Միլանի համալսարանի գիտնականները մարզանքի նոր ձև են մշակել, որը, ըստ նրանց, կօգնի Լուսնի ապագա բնակիչների մարմինները նորմալ մարզավիճակում պահելու գործում:
Ցանկացած մարդ, որ բավականաչափ ժամանակ է անցկացնում ցածր ձգողության միջավայրում, ինչպիսին է Լուսինը, նրա մարմինն սկսում է զգալ դրա հետևանքները, քանի որ մարդու մկանները ատրոֆիայի են ենթարկվում և նվազում է ամբողջ մարմնի նկատմամբ վերահսկողությունը: Սա է պատճառը, որ Երկրի մթնոլորտից դուրս ժամանակ անցկացնող տիեզերագնացները պետք է մարզվեն: Առանց ֆիզիկական պատրաստվածության նրանք կդժվարանան կատարել նույնիսկ հիմնական գործողությունները, երբ վերադառնան Երկրի ձգողության գոտի:
Միլանցի գիտնականների նոր մեթոդն իրականում վերաբերում է Մահվան անիվի ներսի երկայնքով վազելուն: Մահվան անիվը, որը կարելի է տեսնել կրկեսներում և թեմատիկ այգիներում, մեծ օղակ է, որն ընկած է կողքի վրա: Մարդը պետք է վազի Անիվի ներսի երկայնքով բավական արագ, որպեսզի խուսափի ընկնելուց։

Երկրի ձգողականության պայմաններում մարդու համար չափազանց դժվար է նման արդյունքի հասնել, ուստի նման ատրակցիոններում մարդիկ անիվում հաճախ պտտվում են մոտոցիկլետներով։ Սակայն Լուսնի վրա, որտեղ ձգողության ուժը Երկրի ձգողության ուժի 1/6-րդի չափ է, մարդը կարող է վազել Անիվի ներսում: Գիտնականները կարծում են, որ դա հնարավորություն կտա նմանակել հորիզոնական մակերևույթի վրա վազքը շատ ավելի մեծ ձգողության պայմաններում:
Միլանցի հետազոտողները վարձել են 9,4 մետր տրամագծով Մահվան անիվ, երկու մարդու վերևից ամրացրել են առաձգական մալուխներով, որպեսզի նմանակեն Լուսնի վրա ձգողության ուժի պայմանները, և նրանց խնդրել են վազել Մահվան անիվի ներսում։ Ընդամենը մի քանի փորձից հետո երկու մասնակիցներն էլ կարողացել են անիվի ներքևից վազելով բարձրանալ դեպի վերև և կրկին իջնել:
Երբ հետազոտողները չափել են նրանց վազքի արագությունը, քայլքի երկարությունը և ոտքերի հարվածի ուժը, նրանք պարզել են, որ փորձի մասնակիցները վազել են այնպիսի պայմաններում, որոնք չեն տարբերվում Երկրի վրա վազելու պայմաններից։ Փորձի հեղինակները վստահ են, որ Լուսնի վրա նման վարժությունները կօգնեն պահպանել մկանային տոնուսը։






