ծառայություններ մատուցող Service Titan-ը՝ 20.27% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 119.89 դոլար։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է UnitedHealth Group Incorporated ընկերությունը։ Բժշկական ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 23.60%–ով և այժմ կազմում է 454.11 դոլար։ Հաջորդը Global Payments–ն է։ Վճարային ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 16.55%–ով և հասել 69.46 դոլարի։ Եռյակը եզրափակում է AppLovin Corporation–ը։ Հավելվածներին գովազդային ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 9.71%–ով և կազմում է 238.22 դոլար։
Անցյալ շաբաթ ամերիկյան շուկան խառը արդյունքներով է փակվել, քանի որ ներդրողները ստիպված էին արձագանքել ինչպես լավ, այնպես էլ վատ նորություններին: Ֆոնդային բորսաների վերջին աշխատանքային օրը հինգշաբթին էր. ավագ ուրբաթն ԱՄՆ ֆինանսական շուկայի համար ոչ աշխատանքային է։ Հինգշաբթի S&P 500-ը մի փոքր աճել է՝ 0,13%-ով։ Nasdaq-ը նույն չափով նվազել է (0,13%), իսկ Dow Jones-ն ավելի կտրուկ անկում է ունեցել՝ 1,33%։ Dow Jones -ի այսպիսի անկումը հիմնականում պայմանավորված էր բորսայի կարեւորագույն ընկերություններից մեկի՝ UnitedHealth առողջապահական ընկերության բաժնետոմսերի միանգամից 22% անկումով։ Ընկերությունը հայտարարել էր, որ այս տարի ավելի բարձր բժշկական ծախսեր է ակնկալում: Այս լուրը նվազեցրել է առողջության ապահովագրությամբ զբաղվող այլ խոշոր ընկերությունների բաժնետոմսերը, ինչպիսիք են Humana-ն և CVS-ը: Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը նվազել է 1,5%-ով, Nasdaq-ը կորցրել է 2,6%, իսկ Dow Jones-ը՝ 2,7%-ով:
Nvidia-ի բաժնետոմսերը մեծ հարված են ստացել արտահանման նոր սահմանափակումների պատճառով։ Թրամփի վարչակազմն ընկերությանն արգելել է Չինաստանին վաճառել իր մասնագիտացված ԱԲ չիպերը, ինչպիսին H20-ն է: Այս որոշումից հետո երկու օրվա ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերը գրեթե 10%-ով անկում են ապրել, ընկերության շուկայական արժեքը նվազել է 266 միլիարդ դոլարով՝ հասնելով 2,47 տրիլիոն դոլարի:
Տեխնոլոգիական խոշորագույն ընկերությունների՝ այսպես կոչված Big Tech-ի կյանքը էապես բարդացրել են նախագահ Թրամփի նոր մաքսատուրքերը։ Սա հատկապես ակնհայտ է Nvidia-ի և Apple-ի բաժնետոմսերի դեպքում։ Այս ամսվա սկզբից Apple-ը, որի iPhone-ների մոտ 90%-ը արտադրվում է Չինաստանում, շուկայական արժեքից գրեթե 773 միլիարդ դոլար է կորցրել։ Apple-ի բաժնետոմերն այս շաբաթ ավելի քան 2%-ով վերականգնվեցին միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ մաքսային ծառայությունը հայտարարեց սպառողական էլեկտրոնիկայի մեծ մասի համար բացառություն անելու մասին։
Netflix-ն անորոշ ժամանակներում զարմանալի դիմացկունություն է դրսեւորում։ Սթրիմինգային ընկերությունը հիանալի առաջին եռամսյակ է ունեցել՝ ստանալով 10,54 միլիարդ դոլար եկամուտ, ինչը սպասվածից ավելի էր։ Շահույթի մարժաները նույնպես աճել են՝ ցույց տալով, որ ընկերությունն ավելի արդյունավետ է աշխատում: Ըստ տնտեսագետների, Netflix-ի լավ արդյունքները պայմանավորված են նրանով, որ դժվարին ժամանակներում մարդիկ հաճախ կրճատում են թանկարժեք զբոսանքները, բայց պահպանում են ավելի էժան ժամանցը, օրինակ տնային կինոդիտումները։ Իսկ Netflix-ի բաժանորդագրությունն ավելի քիչ արժե, քան կինոյի տոմսերի մեծ մասը։
Նիհարեցնող Ozempic և Wegovy դեղամիջոցներ արտադրող Novo Nordisk-ի բաժնետոմսերն անցած շաբաթ կտրուկ անկում են ապրել, այն բանից հետո, երբ մրցակից Eli Lilly–ն հայտարարել է քաշի կորստի իր նոր դեղամիջոցի ուժեղ արդյունքների մասին: Ըստ ընկերության, փորձարկումները ցույց են տվել, որ խմելու հաբերի արդյունավետությունը նույնքան մեծ է, որքան շուկայում առկա ներարկային դեղամիջոցներինը: Այս լուրերի ֆոնին Eli Lilly-ի բաժնետոմսերն աճել են 14%-ով, մինչդեռ Novo Nordisk-ի բաժնետոմսերը հինգշաբթի նվազել են 7%-ով:
2025 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. Փետրվարի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 15.083 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.9274 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.1380 տոկոս:
Եվրոպական կենտրոնական բանկը կրկին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հիմնական տոկոսադրույքը հասցնելով 2,5%-ից մինչև 2,25%–ի։ Սա արդեն յոթերորդ նվազեցումն է մեկ տարվա ընթացքում։ Այս կերպ Եվրոպան փորձում է դիմագրավել տնտեսության դանդաղ աճին և առևտրային լարվածությանը։ ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը հարվածում են բիզնեսի վստահությանը, արտահանմանը և, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնեն ներդրումներն ու սպառողական ծախսերն ամբողջ Եվրոպայում:
Անցյալ շաբաթ ընդամենը 215,000 ամերիկացի է դիմել գործազրկության նպաստի համար, ինչը սպասվածից ավելի լավ ցուցանիշ է, եւ ամենացածր թիվը 2 ամսվա ընթացքում։ Սա նշանակում է, որ ամերիկյան աշխատաշուկան առայժմ ամուր է, եւ ձեռնարկությունները դեռևս չեն կրճատում իրենց աշխատողներին: Շատերն էլ, ըստ մասնագետների, աշխատատեղերի փոխարեն նախընտրում են կրճատել աշխատանքային ժամերը: Միաժամանակ, տնտեսագետները մտավախություն են հայտնում, որ փոքր բիզնեսները, որոնք ստեղծում են ԱՄՆ աշխատատեղերի մեծ մասը, խոցելի կդառնան, եթե առևտրային լարվածությունը ավելի երկարի։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





