iPhone 16-ի շնորհանդեսից հետո Apple-ն առնվազն 10 սարք կհանի վաճառքից։ Ամերիկյան ընկերությունն ամեն աշուն դադարեցնում է մի շարք սարքերի վաճառքը, փոխարենը շուկա են մտնում նոր սարքեր, այս մասին տեղեկացնում է MacRumors կայքը։

Ըստ աղբյուրի՝ առաջին հերթին ընկերությունը խանութներից կհանի iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը, որոնք կփոխարինվեն համապատասխանաբար iPhone 16 Pro և 16 Pro Max-ով։ iPhone 14 Plus-ը նույնպես կհանվի վաճառքից, և այս շարքից կմնա միայն iPhone 14-ը։

Բացի դրանից՝ Apple-ը վերջնականապես կդադարեցնի iPhone 13-ի արտադրությունը՝ սա բրենդի ամենահին հեռախոսն է, որն այժմ առկա է ընկերության առցանց խանութում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր iPad mini-ն պետք է շուկա դուրս գա տարվա երկրորդ կեսին, վաճառքից կհանվի նաև վեցերորդ սերնդի պլանշետը։

Եզրափակելով՝ աղբյուրը նշում է, որ կդադարեցվի Apple Watch 9, Watch Ultra 2 և Watch SE 2 մոդելների արտադրություն և դրանք կփոխարինվեն այլ խելացի սարքերով։ Նաև հնացած կհամարվեն AirPods 2 և AirPods 3 ականջակալները, որոնց կփոխարինի AirPods 4-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը M4 պրոցեսորով առաջին MacBook ու Mac համակարգիչները կսկսի մատակարարել ընդամենը երկու ամսից՝ այս տարվա նոյեմբերին։ Ըստ 9to5Mac-ի՝ ընկերությունը նախատեսում է առանձին շնորհանդես՝ այս ապրանքները ներկայացնելու համար, որը նման կլինի անցյալ տարվա Scary Fast միջոցառմանը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին: