Լյուքս դասի Hermes ապրանքանիշը ներկայացրել է գառան կաշվից պատրաստված սթիքեր, որը կարող է կիրառվել նոութբուքի տեսախցիկը փակելու համար հնարավոր գաղտնի տեսանկարահանումից պաշտպանվելու նպատակով: Նորույթի կարմիր, դեղին և մոխրագույն տարբերակների հավաքածուն նորաձևության տան առցանց խանութում վաճառվում է 125 ֆունտ ստեռլինգով։
Hermes-ի առցանց խանութում նաև ասվում է, որ նոր սթիքերները կարող են օգտագոծվել ոչ միայն նոութբուքի տեսախցիկը փակելու, այլ նաև ակնոցը նորոգելու, ինչ-որ թերություն քողարկելու, դրանց օգնությամբ լուսանկարներ կախելու և ռոմանտիկ հաղորդագրություններ փակցնելու համար։ Նոր սթիքերներով հնարավոր է նաև լարեր կապել միմյանց, անհատականացնել հագուստն ու կոշիկները։
Ընկերությունը նշում է, որ սթիքերների բարձր գինը պայմանավորված է կաշվի որակով․ այն գերփափուկ է և առաձգական։ Չափերը 9,9x2,4 սմ են, սակայն չափերը կարող են փոքր-ինչ տարբերվել, քանի որ յուրաքանչյուր սթիքեր ձեռքով է ստեղծվում։











