PayPal-ը մտադիր չէ տուգանել այն օգտատերերին, որոնք իր հարթակն օգտագործում են «ապատեղեկատվություն տարածելու» համար։ Ընկերությունը պնդում է, որ ավելի վաղ տարածված ծանուցումը, որը տեղեկացնում էր նման փոփոխություն ենթադրող նոր քաղաքականության մասին, ուղարկվել է «սխալմամբ»:
Վերջերս համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ PayPal-ը թարմացրել է իր հարթակի օգտագործման քաղաքականությունը (Acceptable Use Policy, AUP) և ընդլայնել արգելված գործողությունների ցանկը։ Նոր քաղաքականությունը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 3-ից։ Արգելված գործողությունների ցանկն այժմ ներառում էր «ցանկացած հաղորդագրություն, բովանդակություն կամ նյութ ուղարկելը, տեղադրելը կամ հրապարակումը», որը «ապատեղեկատվություն է տարածում» կամ «վտանգ է ներկայացնում օգտատիրոջ անվտանգության կամ բարեկեցության համար»: Այս կետը խախտողները տուգանվելու էին 2500 դոլարի չափով, գումարը կարող էր հանվել նրանց PayPal հաշվից:
Այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։
PayPal-ի նախկին նախագահ Դեյվիդ Մարկուսը Twitter-ում գրեց, որ եթե «մասնավոր ընկերությունն այժմ կարող է որոշել վերցնել ձեր գումարը, եթե համաձայն չէ ձեր ասածի հետ», ապա դա պարզապես «խելագարություն» է և «հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ»:
It’s hard for me to openly criticize a company I used to love and gave so much to. But @PayPal’s new AUP goes against everything I believe in. A private company now gets to decide to take your money if you say something they disagree with. Insanity. https://t.co/Gzf8faChUb
— David Marcus (@davidmarcus) October 8, 2022
Նրա հետ համաձայնեց նաև Իլոն Մասկը, որը հաճախ է արտահայտվում խոշոր ընկերությունների մասին, որոնք փորձում են գրաքննություն մտցնել։
Agreed
— Elon Musk (@elonmusk) October 8, 2022
Twitter-ի մի քանի հարյուր օգտատերեր, իրենց հերթին, հայտարարեցին, որ մտադիր են ջնջել PayPal-ում իրենց հաշիվները։ Ձեռնարկատեր Դեյվիդ Սաքսը նույնպես մարդկանց խորհուրդ տվեց հանել իրենց գումարները այս ծառայությունից։
Հայտնների և սովորական օգտատերերի բացասական արձագանքը, ըստ երևույթին, հանգեցրեց նրան, որ PayPal-ը հրաժարվեց նախատեսվող փոփոխություններից և հայտարարեց, թե դրանց մասին տարածված տեղեկությունը սխալ է։ Ընկերության ներկայացուցիչները նամակ են գրել National Review-ի խմբագիրներին, որտեղ նշվում է հետևյալը.
«AUP-ի վերաբերյալ ծանուցումն ուղարկվել է սխալմամբ և պարունակում է ոչ ճիշտ տեղեկություն: PayPal-ը չի պատժում մարդկանց ապատեղեկատվության համար, և այս ձևակերպումը երբեք նախատեսված չի եղել մեր քաղաքականության մեջ ներառելու համար: Մեր թիմերն աշխատում են մեր էջերը կարգի բերել ուղղությամբ՝ ըստ մեր ծառայությունների մատուցման պայմանների: Ներողություն ենք խնդրում այս սխալի պատճառով առաջացած շփոթության համար»։
Սակայն վնասը, ինչպես ասում են, արդեն հասցված է։ «#BankruptPayPal»-ը շարունակում է մնալ Twitter-ի թրենդային թեգերից մեկը, իսկ օգտատերերը, հասկանալի պատճառներով, թերահավատորեն էին վերաբերվում ընկերության գրառմանը:






