Apple-ը նախատեսում է մինչև 2024-ի վերջ վաճառել առնվազն 90 միլիոն հատ iPhone 16 սմարթֆոն։ Ընկերությունն ակնկալում է, որ պահանջարկը կավելանա արհեստական բանականության վրա հիմնված գործառույթների հաշվին։ Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը մատակարարներին և գործընկերներին տեղեկացրել է նոր iPhone-ների առաքումները մոտ 10%-ով ավելացնելու իր մտադրության մասին՝ համեմատած մեկ տարի առաջ վաճառված սարքերի ծավալի հետ։ 2023-ին վաճառվել է մոտ 81 մլն iPhone 15։
Apple-ը վստահ է, որ ավելի վաղ հայտարարված Apple Intelligence արհեստական բանականության գործառույթների փաթեթը, որը կհայտնվի iPhone 16-ում, կնպաստի Apple-ի սմարթֆոնների պահանջարկի ավելացմանը այս տարվա վերջին: Սակայն ընկերությունն ստիպված կլինի մրցակցել տարբեր վաճառողների, այդ թվում՝ Samsung-ի արհեստական բանականության գործառույթների հետ:
Անցյալ տարվա երկրորդ կեսը դժվար է եղել iPhone-ի համար, հատկապես Չինաստանում, որտեղ տեղական շուկան նվաճեց Huawei Mate 60 Pro-ն՝ կառուցված սեփական պրոցեսորի վրա։ Wall Street-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ Apple-ի՝ iPhone-ից ստացվող եկամուտը կնվազի 2024-ի երկրորդ կեսին։
iPhone-ի վաճառքն ավելացնելու՝ Apple-ի պլանների մասին Bloomberg հրապարակած լուի ֆոնին ընկերության բաժնետոմսերն աճել են 1,8%-ով՝ հասնելով 232,74 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց (տարվա սկզբից աճել են 19%-ով): Նաև բարձրացրել է Apple մատակարարների բաժնետոմսերի գները, ինչպիսիք են Skyworks Solution-ը և Qorvo-ն: Apple-ի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել iPhone-ի մատակարարման ծրագրերը:
Ըստ Bloomberg Intelligence-ի վերլուծաբանների՝ Apple-ի iPhone-ի վաճառքի կանխատեսումը դրական նշան է՝ հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սմարթֆոնների համեմատաբար ցածր վաճառքը։ Ըստ IDC-ի վերլուծական ընկերության՝ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները անցյալ տարի նվազել են 3,2%-ով, թեև Apple-ին հաջողվել է 3,7%-ի աճ գրանցել։






