Logitech-ը ներկայացրել է G Cloud Gaming Handheld խաղային շարժական կոնսոլը: Սարքը շարժական համակարգչի պես մի բան է՝ հարմարեցված ամպային խաղերի համար: Արտադրողի խոսքով՝ կոնսոլը լիովին համատեղելի է Xbox Cloud Gaming-ի եւ NVIDIA GeForce Now-ի հետ։

Logitech G Cloud Gaming Handheld-ի բնութագրերը

Logitech G Cloud Gaming Handheld-ն ունի 7 դյույմանոց IPS էկրան՝ 1920 × 1080 պիքսել լուծաչափով (լայնության և երկարության 16:9 հարաբերակցությամբ), էկրանին պատկերի թարմացման 60 Հց արագությամբ եւ մինչեւ 450 cd/m2 պայծառությամբ։

Կոնսոլն աշխատում է Qualcomm Snapdragon 720G մեկ չիպային հարթակով՝ 8 միջուկային պրոցեսորով մինչեւ 2.3 ԳՀց հաճախականությամբ։ Ներառված են նաեւ 4GB LPDDR4X RAM օպերատիվ հիշողություն եւ ներկառուցված 64 ԳԲ UFS ֆլեշ հիշողություն:

Սարքն ունի նաև microSD հիշողության քարտի բնիկ, ինչպես նաեւ USB Type-C 3.1 պորտ՝ համակարգչին կամ լիցքավորիչին միանալու համար։

Ներկառուցված մարտկոցն ունի 6000 մԱ/ժ հզորություն, որը պետք է որ բավարար լինի 12-ժամյա աշխատելու համար։ Մարտկոցի լրիվ լիցքավորումը, ըստ արտադրողի, կպահանջի 2.5 ժամ։

Logitech G Cloud Gaming Handheld-ի դիզայնը

Ինչ վերաբերում է սարքի դիզայնին, ապա էկրանի ծայրերում կարող եք տեսնել կառավարման տարրեր, որոնք հատուկ են խաղային սարքերին՝ անալոգային կառավարման գլխիկ, վերև և ներքև, աջ ու ձախ շարժվելու կոճակ, X, Y, A եւ B կոճակներ, կա նաեւ Home կոճակ եւ Logitech G կոճակ, որը բացում է լրացուցիչ ընտրացանկը եւ դադարեցնում է խաղը: Վահանակի վերին անկյուններում կարող եք տեսնել «բամպեր» և ձգան: Կոճակների կատարելիք ֆունկցիաները փոփոխելի են, իսկ վահանակն ունի շոշափման միջոցով խաղի էֆեկտներն զգալու հնարավորություն (tactile feedback) և գիրոսկոպ:

Կոնսոլն ընդամենը 263 գրամ է կշռում։

Հետաքրքիր է, որ կոնսոլը չունի SIM քարտի բնիկ եւ միացում բջջային ցանցերին: Այնպես որ, խաղային ոլորտի ամպային ծառայությունների օգտագործման համար գեյմերը պետք է մշտապես Wi-Fi-ի մոտ գտնվի:

Այլ տվյալներ

Logitech G Cloud Gaming Handheld-ը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 17-ին՝ 349.99 դոլարով: Իսկ նախապես պատվիրելու դեպքում այն կարելի է գնել 299.99 դոլարով: