Լաս Վեգասում տեղի ունեցած CES տեխնոլոգիական խոշորագույն ցուցահանդեսի շրջանակում Asus ընկերությունը ցուցադրել է ZenScreen Fold-ը՝ շարժական OLED մոնիտորը, որը կարող է ծալվել այն տեղափոխելու կամ ավելի հարմար օգտագործելու համար:
Ընկերությունը դեռ չի հայտնել վաճառքի գինը և մեկնարկի ամսաթիվը, սակայն լրագրողները կարծում են, որ սարքը կարելի է ձեռք բերել ոչ պակաս, քան 2000 դոլարով։
ZenScreen Fold-ի էկրանի անկյունագիծը բացված վիճակում 17,3 դյույմ է, իսկ կետայնությունը՝ 2560x1920 պիքսել: Այս դեպքում էկրանը կարելի է բաժանել երկու 12,5 դյույմանոց մոնիտորների՝ 1920x1280 պիքսել կետայնությամբ։

Մատրիցան ծածկում է DCI-P3 գունային տարածության 100%-ը և համապատասխանում է DisplayHDR True Black 500 բնութագրին: Սարքի կենտրոնում տեղադրված է Waterdrop ծխնի, որը, ըստ ընկերության, ծալվող տեղում հետքեր չի թողնում:
ZenScreen Fold-ն ունի երկու USB-C, մեկ Mini HDMI միակցիչ, բարձրախոսներ, ականջակալի միակցիչ և հենարան, որի օգնությամբ սարքը կարելի է ամրացնել հորիզոնական և ուղղահայաց դիրքերում։ Բացի այդ, կորպուսի հետևի մասում կա ծալովի ոտք: Սարքի հաստությունը բացված վիճակում կազմում է 9,7 միլիմետր, էկրանը կշռում է 1,17 կիլոգրամ։
Առայժմ տեղեկություններ չկան առաքումների մեկնարկի ամսաթվի մասին։






