Շինարարական աշխատանքներն ուղեկցվում են մեծ քանակությամբ փոշու արտանետմամբ, որը բացասաբար է ազդում քաղաքում օդի որակի վրա, նստում է տների և բնակարանների մակերեսներին և մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում մարդկանց մոտ։
Հնարավո՞ր է արդյոք Երևանում լուծել շինարարական փոշու հետ կապված խնդիրը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը կարծում է, որ այս խնդիրը ներկա պահին գլոբալ, ինստիտուցիոնալ լուծում չունի, կան միայն միջոցառումներ, որոնք կարող են տեղական նշանակություն ունենալ։
Գրիգորյանի խոսքով՝ շինարարական փոշու դեմ պայքարի խնդիրը քննարկվել է Բնապահպանության և Էկոնոմիկայի նախարարությունների մասնագետների և բազմաթիվ այլ շահագրգիռ կողմերի հետ։ Որոշվել է որոշակի փոփոխություններ կատարել օդի աղտոտվածության օրենսդրական կարգավորումներում, որոնց համաձայն՝ կառուցապատողները պետք է շինհրապարակները ցանկապատեն պաշտպանիչ նյութերով, որոնք կկանխեն փոշու տարածումը։ Սակայն այս որոշումը գործնականում դեռ չի կիրառվել, քանի որ դեռ հստակություն չկա, թե դա ինչ նյութ պետք է լինի, ինչ չափանիշների պետք է համապատասխանի և այլն։
«Մենք կարծում ենք, որ պետք է պայքարել փոշու դեմ, բայց դա պետք է անել ողջամտության սահմաններում։ Անհնար է «ակվարիումային» պայմաններ ստեղծել, ողջ շինհրապարակն ամբողջությամբ պատել ցելոֆանով, որ արդյունքում աշխատողները չկարողանան այնտեղ գտնվել, քանի որ պայմաններն անհամատեղելի կլինեն առողջության և կյանքի հետ։ Ամեն ինչ պետք է ողջամիտ լինի»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ շինհրապարակները ցանկապատելու որոշման մանրամասները դեռ քննարկվում են, և երբ ամեն ինչ հաստատվի, այս որոշումն իրականություն կդառնա։
Մասնագետի խոսքով՝ արդյունավետ կարող են լինել նաև փոշու դեմ պայքարի այլ մեթոդներ, օրինակ՝ ջրցան հատուկ համակարգերի կիրառումը, սակայն խնդիրն այն է, որ դրանք չեն կարող հարցի գլոբալ լուծում լինել, այլ կլինեն միայն լոկալ լուծում, քանի որ երեկոյան ժամերին և գիշերը, երբ շինարարական աշխատանքներն արդեն դադարեցված կլինեն, հնարավոր է քամի լինի, որը կսկսի շինհրապարակից փոշին ու ցեմենտը օդ բարձրացնել ու տարածել։
Նույնը վերաբերում է փոշու և ցեխի դեմ պայքարի մեթոդներին, ինչպիսիք են շինհրապարակից դուրս եկող ավտոմեքենաները լվանալը: Այս ամենը, ինչպես նշեց Գրիգորյանը, միայն լոկալ լուծումներ են։
«Մենք միշտ խրախուսում ենք, նույնիսկ կառուցապատողներին կոչ ենք անում օգտագործել տեխնիկական միջոցներ փոշու մակարդակը նվազեցնելու համար, բայց դրանք կրկին տեղական լուծումներ են, և գլոբալ լուծում չկա,- նշեց Գրիգորյանը,- Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է գլոբալ, ինստիտուցիոնալ առումով լուծել այս խնդիրը։ Հանդիպումների ու քննարկումների ընթացքում դեռ չի հաջողվել գտնել գլոբալ լուծման կոնցեպտը»,- ասաց մասնագետը։
Խնդրի լուծման լավ տարբերակ կարող է լինել քաղաքի կանաչապատումը. եթե ավելի շատ ծառեր տնկվեն, ապա դա կբարելավի օդի որակը և կօգնի պայքարել փոշու դեմ: Այնուամենայնիվ, դրանով արդեն կառուցապատողները չէ, որ պետք է զբաղվեն։






