Հայկական Garoon Tech ընկերությունը, որը գործունեություն է ծավալում գյուղատնտեսության ոլորտում, հաղթել է Energy Globe Award մրցույթում։

«Մենք հպարտ ենք, որ Հայաստանից դարձել ենք կայունության համաշխարհային հեղինակավոր մրցանակի դափնեկիրը», – ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Ի՞նչ է հայտնի Energy Globe Award-ի մասին

Energy Globe Award-ը համարվում է աշխարհի ամենանշանակալի բնապահպանական մրցանակը: Այս տարի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ավելի քան 2500 ծրագիր է այս մրցանակին ներկայացվել ավելի քան 180 երկրից, այդ թվում՝ բազմաթիվ կայացած և լայն ճանաչում ունեցող ընկերություններ Հայաստանից:

«Garoon Tech-ը իսկապես դժվար ժամանակներ է ապրում հետխորհրդային տարածաշրջանում շարունակվող ճգնաժամի պատճառով: Այս տարածաշրջանը նախատեսված էր լինել մեր արտադրանքի սկզբնական թիրախային շուկան: Շատ վերափոխումներ ենք նախատեսում իրականացնել մեր ընկերության ներսում՝ տվյալահեն գյուղատնտեսությանը վերածնունդ հաղորդելու նպատակով, սակայն կայունությունն ու մեր սկզբնական նպատակները միանշանակ են և ենթակա չեն փոփոխման:

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հավատալու համար։ Ավելի շատ երիտասարդ մասնագետներ պետք է մշակեն գյուղատնտեսական և բնապահպանական լուծումներ: Տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն են այն մարդիկ, ովքեր կարող են լուծել մարդկության առջև ծառացած բարդ խնդիրները, ուստի նման կարևոր ոլորտները պետք է ավելի գրավիչ դառնան, և առկա ներուժը չպետք է վատնվի»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Garoon-Tech.jpg (414 KB)

Ինչո՞վ է զբաղվում Garoon Tech-ը

Garoon Tech-ի կողմից մշակվող բջջային հավելվածը օպտիմալ կապ է ստեղծում այգեգործի և բուսաբուծությամբ զբաղվող մասնագետների միջև, այն է՝ այգեգործին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն՝ մշակաբույսերի տարատեսակ հիվանդությունների բուժման և դրանց առաջացումից խուսափելու համար։

Արդյունքում, այգեգործները մատչելի վճարի դիմաց հնարավորություն կունենան ստանալու խորհրդատվություն փորձառու մասնագետների կողմից, թե ինչ տեսակի և քանակի պարարտանյութերի կամ բնական հավելումների սնուցում է անհրաժեշտ՝ մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների կամ անբավարարության ախտանիշների հաղթահարման համար։ Մյուս կողմից էլ, բուսաբույծները (ագրոնոմները) կկարողանան վաստակել հավելյալ գումար՝ հեռահար եղանակով։

Պրոդուկտը նախատեսված է ինչպես այգեգործների, փոքր և միջին այգիների և ջերմոցների սեփականատերերի, այնպես էլ բնակարանային բույսերի սիրահարների համար։

Նախագծի նպատակն է ավտոմատացնել հարթակի գործառույթները՝ արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ։ Արդյունքում սա թույլ կտա նվազեցնել ծառայությունների արժեքը և դառնալ մրցունակ միջազգային շուկայում։ Ընկերությունը առաջիկայում ծրագրում է ընդլայնվել եվրոպական շուկայում։