Ի՞նչ է վեբ ծրագրավորումը

Վեբ ծրագրավորողը ստեղծում և սպասարկում է վեբ կայքեր և/կամ վեբ հավելվածներ։ Այլ կերպ ասած՝ վեբ ծրագրավորողը պատասխանատու է այնպիսի ծրագրային կոդի մշակման համար, որը կայքերին և/կամ վեբ հավելվածներին ուղղորդում է՝ «ինչպես աշխատել»։ Նրա ստեղծած կոդից է կախված կայքի արտաքին տեսքը, աշխատանքի արագությունն ու տարողունակությունը՝ կախված նրանից, թե ինչ սարքավորմամբ է այն գործարկվում՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ, խելացի հեռուստացույց և այլն։ Վեբ ծրագրավորողները մասնագիտանում են Front-End, Back-End կամ Full-Stack ուղղություններով։

Front-End վեբ ծրագրավորում

Front-End ծրագրավորողները հիմնականում կենտրոնանում են կայքերի վիզուալ տարրերի վրա։ Այս մասնագետների աշխատանքը ներառում է այն ամենի ծրագրավորումը, ինչը տեսանելի է օգտատերերին։ Այս նպատակով օգտագործվող հիմնական ծրագրավորման լեզուներն են՝ HTML, CSS, JavaScript, React, Angular, jQuery և այլն:

Front-End ծրագրավորողները հիմնականում անում են հետևյալը՝ 

  • Աշխատել գրաֆիկ, UX (user experience-օգտատիրոջ փորձառություն) կամ վեբ դիզայներների հետ՝ ստեղծելու այնպիսի ձևավորման նախագծեր, որոնք հնարավոր կլինի «ծրագրավորել»,
  • Ստեղծված նախագիծը վերափոխել կոդի, որը վեբ բրաուզեր կարող է «կարդալ» և ցույց տալ սարքավորման էկրանին,
  • Կառուցել այնպիսի վեբ կայք, որը հեշտ կլինի գտնել որոնողական համակարգերում (Search Engine Optimization)
  • Հարմարեցնել վեբ կայքի կամ հավելվածի տեսքը բոլոր չափի սարքավորումների համար (ստանալ responsive design)
  • Թեստավորել պատրաստի կայքը, ուղղել սխալները։

Back-End վեբ ծրագրավորում

Back-End ծրագրավորողներն աշխատում են «կուլիսների հետևում» գործող համակարգերի հետ, որոնք տեսանելի չեն օգտատիրոջը։ Այս մասնագետների աշխատանքը կապված է տարբեր, այդ թվում՝ տրամաբանական խնդիրների լուծման հետ։ Այս նպատակով օգտագործվող հիմնական ծրագրավորման լեզուներն են՝ C#, Java, Python, PHP, JavaScript, Ruby, SQL, Kotlin, NodeJS, Go և այլն:

Full-Stack ծրագրավորողներն աշխատում են ինչպես հաճախորդի, այնպես էլ սերվերի կողմից։ Նրանց աշխատանքը հետևյալն է՝

  • Օգնել ստեղծել և կառուցել կայքը կամ հավելվածը, 
  • Թեստավորել և կարգաբերել (debug) կայքը կամ հավելվածը՝ դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով,
  • Գրել կայքի աշխատանքի բոլոր փուլերի համար «մաքուր» կոդ
  • Կառուցել սերվերներ և տվյալների բազաներ,
  • Ստանալ կայքերի responsive կառույցներ։ 

Full-Stack ծրագրավորողները հաճախ կայքերի և հավելվածների ստեղծման ուղղությամբ աշխատող ամբողջական թիմերի ղեկավարներ են (team lead), որոնք, տեսնելով կայքի ստեղծման «ամբողջական պատկերը», կարողանում են համակարգել յուրաքանչյուր փուլի աշխատանքը։

Ծրագրավորման հետ առնչություն ունեցող աշխատանքներում հաճախ հանդիպող Intern, Junior, Middle և Senior հասկացությունները կիրառվում են նաև վեբ ծրագրավորման աստիճանակարգման համար։ Փորձենք հասկանալ, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում։

5714.jpg (117 KB)

Intern (ստաժոր) մակարդակում են գտնվում այն վեբ ծրագրավորողները, որոնք 

  • Չունեն աշխատանքային փորձ և նոր են սկսել որևէ լեզու սովորել։
  • Տիրապետում են անգլերենին և ունեն մաթեմատիկական գիտելիքներ
  • Տիրապետում են իրենց ընտրած ծրագրավորման լեզվի «շարահյուսությանը» (syntax)

Junior (կրտսեր) վեբ ծրագրավորողների համար հիմնական պահանջներն են՝

  • տեխնիկական խնդիրների ինքնուրույն լուծում,
  • Ծրագրավորման լեզուների հետ աշխատանքի որոշակի փորձ, (հիմնականում՝ HTML-ի ամբողջական իմացություն, CSS-ի և JavaScript-ի բազային իմացություն)
  • վերլուծական, քննադատական միտք, տրամաբանություն։

Junior մակարդակից Middle (միջին) մակարդակի անցումը տևում է միջինը 2-3 տարի։ Այս մակարդակի ծրագրավորողները պետք է ունենան՝

  • Մի քանի նախագծերում աշխատանքային փորձ,
  • Ծրագրավորման լեզուների, կառուցակարգերի իմացություն,
  • Կարգաբերման (debug) կարողություն:

Senior (ավագ) մակարդակի ծրագրավորողը մեծ փորձառություն ունեցող և գիտելիքներ ունեցող մասնագետ է։ Այս մակարդակի համար սահմանվող հիմնական պահանջներն են՝

  • Նախագծի ստեղծման, ղեկավարման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ,
  • Ծրագրավորման լեզուների խորը իմացություն, 
  • Կառավարման փորձ,
  • Համակարգային կաղապարների իմացություն (system frameworks)
  • Տվյալների բազաների ստեղծման և կառավարման փորձ։

Վեբ ծրագրավորողի աշխատանքը Հայաստանում

Վեբ ծրագրավորողի աշխատանքը ոչ միայն ամենապահանջվածներից է Հայաստանում, այլև ամենաբարձր վարձատրվողներից մեկն է։

Այս ոլորտի մասնագետները հայկական ընկերություններում վաստակում են 150 000 դրամից (կրտսեր մասնագետները) մինչև 6 000 000 դրամ (ավագ մասնագետները)։ Աշխատավարձի չափը, բնականաբար, կախված է աշխատանքային փորձից և մակարդակից, ինչպես նաև մասնագիտացումից։

Front-End ծրագրավորողները վաստակում են 80 000 - 1 400 000 դրամ, Back-End ծրագրավորողները՝ 150 000 -  4 000 000 դրամ: Իսկ Full Stack ծրագրավորողի աշխատանքը Հայաստանում գնահատվում է 400 000 - 2 000 000 դրամի միջակայքում։ 

dtfv.jpg (27 KB)

Աշխատանքի հայտարարություններից դատելով՝ առավել պահանջված են Front-End և Back-End ծրագրավորողները։