Հաքերները սովորել են միտումնավոր փչացնել օֆիսային փաստաթղթերը, որպեսզի շրջանցեն հակավիրուսի պաշտպանությունը, տեղեկացրել է The Hacker News պարբերականը՝ հղում կատարելով Any Run-ի մասնագետներին։
Փորձագետները հայտնաբերել են, որ օգտատերերին սկսել են գրոհել՝ նրանց փոստին ուղարկելով ֆիշինգային նամակներ, որոնք պարունակում են վնասված փաստաթղթեր։ Այդ ֆայլերը բացվում են Word ծրագրով կամ այլ ծրագրերով, սակայն անվտանգության ներկառուցված համակարգերը եւ հակավիրուսները հաճախ դրանք չեն հայտնաբերում սխալի պատճառով։
Որպես կանոն, խարդախներն ուղարկում են Word տեքստային փաստաթղթեր եւ zip-արխիվներ, որոնք պարունակում են հղումներ կամ QR-կոդեր։ Դրանք սքանավորելով՝ օգտատերերը հայտնվում են ֆիշինգ կայքերում, որտեղ վտանգում են կորցնել իրենց տվյալները եւ դրամական միջոցները։ Any Run-ի մասնագետների խոսքով՝ առաջին անգամ նման գրոհներ իրականացվել են 2024թ. օգոստոսին։
Օգտատերերի տվյալները եւ փողերը հափշտակելու համար խարդախները նրանց խոստանում են վճարներ կամ այլ խրախուսումներ։ Հրապարակման մեջ ասվում է, որ անհատական համակարգիչների տերերը հակված են վստահել այդ տեղեկություններին, քանի որ ուղարկված ֆայլերը չեն հայտնաբերում անվտանգության համակարգերը։
Հաշվետվության հեղինակները խորհուրդ են տվել օգտատերերին չբացել կասկածելի կամ անհայտ աղբյուրների նամակները։






