Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է դեղագործական Summit Therapeutics ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 33.87%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 23.24 դոլարի։ Հաջորդը Harmony Gold Mining Company–ն է: Ոսկու արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 32.00%–ով՝ հասնելով 17.16 դոլարի։ Եռյակը եզրափակում է հանքարդյունաբերությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ AngloGold Ashanti-ն՝ 27.54% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 42.79 դոլար:

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Rocket Companies ընկերությունը։ Ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 22.73%–ով և այժմ կազմում է 11.90 դոլար։ Հաջորդը PDD Holdings–ն է։ Ընկերությունների խմբի, որոնցից մեկն է չինական Pinduoduo առցանց առևտրի հարթակը, բաժնետոմսերի գինը նվազել է 13.16%–ով և հասել 90.50 դոլարի։ Եռյակը եզրափակում է Full Truck Alliance–ը։ Առաքման և լոգիստիկ ծառայություններ մատուցող չինական ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 13.12%–ով և կազմում է 9.67 դոլար։


Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ցնցող որոշումը կայացրեց՝ ժամանակավորապես չեղարկելով նոր մաքսատուրքերի մեծ մասը՝ մաքսատուրքեր, որոնք սահմանվել էին նախօրեին։ Այս անսպասելի շրջադարձը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ համաշխարհային շուկաները խուճապով արձագանքեցին Թրամփի մաքսատուրքերին։ Ընդամենը չորս օրվա ընթացքում ԱՄՆ ֆոնդային շուկայի կապիտալիզացիան մոտ 6 տրիլիոն դոլարով նվազեց ց, ինչն ամենամեծ անկումն էր 1950-ականներից ի վեր: Թրամփը, սակայն, բոլոր մաքսատուրքերը չի չեղարկել։ Գրեթե բոլոր ներմուծումների 10% ընդհանուր մաքսատուրքը մնում է ուժի մեջ, իսկ չինական ապրանքների մաքսատուրքերը իրականում բարձրացվել են՝ 104%-ից մինչև 145%, ինչը ցույց է տալիս, որ Թրամփի մաքսատուրքերի քաղաքականության թիրախում Չինաստանն է։


Մաքսատուրքերը չեղարկելու որոշումից հետո չորեքշաբթի օրը ֆոնդային ինդեքսները ռեկորդային աճ են գրանցել․ S&P 500–ը գրանցել է 2-րդ ամենամեծ, իսկ Nasdaq-ը՝ ամենամեծ մեկօրյա աճը 2008թ.-ից հետո։ Dow Jones-ը մեկ օրում աճել է 7.87%-ով, S&P 500-ը՝ 9.52%-ով, Nasdaq-ը՝ 12.16%-ով։ Հաջորդ նստաշրջանին սակայն ֆոնդային ինդեքսները դարձյալ նվազել են՝ պայմանավորված ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունների վերաբերյալ ոչ լավատեսական սպասումներով․ Dow Jones-ը նվազել է 2.5%-ով, S&P 500-ը՝ 3.46%-ով, Nasdaq-ը՝ 4.31%-ով։ Շաբաթվա վերջում ֆոնդային ինդեքսները կրկին վերականգնվել են․ Dow Jones-ը բարձրացել է 1,56%-ով, S&P 500-ը՝ 1,81%-ով, Nasdaq-ը՝ 2,06%-ով։ Թրամփի մաքսատուրքերի քաղաքականության պատճառով տուրբուլենտության գոտում հայտնված շուկաներին օգնել են հանդարտվել նաեւ Դաշնային պահուստային համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանությունները, որոնք վստահեցրել են, որ ԱՄՆ–ում ստագֆլյացիայի վտանգ չկա, եւ որ անհրաժեշտության դեպքում Դաշնային պահուստային համակարգը կգա ֆինանսական համակարգին օգնության։ Ներդրողներին լավատեսություն է ներշնչել նաեւ այն, որ խոշոր բանկերը, ինչպիսիք են JPMorgan-ը, Morgan Stanley-ն և Wells Fargo–ն, եկամուտների ավելի լավ հաշվետվություններ են հրապարակել, քան սպասվում էր։ 


Ուրբաթ ամերիկյան պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ բարձրացել է, դոլարն էժանացել է, ոսկին՝ թանկացել՝ հասնելով նոր ռեկորդի, ինչն ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի շուրջ աճող մտահոգությունների հետեւանք է: ԱՄՆ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 4,478%–ով, ինչն ամենամեծ շաբաթական աճն է 2001 թվականից ի վեր։ Առևտրային պատերազմը ներդրողներին լարվածության մեջ է պահել ամբողջ շաբաթ։ Միջոցների մեծ արտահոսք է եղել ԱՄՆ ակտիվներից, հատկապես պարտատոմսերից, ինչը բարձրացրել է դրանց եկամտաբերությունը և իջեցրել դոլարի փոխարժեքը: ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է երեք տարվա նվազագույնին։


Համաշխարհային տեխնոլոգիական բաժնետոմսերը երկուշաբթի աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ սմարթֆոնները, նոութբուքերը և այլ համակարգչային սարքավորումները ժամանակավորապես կազատվեն չինական ապրանքների ներմուծման խիստ մաքսատուրքերից: Այս քայլը շատ կարեւոր էր տեխնոլոգիական ոլորտի համար, որի բաժնետոմսերը վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազում էին ԱՄՆ–Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով։ Սա հատկապես տագնապալի էր այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին Apple-ն է, որը մեծապես կախված է չինական արտադրության բաղադրիչներից իր այնպիսի առաջատար արտադրանքների համար, ինչպիսին է iPhone-ը: Apple-ի բաժնետոմսերը, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում 9,1%-ով անկում էին ապրել, ուրբաթ աճել են 4%-ով՝ փակվելով 198,15 դոլարով։ Apple-ը գլխավորել է «Հրաշալի յոթնյակի» տեխնոլոգիական բաժնետոմսերի աճը, որոնք բոլորն էլ ծանր հարված էին ստացել վերջին օրերին: HP-ն և Dell-ը նույնպես աճել են՝ համապատասխանաբար 6%-ով և 6,8%-ով, Nvidia-ն՝ ավելի քիչ՝ գրեթե 2%-ով։ Եվրոպական տեխնոլոգիական բաժնետոմսերը նույնպես աճել են։


Մաքսատուրքերի բարձրացման և պահանջարկի թուլացման պատճառով Tesla-ն լուրջ խնդիրներ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Չինաստանում ընկերությունը դադարեցրել է իր բարձրակարգ Model S և Model X մեքենաների նոր պատվերների ընդունումը։ Այս մեքենաները արտադրվում են Կալիֆորնիայում և այժմ բախվում են ներմուծման 125% մաքսատուրքի, որը Չինաստանը սահմանել է ի պատասխան Թրամփի բարձր մաքսատուրքերի։ ԱՄՆ-ում Tesla-ն պայքարում է Cybertruck-ի պահանջարկը պահպանելու համար: Վաճառքը խթանելու համար նրանք թողարկել են բեռնատարի ավելի էժան տարբերակը՝ 69990 դոլար արժողությամբ, ինչը 10000 դոլարով պակաս է նախորդ բազային մոդելից: Չնայած դրան՝ Cybertruck-ի վաճառքները կտրուկ նվազել են։ 


2025 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. ապրիլի 13–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 11․064 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.2013 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.3884 տոկոս:


Ապրիլին ԱՄՆ սպառողների տրամադրությունները կտրուկ իջել են, գնաճի վերաբերյալ մտահոգությունները՝ մեծացել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի վերաբերյալ աճող մտահոգությունների պատճառով: Միչիգանի համալսարանի հրապաակած սպառողական տրամադրությունների ինդեքսը նվազել է մինչև 50,8՝ մարտի 57,0-ից: Սա տնտեսագետների կանխատեսածից շատ ավելի վատ ցուցանիշ է։ Զեկույցում ասվում է, որ սպառողների ամենամեծ մտահոգություններից մեկը գնաճն է։ Առաջիկա 12 ամիսների համար գնաճային ակնկալիքները բարձրացել են մինչև 6,7%, մարտի 5,0%-ի համեմատ:


Դաշնային պահուստային համակարգը չի շտապում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չնայած աճող մտավախություններին, որ առևտրային պատերազմը կարող է դանդաղեցնել ԱՄՆ տնտեսությունը: Դեռեւս մարտ ամսին կայացած նիստում էին համակարգի պատասխանատուները անհանգստություն հայտնել, որ առևտրային լարվածությունը կարող է նվազեցնել սպառողական ծախսերը և բիզնես ներդրումները: Չնայած դրան՝ Դաշնային պահուտային համակարգը դեռեւս զերծ է մնում տոկոսադրույքների կրճատումից: Մտավախություն կա, որ եթե տնտեսության աճին նպաստելու համար նրանք իջեցնեն տոկոսադրույքները, դա կարող է խթանել գնաճը։ ԱՄՆ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքն այժմ 4,25%-ից 4,50%-ի սահմանում է: Պաշտոնյաները սպասողական վիճակում են՝ մինչեւ ավելի հստակ կդառնա, թե սակագները ինչպես կազդեն գնաճի, գործազրկության և սպառողական ծախսերի վրա:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։