Արհեստական բանականությունն (ԱԲ) այսօր մեր բոլոր աշխատանքների մեջ հիմնական դերն ունի, հետևաբար պետք է լավ մտածենք, թե ինչպես դա կարողանանք լավագույնս օգտագործել։ Այս մասին Silicon Mountains 2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

Մենք ԱԲ ոչ միայն օգտագործողը, այլեւ ստեղծողը կարող ենք լինել

Երվանդ Զորյանն ասում է, որ ԱԲ-ն մարդիկ կարող են ճիշտ օգտագործել, կարող են նաև ոչ ճիշտ օգտագործել։ Հետևաբար, այս գագաթաժողովի առիթները մեզ մտածելու տեղիք են տալիս, թե ինչպես կարելի է ԱԲ-ն ճիշտ օգտագործել։

«Բայց մենք միայն օգտագործող չենք, պետք է նաև մտածենք ստեղծելու մասին: Եվ այդ առումով Հայաստանում այդ կարողությունն ունենք, գիտական միտքն ունենք, տվյալներով մտածելու ունակությունն ունենք: Սա հիմք է տալիս հավատալու, որ մենք ևս արհեստական բանականության ստեղծողները կարող ենք լինել: Ինձ համար Silicon Mountains-ը երկու նպատակի է ծառայում, որ թե՛ օգտագործելն ավելի լավ իմանանք, և թե՛ ստեղծելու առիթներ ունենանք»,- ասաց նա:

ԱԲ համար փոքր կամ մեծ երկիր լինելը նշանակություն չունի, կարեւորը միտքն է

ԱԲ-ն օգտագործելը ներդրում չէ, ստեղծելն է ներդրում: Հետևաբար, մենք մեր ընկերությունների, մեր ապրանքների միջոցով կամ նորարարական ձևերով պետք է ԱԲ-ն մեր աշխատանքում օգտագործենք, ասում է նա։

«Ես կարծում եմ՝ փոքր կամ մեծ երկիր լինելը մեծ նշանակություն չունի, կարևորը միտքն է: Հիմա առաջվա պես սահմաններ չկան երկրների միջև և այն, ինչին դու հասանելիություն ունես, ամեն ինչ օնլայն տրամադրված է աշխարհում յուրաքանչյուր մարդու։ Դրա համար պետք չէ, որ մենք մեզ համար բարդույթ ստեղծենք, որ մենք փոքր երկիր ենք: Փոքր երկիր չենք, եթե ունենք տվյալների հասանելիությունը, այստեղ նստած էլ կարող ենք մեզ պետք եղածն անել և հասնել այնտեղ, որտեղ պետք է»,- ընդգծեց նա:

Պետք չէ վախենալ. եթե մենք չօգտագործենք ԱԲ-ն, ուրիշները կօգտագործեն

Երվանդ Զորյանն ասում է, որ ԱԲ-ն, այո, նաև մարտահրավերներ է բերում: Մարդիկ կարող են ԱԲ տվյալները տարբեր, ոչ լավ նպատակներով օգտագործել: Բայց պետք չէ դրանից ելնելով մենք մեզ սահմանափակենք: Պետք է հասկանալ, թե ուր կարող է տանել ԱԲ խելացի օգտագործումը:

«Որովհետև եթե մենք չօգտագործենք, ուրիշները կօգտագործեն, ու մենք հետ կմնանք և հետնապահների շարքում կլինենք: Այստեղ ժամանակի գործոնը կա, պետք չէ ուշանալ, պետք է ամենասկզբից օգտագործել: Ամեն մեկն իր աշխատանքի մեջ պետք է մտածի, թե ինչպես կարող է արհեստական բանականությունն օգտագործել իր աշխատանքի արդյունավետությունը, արտադրողականությունը բարձրացնելու համար»,- նշեց Երվանդ Զորյանը:

Պարտադիր չէ չիպ արտադրող լինես, չիպի դիզայն անելու մեջ ավելի շատ նորարարություն կա

ԱԲ-ն բավական մեծ ազդեցություն ունի միկրոէլեկտրոնիկայում և չիպերի արտադրության մեջ, նշում է Զորյանը: «Այսօր մենք կես տրիլիոն տրանզիստոր ունենք մեկ չիպի մեջ, և չկա մարդկային միտք, որ կարող է այդ կես տրիլիոն տրանզիստորները դնել այնպես, որ իրենց գործը կատարեն: Դա անելու համար մենք արհեստական բանականության օգնությունն ենք ստանում: Մենք հիմա զարգանում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծեց Զորյանը:

Հարցին՝ Հայաստանում իմաստ ունի՞ այդ չիպերի արտադրությունը ներդնել, թե՞ Հայաստանը միայն չիպ դիզայնով պիտի զբաղվի, նա պատասխանեց. «Եթե խոսում ենք արդիական չիպերի մասին, ապա շատ-շատ դժվար է, քանի որ շատ քիչ են այն երկրները, որ այսօր չիպ կարող են արտադրել: Միայն մեկ գծով չիպ արտադրելու համար արդեն 20 միլիարդ դոլարի ներդրում է պետք: Նույնիսկ Միացյալ Նահանգներից դուրս է բերվել չիպերի արտադրությունը, դեպի Թայվան, Կորեա: Թե ով պիտի օգնի մեզ, որ չիպ արտադրենք, ես չգիտեմ, մի քիչ թանկ հաճույք է դա։ Մյուս կողմից, պարտադիր չէ, որ չիպ արտադրող լինես: Չիպի դիզայն անելու մեջ ավելի նորարարություն կա, քան արտադրող լինելու մեջ»,- ասաց նա։Երվանդ Զորյանը խոսեց նաև պետության դերի մասին՝ նշելով, որ ԱԲ ոլորտում պետությունը դերակատարում ունի: «Չասեմ ռազմավարություն, բայց գոնե պետական մակարդակի քաջալերանք, պետական մակարդակի մասնակցություն դպրոցների, համալսարանների մակարդակով պետք է: Պետք է ընկերություններին արտոնություններ տալ, ամպային համակարգեր գնել, որ մարդիկ կարողանան իրենց ծրագրերն իրականացնել: Այո՛, այս ամենի մեջ պետությունը դեր ունի: Պարտադիր չէ, որ դա լինի ռազմավարություն, բայց պայմաններ պետք է ստեղծվեն, որ դպրոցական, ուսանողական տարիքից մարդիկ ազատորեն օգտագործեն առկա հնարավորությունները»,- բացատրեց նա:

Մե՛նք պետք է ԱԲ-ն կառավարենք, ոչ թե հակառակը

Երվանդ Զորյանը չի կարծում, որ կարող է մի օր մարդկությունն ԱԲ-ին տա նոբելյան մրցանակ որևէ հայտնագործության համար։ «Չեմ կարծում, բայց մենք ուզում ենք, որ արհեստական բանականությանը խելացի գործեր անի, մեզ խելացի գործիքներ տա: Արհեստական բանականությունը մեր օգնականն է: Ժամանակին, երբ հաշվիչ մեքենաները չկային, ամեն ինչ ձեռքով էիր անում, հիմա ձեռքով չես անում: Առաջ եթե նամակ էիր ուզում գրել, ասիստենտին էիր կանչում, գաղափարը տալիս էիր, գրում էր,  հիմա էլ չես կանչում, արհեստական բանականությունը նամակդ գրում է»,-ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ է ԱԲ-ն մի օր մեզ կառավարի, Զորյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև, այդուհանդերձ, սահմանափակ է արհեստական բանականությունը: Սահմանափակ է այն իմաստով, որ ինքը կարող է այսօր ստեղծել բաներ նախկին տվյալներով: Արհեստական բանականությունը նախկին տվյալների վրա է հիմնված: Ինքը հին փորձն է վերցնում, իսկ մենք չենք ուզում մեզ հին փորձով սահմանափակել, մենք ստեղծագործ միտք ունենք, որպեսզի նոր փորձեր ստեղծենք: Այսինքն՝ մե՛նք պետք է արհեստական բանականությանը կառավարենք, ոչ թե հակառակը»: