Գտնվել է խորհրդավոր մոլորակ, որը, հավանաբար, վերածվում է ջրային աշխարհի

15 մարտի, 2023  18:07

HD-207496b կոչվող էկզոմոլորակի վերլուծությունը ցույց է տվել, որ այս աշխարհը, որի զանգվածը և շառավիղը համապատասխանաբար 6,1 և 2,25 անգամ մեծ են Երկրի զանգվածից և շառավղից, ունի կա՛մ գազային մթնոլորտ, կա՛մ բաղկացած է ջրից, կա՛մ էլ երկուսի խառնուրդից: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ, ըստ երևույթին, այս մոլորակն աստիճանաբար փոքրանում է չափերով, և ի վերջո այն կարող է վերածվել սուպերերկրի, մոլորակի, որն իր զանգվածով ավելի մեծ է Երկրից, բայց փոքր է Նեպտունից։

Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Astronomy & Astrophysics ամսագրում և հասանելի է arXiv կայքում, կարող է օգնել աստղագետներին լուծելու էկզոմոլորակների հայտնաբերման առեղծվածը։

Մինչ օրս աստղագետները հայտնաբերել և հաստատել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոտ 5300 աշխարհների գոյությունը, իսկ հերթում գրեթե երկու անգամ ավելի շատ չհաստատված թեկնածուներ կան: Այս տեղեկության շնորհիվ գիտնականները կարող են կատարել վիճակագրական վերլուծություն մոլորակային համակարգերի միտումները բացահայտելու համար: Պարզվում է, որ 100 օրից կարճ ուղեծիր և Երկրի զանգվածից 1,5-2 անգամ մեծ զանգված ունեցող էկզոմոլորակների «սակավություն» կա: Այս դեֆիցիտը հայտնի է որպես «փոքր շառավղով մոլորակների հովիտ»։

Այս «հովտի» առաջացման պատճառները լիովին պարզ չեն, սակայն շարունակ ավելացող ապացույցները վկայում են, որ դրա հետ առնչություն ունի հարևանությամբ գտնվող աստղը: Հնարավոր է, որ որոշակի կրիտիկական շեմից ցածր զանգվածի դեպքում էկզոմոլորակը պարզապես չի կարողանում պահպանել իր մթնոլորտը, և գազը գոլորշիանում է աստղի ճառագայթման ազդեցության տակ։

Երբ NASA-ի էկզոմոլորակների հայտնաբերմամբ զբաղվող TESS արբանյակը հայտնաբերեց էկզոմոլորակ, որի շառավիղը 2,25 անգամ գերազանցում է Երկրի շաղավղին և որը 6,44 օրում պտտվում է նարնջագույն գաճաճ HD-207496 աստղի շուրջը, գիտնականները դիմեցին HARPS աստղադիտակի օգնությանը այն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար: HARPS-ի տվյալները ցույց տվեցին, որ HD-207496b-ի զանգվածը մոտ 6,1 անգամ մեծ է Երկրի զանգվածից:

Սա նշանակում է, որ էկզոմոլորակի խտությունը կազմում է մոտ 3,27 գրամ մեկ խորանարդ սանտիմետրում։ Սա զգալիորեն քիչ է, քան Երկրի խտությունը՝ 5,51 գրամ/խորանարդ սանտիմետր. հավանական է, որ HD-207496b-ն ամբողջությամբ քարքարոտ չէ: Հետևաբար, հետազոտողները սիմուլյացիաներ են անցկացրել՝ պարզելու, թե ինչից է կազմված այս աշխարհը:

«Մենք պարզեցինք, որ HD-207496b-ն ավելի ցածր խտություն ունի, քան Երկիրը, և, հետևաբար, ակնկալում ենք, որ այն իր բաղադրության մեջ կունենա զգալի քանակությամբ ջուր և/կամ գազ,- գրել են հետազոտողները իրենց հոդվածում,- Մոլորակի ներքին կառուցվածքի մոդելավորման հիման վրա մենք եզրակացրինք, որ կա՛մ մոլորակը հարուստ է ջրով, կա՛մ գազով, կա՛մ երկուսի խառնուրդով»:

Գոլորշիացման սիմուլյացիաները ցույց են տվել, որ եթե էկզոմոլորակն ունի գազով հարուստ մթնոլորտ (ջրածնով և հելիումով), ապա այս վիճակը ժամանակավոր է. 520 միլիոն տարվա ընթացքում աստղն ամբողջությամբ կզրկի էկզոմոլորակին իր մթնոլորտից: Հնարավոր է նաև, որ մթնոլորտն արդեն անհետացել է, իսկ HD-207496b-ն արդեն զուտ ջրային աշխարհ է։

«Ընդհանուր առմամբ,- գրում են հետազոտողները,- մենք ակնկալում ենք, որ մոլորակը բաղկացած կլինի և՛ ջրից, և՛ գազից ու գոյություն կունենա այս երկու մոդելների միջև»:

HD-207496 աստղը համեմատաբար երիտասարդ է՝ մոտ 520 միլիոն տարեկան։ Սա նշանակում է, որ այն հազվագյուտ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու այս էկզոմոլորակներից մեկի էվոլյուցիայի վաղ փուլերը՝ նախքան այն կվերափոխվի սուպերերկրի, եթե դա առհասարակ տեղի ունենա HD-207496b-ի հետ:


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ