Apple-ը ցուցադրել է դեղին iPhone 14 և iPhone 14 Plus․ ինչո՞վ են դրանք տարբերվում շարքի մյուս սմարթֆոններից

15 մարտի, 2023  16:14

Apple ընկերությունը հրապարակել է նոր տեսահոլովակ, որում ներկայացնում է դեղին iPhone 14 և iPhone 14 Plus սմարթֆոններ, որոնք արդեն վաճառքում են։

Գույնի նոր տարբերակը կրկին ուշադրություն է հրավիրել iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի վրա, որոնք թողարկվել են անցյալ տարվա աշնանը: Նախնական պատվերներն սկսվել են ուրբաթ օրը, իսկ առաջին առաքումները հաճախորդներին սկսվել են երեկ՝ մարտի 14-ին: Սարքերում, բացի գույնից, այլ փոփոխություններ չկան:

iPhone 14-ը հագեցած է 6,1 դյույմանոց էկրանով, իսկ iPhone 14 Plus-ն ունի ավելի մեծ՝ 6,7 դյույմանոց էկրան։ Սարքի հիմնական նոր առանձնահատկությունները ներառում են տեսախցիկի բարելավումները, ինչպիսիք են Actiom Mode-ը, մարտկոցի երկարակեցությունը, վթարի հայտնաբերումը և արտակարգ իրավիճակներում արբանյակի միջոցով արվող զանգերը: ԱՄՆ-ում սարքերը համատեղելի են միայն eSIM-ի հետ: Գունային այլ տարբերակները ներառում են սև (Midnight), աստղափայլ սպիտակ (Starlight), կապույտ, մանուշակագույն և կարմիր։

Նշենք, որ հենց այս երկու մոդելները վաճառքի բավական ցածր ցուցանիշներ ունեն։ Ըստ ոլորտի փորձագետների՝ բազային iPhone 14-ի հանդեպ հետաքրքրության բացակայությունը միանգամայն հասկանալի է, քանի որ նոր սմարթֆոնն իրականում քիչ բանով է տարբերվում անցած տարվա մոդելից՝ iPhone 13-ից։ Ինչ-որ փոփոխություններ, իհարկե, կան. էկրանն ավելի մեծ է, պրոցեսորը մի փոքր արագագործ է դարձել և փոքր-ինչ բարելավվել են տեսախցիկները։ Բայց մնացած առումներով այն նույն iPhone 13-ն է, դրա համար էլ շատ օգտատերեր պարզապես իմաստ չեն տեսնում հինը նորով փոխելու մեջ։

Ինչ վերաբերում է iPhone 14 Plus-ն, ապա այն ինքնին այնքան էլ վատը չէ, սակայն խնդիրն այն է, որ այսօր մրցակցությունը չափազանց մեծ է, և այլ սմարթֆոնների, նույնիսկ Apple-ի սմարթֆոնների հետ համեմատած, iPhone 14 Plus-ը հետ է մնում շատ չափանիշներով։ iPhone 14 Plus-ի օգտատերերը բողոքում են iOS 16-ի աշխատանքից, տեսախցիկների խափանումներից, և նման գնահատականներն այն առանձնապես գրավիչ չեն դարձնում նոր գնորդների համար: Վաճառքի ձախողման հարցում մեծ դեր է խաղացել նաև այն, որ նույն գումարով կամ նույնիսկ ավելի էժան կարելի է գնել iPhone 13 Pro Max, որը, ամեն դեպքում, ավելի լավ բնութագրեր ունի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ