Լավ նոութբուք գնելը հեշտ չէ։ Շուկայում այսօր այնքան շատ նոութբուքներ կան, որ ընտրելիս ցանկացած մարդ կարող է խճճվել։ Սակայն կան մի քանի հիմնական բաներ, որոնք նոութբուքը պետք է ունենա, որպեսզի արժանանա գնորդի ուշադրությանը։ Լավագույն նոութբուքը պետք է ունենա ֆանտաստիկ ստեղնաշար և թրեքփադ. կառուցվածքի առումով սրանք թերևս երկու առաջնային գործոններն են։ Էկրանը պետք է լինի աչքերի համար հաճելի, պայծառ և բավականաչափ պարզ: Բացի դրանից, նոութբուքը պետք է բավականաչափ հզոր լինի, լինի հնարավորինս թեթև և ունենա լավ մարտկոց, որի շնորհիվ համակարգիչն ամբողջ օրը կաշխատի առանց լիցքավորման։
The Verge ամսագիրն առանձնացրել է մի քանի լավագույն նութբուքներ, որոնք արժանի են ուշադրության։
1. Apple MacBook Air (M2)
M2 պրոցեսորով Apple MacBook Air-ի բազային մոդելն ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, ութ միջուկանի պրոցեսոր, 13,6 դյույմանոց (շեղանկյուն) LED-հետին լուսավորությամբ էկրան՝ IPS տեխնոլոգիայով։ Մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 18 ժամ։ Նոութբուքը կշռում է 1.2 կգ, ԱՄՆ-ում այն արժե 1399 դոլար։
2.MacBook Pro
Ըստ պարբերականի սա ամենահզոր նոութբուքն է, որ Apple-ը երբևէ արտադրել է։ Այն լավագույն ցուցանիշներ է գրանցել մի շարք առաջադրանքներ կատարելիս, այդ թվում՝ կոդավորում, վիդեոխմբագրում։ Նոութբուքն ունի էկրանի երկու տարբերակ՝ 14 և 16 դյույմ։ Համակարգիչն ունի 16 ԳԲ օպերատիվ և 512 SSD ներկառուցված հիշողություն։ Մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 17 ժամ։ 14 դյույմ էկրանով տարբերակը կշռում է 1.5 կգ և ԱՄՆ-ում արժե 1599 դոլար, իսկ 16 դյույմ էկրանով տարբերակը կշռում է 2.1 կգ և արժե 2099 դոլար։
3.MacBook Air (M1)
Սա համարվում է լավագույն էժան նոութբուքը․ ԱՄՆ-ում այն արժե 999 դոլար։ Նոութբուքը բավական արագագործ է M1 պրոցեսորի շնորհիվ և կատարողական լավ ցուցանիշներ է գրանցել լուսանկարների և վիդեոխմբագրման ժամանակ, թեև այն այնքան արագ չէ, որքան M2-ը։ Էկրանը 13.3 դյույմ է, համակարգիչն ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, կշռում է 1.27 կգ։ Մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 18 ժամ։
4.HP Spectre x360 14
The Verge-ը նշում է, որ Windows օպերացիոն համակարգով աշխատող լավագույն նոութբուքն է սա, որի մասին դժվար է որևէ վատ բան ասել։ Intel-ի վերջին 11-րդ սերնդի պրոցեսորները և Iris Xe-ի ինտեգրված գրաֆիկան ապահովում են հիանալի կատարողական։ Նոութբուքն ունի 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։ Մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 18 ժամ։ Էկրանը՝ 13.5 դյում, ԱՄՆ-ում գինը 1550 դոլար է։ Կշռում է 1.34 կգ։
5. Asus ROG Zephyrus G15
Ամսագիրը սա համարում է լավագույն նոութբուքը խաղերի համար։ Նոութբուքն ունի թարմացման 165Hz հաճախականությամբ 15 դյույմանոց QHD էկրան, AMD և Nvidia պրոցեսորներ, փորձարկման ժամանակ կատարողական լավ ցուցանիշներ է ցուցաբերել նույնիսկ AAA դասի խաղերի դեպքում։ Մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 8 ժամ։ Կշռում է մոտ 2 կգ, ԱՄՆ-ում արժե 2000 դոլար։