YouTube-ը կթույլատրի տեսանյութերում հայհոյել. ո՞ր վայրկյանից է դա կարելի և արդյո՞ք կազդի մոնետիզացիայի վրա

9 մարտի, 2023  15:02

YouTube-ը թուլացնում է ոչ նորմատիվային խոսքի վերաբերյալ իր կանոնները, որոնք ներկայացվել էին անցյալ տարվա վերջին և մեծ վրդովմունք առաջացրել հեղինակների շրջանում: Այժմ արդեն YouTube-ում բովանդակություն ստեղծողները կկարողանան օգտագործել չափավոր և ուժեղ ոչ նորմատիվային խոսք, ինչը չի ազդի տեսանյութի մոնետիզացիայի վրա (նախկինում մոնետիզացիան անջատվում էր նման դեպքում)։

Ինչպես տեղեկացնում է Techcrunch-ը, 2022 թ․ նոյեմբերից YouTube-ում ուժի մեջ է մտել նոր քաղաքականությունը, ըստ որի՝ ցանկացած տեսանյութ, որի առաջին 15 վայրկյանում ոչ նորմատիվային խոսք (հայհոյանք) էր հնչում, ապա այն ինքնաբերաբար դառնում էր մոնետիզացիայի համար ոչ պիտանի. YouTube-ը նման տեսանյութերում գովազդ չէր ցուցադրում, և փաստորեն այդ կանոնի պատճառով շատ հեղինակներ զրկվում էին մոնետիզացիայի հնարավորությունից։

Այժմ կանոնները կրկին փոխվել են. այսուհետ բովանդակություն ստեղծողները սահմանափակ գովազդի իրավունք կունենան, նույնիսկ եթե տեսանյութի առաջին մի քանի վայրկյանների ընթացքում օգտագործվում է խիստ ոչ նորմատիվային խոսք: Եվ առաջին յոթ վայրկյանից հետո չափավոր կամ ուժեղ ոչ նորմատիվային խոսք պարունակող տեսանյութը կարող է մոնետիզացվել, եթե տեսանյութի մեծ մասում հայհոյանք չի օգտագործվում:

YouTube-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոյեմբերի թարմացումներից հետո հեղինակներին մոնետիզացիայից զրկելու որոշումները կարող են վերանայվել, և որոշ հեղինակներ կկարողանան նորից սկսել եկամուտ ստանալ գովազդից:

Ինչ վերաբերում է երգերում կիրառվող հայհոյանքներին, ապա չափավոր կամ ուժեղ ոչ նորմատիվային խոսքը, որն օգտագործվում է ֆոնային, մինուսային երաժշտության մեջ, երաժշտության բացման և փակման հատվածներում, այժմ կարող է ամբողջ գովազդից եկամուտ բերել, մինչդեռ նախկինում նման բովանդակությունը եկամուտ չէր բերի։

Այնուամենայնիվ, նախկինի պես չի կարելի ոչ նորմատիվային խոսք օգտագործել տեսանյութերի վերնագրերում և մանրապատկերում (thumbnail), եթե ցանկանում եք եկամուտ ստանալ գովազդից:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ