Glovo-ի առաքիչները Հայաստանում կարող են ամսական մինչև 2000 եվրո վաստակել, սակայն շատերի համար դեռևս արդիական կարծրատիպերի պատճառով մեր երկրում առաքիչներ գտնելը բավականին դժվար է. շատերը կարծում են, որ այս աշխատանքն իրենց արժանապատվությունից ցածր է: Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Glovo-ի ընկերության տեխնիկական գծով տնօրեն Նարեկ Վերդյանը։
Նա խոսեց նաև այն մասին, թե ինչպես է Glovo-ն աշխատում Հայաստանում, ինչ դժվարությունների է հանդիպում և ինչ են մարդիկ ամենից հաճախ պատվիրում։
Առաքիչներն ու կարծրատիպերը
Երևանի, Գյումրու և Վանաձորի բնակիչները հետաքրքրված են Glovo-ի ծառայություններով, ցանկանում են պատվերներ կատարել, սակայն, ըստ Վերդյանի, խնդիր կա առաքիչների հետ, որոնք կարող են այդ պատվերները առաքել։ Կարծես թե հայաստանցիներն այնքան էլ չեն ցանկանում առաքիչ աշխատել՝ չնայած բարձր վաստակին։
«Եթե Երեւանը համեմատեմ Թբիլիսիի հետ, Թբիլիսիում 10-20 անգամ ավելի շատ առաքիչ ունենք: Դա ձեռնտու աշխատանք է: Եթե առաքիչը մեկ շաբաթ աշխատի ժամը 09։00-ից 17։00-ը, կվաստակի 350 000 դրամ: Իսկ մեր լավագույն 20-30 առաքիչներն աշխատում են ամսական 2000 եվրո: Ինձ համար պարադոքսալ է, որ մարդիկ չեն ուզում աշխատել որպես առաքիչ: Որոշ մարդիկ համարում են, որ դա ամոթ է», - նշեց Վերդյանը:
Այլ երկրներում, նրա խոսքով, նման խնդիր կարծես թե չկա:
«Օրինակ, Եվրոպայում ռոմանտիկ բան կա դրա մեջ, շատ ուսանողներ են դրանով զբաղվում, որ կարողանան հոգալ իրենց ծախսերը, կան նաեւ մարդիկ, որ ինչ-որ ժամանակ աշխատանք չունեն եւ դրանով են սկսում: Իսկ Հայաստանում կարծրատիպեր կան այդ առումով», - ասաց Նարեկ Վերդյանը:
Հետաքրքիր է, որ առաքիչը հատուկ հմտությունների կարիք չունի՝ նույնիսկ պարտադիր չէ մեքենա վարել։
«Տարբեր տեսակի առաքիչներ ունենք, կան, որ, օրինակ, մեքենա չեն վարում, քայլում են ուղղակի քաղաքի կենտրոնով: Երեւանի կենտրոնում շատ պատվերներ ունենք: Այս պահին ունենք 150-200 առաքիչ, բայց երբ համեմատում եմ նույն մեծության այլ քաղաքների հետ, այդ թվում տարածաշրջանում, 4-5 անգամ ավելի շատ առաքիչներ են պետք մեզ: Ինձ թվում է պատճառը կարծրատիպերն են, կամ էլ մենք այնքան զարգացած երկիր ենք, որ մարդիկ մտածում են՝ դա այն գործը չի, որ իրենք ուզում են անել»:
Վերդյանի խոսքով, եթե առաքիչների հետ կապված խնդիրը լուծվի, ընկերությունը կընդլայնվի և կգնա Հայաստանի այլ քաղաքներ։
Glovo-ն Հայաստանում
Glovo-ն Հայաստան է եկել գրեթե մեկ տարի առաջ։ Այսօրվա դրությամբ ընկերության թիմում ընդգրկված է 17 մարդ, սակայն ժամանակ առ ժամանակ մեկ շաբաթից մինչև երկու ամիս ժամկետով Բարսելոնայից մասնագետներ են գալիս՝ կիսվելու իրենց փորձով և օգնելու զարգացման գործընթացում։
Վերդյանի խոսքով, դեռեւս չկա մտադրություն Հայաստանում Glovo-ի տեխնիկական թիմ ունենալ.
«Glovo-ի տեխնիկական թիմը 900 հոգի է, ու դեռ կարող է ընդլայնվել, բայց երբ խոսում եմ Հայաստանի նախկին կոլեգաներիս հետ, այստեղ էլ է դժվար մասնագետներ գտնելը: Ու եթե Glovo-ն բացվի այստեղ, պետք է ուրիշ կազմակերպություններից մարդկանց տանենք Glovo, իսկ դա ոչ մի խնդիր չի լուծում: Դրա համար այնքան էլ առաջնային չէ այդ խնդիրը»:
Չորսկողմանի հարթակ
Glovo-ն, Նարեկ Վերդյանի խոսքով, չորսկողմանի հարթակ է.
«Մի կողմից մարդիկ են, որոնք պատվիրում են ոչ միայն ուտելիք, այլև առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, ցանկացած բան: Մարդիկ կարող է մեզ գրեն՝ ինձ այսինչ բանն է հարկավոր այս գնի սահմաններում, մենք կգտնենք ու կբերենք:
Երկրորդը մեզ հետ համագործակցողներն են՝ ռեստորաններ, դեղատներ, սուպերմարկետներ:
Երրորդը մեր առաքիչներն են, որ այս պահին փորձում ենք Հայաստանում ավելի շատ գտնել, բայց դա լուրջ խնդիր է:
Եվ չորրորդը, մենք ունենք մեծ, աշխարհահռչակ բրենդներ՝ «Կոկա կոլա», «Ռեդ բուլ», որոնք մաս են կազմում մեր հարթակին, որովհետեւ իրենք էլ են հետաքրքրված, թե որքանով մենք իրենց առաջ կմղենք մեր հարթակում»,- ասաց Վերդյանը:
Հայաստանում ամենից հաճախ սնունդ են պատվիրում
Նրա խոսքով, այսօր ընկերությունը գործում է Լեհաստանում, Ուկրաինայում, Իտալիայում, Հայաստանում, Վրաստանում, աֆրիկյան երկրներում: Տարբեր երկրներում մարդիկ հարթակից տարբեր ձևերով են օգտվում՝ տարբեր պատվերներ կարող են անել, տարբեր ժամերի և այլն։
Մասնավորապես, Հայաստանում հաճախորդների մեծ մասը սնունդ է պատվիրում:
«Հիմա համագործակցում ենք նաեւ սուպերմարկետների հետ, օրինակ, «Քարֆուրի» հետ, սկսում են զարգանալ, որ խանութ գնալու փոխարեն մարդիկ կարող են պատվիրել: Նաեւ ունենք առաքման ծառայություն, որ առաքիչը գա, ինչ-որ բան տեղափոխի Ա կետից Բ կետ: Եվրոպայում եւ Աֆրիկայում մարդիկ շատ են օգտվում դրանից:
Մեր փորձը ցույց է տալիս, որ այն փոքր սննդի կետերը, որոնք օրական ասենք 15-20 ուտելիք են պատրաստում, երբ սկսում են Glovo-ով վաճառել, 10-20 անգամ ավելի շատ են վաճառում եւ սկսում է այդ փոքր տնտեսությունն ակտիվանալ: Հիմա այդ ուղղությունն ենք ուզում ակտիվացնել:
Մենք հիմա ամեն ինչ այնքան ենք հեշտացրել, որ սննդի այդ փոքր կետերի տերերին պետք է պարզապես ունենալ սմարթֆոն: Նրանք ամեն ինչ կարող են անել անգամ առանց Glovo-ի հետ կապվելու: Իրենք պարզապես գրանցվում են, իրենց տվյալներն են դնում, մենյուն են ստեղծում, նկարներ են դնում ու վերջ: Ու միանգամից կհայտնվեն որպես սննդի կետ եւ այլ մարդիկ կարող են պատվիրել: Այդ հնարավորությունն այսօր էլ կա», - ասաց Վերդյանը:
Գորիսի բնակիչը՝ Իսպանիայում առաջին միաեղջյուր ընկերության տնօրեն
Նարեկ Վերդյանը Գորիսից է։ Խոսելով այն մասին, թե ինչպես է դարձել Իսպանիայում առաջին միաեղջյուր՝ unicorn ընկերության, ինչպես նաև Glovo Armenia-ի տնօրենը, նա նշեց, որ մեծ դեր է խաղացել այն փաստը, որ ամերիկացի կամավորները հաճախ գալիս էին Գորիս և գործնական անգլերեն են դասավանդում իրենց դպրոցի սաներին։
«Գորիսում միակ դասարանում էի, որտեղ օտար լեզուն անգլերենն էր: Դա մեծ պատճառ է եղել, որ իմ կարիերան դասավորվեց այսպես: Ամերիկացի կամավորների շնորհիվ հետո կարողանում էի շփվել արտասահմանցիների հետ»:
Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում, իսկ երկրորդ կուրսից սկսել է աշխատել Laikos-ում՝ որպես Java ծրագրավորող։
2010 թ. նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է աշխարհի ամենամեծ տուրիստական հարթակում։
Այժմ Վերդյանն ապրում է Բարսելոնայում և աշխատում է որպես տեխնիկական գծով տնօրեն Glovo-ում, որն առաջին միաեղջյուրն էր Իսպանիայում եւ որի արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am






