Թայվանական Foxconn ընկերությունը՝ Apple-ի էլեկտրոնիկայի արտադրության խոշորագույն գործընկերը, նախատեսում է 50,000 նոր աշխատող ընդունել Չինաստանի Չժենչժոուում գտնվող իր գործարանում, որպեսզի կարողանա ժամանակին արտադրել այս տարվա երկրորդ կիսամյակում պլանավորված iPhone 16-ի պատվիրված քանակը, տեղեկացնում է Businesskorea-ն։

Այս քայլը պայմանավորված է Apple-ի հավակնոտ նպատակով՝ մինչև տարեվերջ առաքել 90 միլիոն iPhone 16, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Նոր աշխատողներ ներգրավելու համար Foxconn-ն առաջարկում է բարձրացնել ժամավճարը մինչև 25 յուան ( մոտ 3.5 դոլար), իսկ բոնուսները՝ մինչև 7500 յուան (մոտ 1045 դոլար), ինչը զգալի աճ է նախորդ առաջարկներից:

Չժենչժոուում Foxconn-ի գործարանը iPhone-ի արտադրության աշխարհի ամենամեծ բազան է (արտադրում է iPhone-ների մոտ 80%-ը), և այդ քայլն ընդգծում է ընկերության հանձնառությունը՝ հասցնելու արտադրել ապրանքի այն ծավալները, որ իր առջև դրել է Apple-ը։

Apple-ի վաճառքները չինական սմարթֆոնների շուկայում այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 19,1%-ով, ինչը, հավանաբար, լրացուցիչ ճնշում է գործադրում Apple-ի և Foxconn-ի վրա՝ ապահովելու iPhone 16-ի հաջող մեկնարկը և ուժեղ վաճառքը:

«Պատմականորեն Foxconn-ը միշտ խոշորացույցի տակ է եղել՝ կապված չինական գործարաններում աշխատանքի ընդունվելու և աշխատանքային պայմանների հետ: Աշխատողներ ներգրավելու և աշխատավարձերը բարձրացնելու ներկայիս ջանքերը կարող են դիտվել որպես պատասխան անցյալի հակասություններին և արտադրության կարիքները բավարարելու նպատակով մեծ թվով աշխատուժ ներգրավելու և պահելու փորձ»,- գրում է Businesskorea-ն: