Doogee ընկերությունը ներկայացրել է Doogee V Max Plus ամուր սմարթֆոնը, որի հիմնական առանձնահատկությունը շատ տարողունակ մարտկոցն է։ Սմարթֆոնն ստացել է նույն մարտկոցը, ինչ նախորդ Doogee V Max-ը։ Այս մարտկոցը սպասման ռեժիմում առանց վերալիցքավորման կապահովի մինչև 1540 ժամ աշխատանք։
Խոնավությունից, փոշուց և հարվածներից պաշտպանության առումով Doogee V Max Plus-ը համապատասխանում է IP68, IP69K ստանդարտներին, ինչպես նաև հավաստագրվել է MIL-STD-810H ստանդարտի պահանջներին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն կարող է օգտագործվել ամենաանբարենպաստ պայմաններում։

Նոր սմարթֆոնը կարող է օգտագործվել արշավների կամ էքստրեմալ սպորտի ժամանակ: Այն պահանջված կլինի նաև շինարարների, հրշեջների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների շրջանում, որոնք իրենց աշխատանքի բնույթով պայմանավորված՝ գտնվում են էքստրեմալ պայմաններում։
Doogee V Max Plus-ը կառուցված է ութ միջուկանի MediaTek Dimensity 7050 պրոցեսորի վրա՝ Mali-G68 MC4 գրաֆիկական արագացուցիչով, որն արտադրվում է 6 նմ տեխպրոցեսի տեխնոլոգիայի կիրառմամբ: Հզոր չիպը, որը համակցված է 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, մինչև 36 ԳԲ վիրտուալ ընդլայնման հնարավորությամբ, կարող է ապահովել սմարթֆոնի աշխատանքը բազմաֆունկցիոնալ ռեժիմում, ինչպես նաև գործարկել ռեսուրսատար հավելվածներ: Ներկառուցված հիշողության ծավալը 512 ԳԲ է և microSD քարտի միջոցով կարող է ընդլայնվել մինչև 2 ՏԲ։

Սմարթֆոնը համալրված է 6,58 դյույմանոց էկրանով՝ FHD+ կետայնությամբ (2408 × 1080 պիքսել) և 120 Հց թարմացման հաճախությամբ։ Էկրանի վերին հատվածում կաթիլաձև կտրվածքի ներքո տեղադրված է 32 ՄՊ Sony-ի արտադրության սելֆի տեսախցիկ։ Doogee V Max Plus-ի հետևի մասում կա արհեստական բանականության աջակցությամբ եռակի տեսախցիկ։ Այն հիմնված է հիմնական 200 ՄՊ սենսորի վրա, որը լրացվում է 20 ՄՊ Sony գիշերային տեսողության տեսախցիկով և 8 ՄՊ սենսորով՝ լայնանկյուն ոսպնյակով, որը նաև մակրոլուսանկարչության աջակցություն ունի:
22,000 մԱ/Ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 33 Վտ արագ լիցքավորում: Սարքի բնութագրերը ներառում են Wi-Fi 6 ցանցերի աջակցություն, երկակի բարձրախոսներ և կողային մատնահետքի սկաներ:







