ԱՄՆ Սան Խոսե քաղաքում տեղի ունեցած SID 2024 ցուցահանդեսի ժամանակ չինական TCL ընկերությունը ցուցադրել է աշխարհում առաջին սմարթֆոնը, որը ծալվում է երկու տեղից և փաստացի վերածվում է երեք մասի։
Էկրան
Ինչպես տեղեկացնում է Gizchina-ն, սմարթֆոնն ունի եզակի ազատ տիպի (Free-type) 7,85 դյույմանոց էկրան, որն ունի ինչպես G-աձև, այնպես էլ Z-աձև ծալովի կոնֆիգուրացիաների աջակցություն: Սա օգտատերերին թույլ է տալիս ընտրել սարքի օգտագործման ամենահարմար տարբերակը՝ կախված կոնկրետ իրավիճակից:
Նաև հայտնի է, որ ենթաէկրանի հատվածը (SUP տարածք) և սովորական էկրանի հատվածը (AA տարածք) ունեն 420 պիքսելի խտություն մեկ դյույմ տարածքում, որն ապահովում է միատեսակ պատկեր ամբողջ էկրանի համար: Այսինքն՝ ամբողջ էկրանով պատկերի որակի տեսանելի տարբերություններ չեն լինի:
Նոր սմարթֆոնի նորարարական մեկ այլ առանձնահատկություն է էկրանի տակ տեղադրված դեմքի նույնականացման աշխարհում առաջին համակարգը: Apple-ի Face ID-ին նման սենսորներն ապահովում են օգտատիրոջ դեմքի 3D սկանավորում՝ առանց էկրանի մատրիցայում կտրվածքի անհրաժեշտության: Սա սմարթֆոնի ապակողպման գործընթացը դարձնում է ոչ միայն անվտանգ, այլև տեսողականորեն գրավիչ:

Քիչ էներգիա սպառող տեխնոլոգիաներ
Շնորհիվ քիչ էներգիա սպառող մի քանի առաջադեմ տեխնոլոգիաների՝ ինչպիսիք են Tandem-ը, LTPO-ն և PLP-ն, նոր էկրանն ապահովում է բարձր պայծառություն և մեկ լիցքավորմամբ մարտկոցի երկար աշխատանք: Այս տեխնոլոգիաները ոչ միայն բարելավում են պատկերի որակը, այլև երկարացնում են սարքի կյանքը՝ առանց հաճախակի վերալիցքավորման անհրաժեշտության:
Չափեր և դիզայն
Էկրանի աստիճանավոր դիզայնը թույլ է տալիս ստեղծել իսկապես բարակ պրոֆիլ՝ ընդամենը 472 մկմ, ինչը 0,5 մմ-ից պակաս է: Սարքի ընդհանուր հաստությունը կազմում է 17 մմ, ինչը նշանակում է, որ սմարթֆոնն իսկապես կոմպակտ է և բարակ:
Ե՞րբ այն կհայտնվի շուկայում
Սան Խոսեում ներկայացված սարքը լիովին աշխատող նախատիպ է, և TCL-ը դեռ չի բացահայտել այսպիսի սմարթֆոնների առևտրայնացման ծրագրերը: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ սարքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ լինի՝ հաշվի առնելով դրա յուրահատուկ հնարավորություններն ու նորարարական դիզայնը։ Հետևաբար, որոշակի հավանականություն կա, որ TCL-ը տեսանելի ապագայում կսկսի աշխատել նման սմարթֆոնների զանգվածային արտադրության վրա։






