Honor ընկերությունը IFA 2024 ցուցահանդեսին ներկայացրել է ծալվող Magic V3 սմարթֆոնը, որն իր մրցակիցներից առանձնանում է արհեստական ​բանականությամբ (ԱԲ) աշխատող գործառույթներով, բարելավված հուսալիությամբ և այս սեգմենտի սմարթֆոնների համար ամենաբարակ կորպուսով, տեղեկացնում է Gazeta.Ru-ն։

Honor Magic V3-ը շուկայում ամենաթեթև և ամենաբարակ ծալվող սմարթֆոնն է: Քաշը 226 գրամ է, հաստությունը ծալված վիճակում՝ 9,2 մմ, իսկ բացված՝ 4,35 մմ։ Սարքի կորպուսը պատրաստված է հատուկ մանրաթելից, որը, ըստ արտադրողի, մյուս ֆլագման մոդելների համեմատ հարվածների նկատմամբ դիմադրությունը բարձրացնում է մինչև 40 անգամ։

Սմարթֆոնն ունի գերթեթև ծխնի, որը պատրաստված է Honor Super Steel-ից և ապահովում է լրացուցիչ ամրություն և հուսալիություն։ Սարքն ստացել է SGS ամրության վկայագիր, որը հաստատում է, որ ծխնին կարող է դիմանալ ծալման ավելի քան 500,000 ցիկլի։

Honor Magic V3-ն ունի ճկուն 7,92 դյույմանոց ներքին Honor Super Armored հարվածակայուն OLED էկրան և Honor NanoCrystal Shield 6,43 դյույմանոց արտաքին OLED էկրան, որն ունի քերծվածքներից պաշտպանություն: Սմարթֆոնն ունի խոնավությունից պաշտպանություն՝ ըստ IPX8 ստանդարտի։

Առանձին նշվում է, որ Magic V3-ն ունի հետին լույսի կառավարման տեխնոլոգիայի աջակցություն PWM 4320 Հց հաճախականությամբ, ինչը նվազեցնում է աչքերի լարվածությունը և ապահովում բովանդակության հարմարավետ դիտում, ինչպես նաև ունի լրացուցիչ ԱԲ ալգորիթմներ, որոնք օգնում են նվազեցնել աչքերի լարվածությունը երկարատև օգտագործման ժամանակ:

Նոր տեսախցիկը ներառում է եռակի մոդուլ՝ 50 ՄՊ հիմնական սենսոր՝ OIS-ով, 40 Մպ գերլայնանկյուն տեսախցիկ՝ մակրո լուսանկարչության համար ավտոմատ ֆոկուսով և 50 Մպ հեռաֆոտո տեսախցիկ՝ OIS-ով և 3,5x օպտիկական խոշորացումով: Սմարթֆոնն ունի ԱԲ-ի կիրառմամբ տեսանկարահանման աջակցություն և այլ ԱԲ գործիքներ։

Սարքի աշխատանքի համար պատասխանատու է առաջատար Snapdragon 8 Gen 3 չիպը։

Honor Magic V3-ն ունի առաջադեմ երրորդ սերնդի սիլիկոն-ածխածնային մարտկոց՝ 5150 մԱ/ժ հզորությամբ, որն ապահովում է 66 Վտ լարային արագ և 50 Վտ անլար լիցքավորում։

Համաշխարհային շուկայում սարքի գինը 1999 եվրո է։