Lenovo-ն հետ է կանչում Lenovo Go USB Type-C արտաքին մարտկոցները, որոնք արտադրվել են 2022-ի հունվար-հունիս ամիսներին: Հետկանչի պատճառը, ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, էներգաբանկում հայտնաբերված տեխնոլոգիական թերությունն է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ կարճ միացման, լիթիում-իոնային մարտկոցի գերտաքացման և բռնկման։
Հետկանչը վերաբերում է մոտ 3000 մարտկոցի՝ 40ALLG2WWW և PBLG2W համարներով, որոնք վաճառվել են Միացյալ Նահանգներում, Կանադայում և աշխարհի այլ երկրներում: Օգտագործողներին խորհուրդ է տրվում ստուգել սարքի հետևի մասում մարտկոցի արտադրության ամսաթիվը: Եթե օգտագործած էներգաբանկը արտադրվել է 2022-ի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում (դրանց վրա նշված է 01/22, 02/22, 03/22, 04/22, 05/22 կամ 06/22), ապա դա կարող է վկայել ռիսկի մասին։
Նման ժամկետներ ունեցող էներգաբանկերի տերերին ընկերությունը կոչ է անում դադարեցնել սարքի օգտագործումը և անհապաղ կապ հաստատել սպասարկման կենտրոնի հետ՝ անվճար փոխարինում ստանալու համար: Lenovo-ն նաև զգուշացնում է շրջակա միջավայրի և մարդկանց համար պոտենցիալ վտանգների պատճառով զերծ մնալ թերություն ունեցող էներգաբանկերն ուտիլիզացնելուց՝ խոստանալով անվտանգ վերամշակել հետ կանչված սարքերը:






