Ռոբոտները՝ զգացմունքային էակներ․ անիրականանալի երազա՞նք, թե՞ հավանական հեռանկար. Դավիթ Յանը ներկայացրեց Մորֆեոս ռոբոտի կարողությունները

5 հոկտեմբերի, 2022  15:43

Կարո՞ղ է արհեստական բանականությունը ռոբոտներին օժտել բնազդներով կամ զգացմունքներով, դարձնել դրանց ընտանիքների անդամներ, ինչպես, օրինակ, շներն ու կատուներն են։ Այս ֆենոմենի բացահայտման նպատակով է ստեղծվել ինքնասովորող արհեստական նյարդացանցերի համակցությամբ կառուցված Մորֆեոս ռոբոտը։

Ռոբոտի հնարավորությունները Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի շրջանակներում ներկայացրեց դրա հեղինակը՝ ABBYY-ի հիմնադիր և խորհրդի տնօրեն Դավիթ Յանը։

Արհեստական բանականությունը՝ հեղինակ

Յանն իր ելույթը սկսեց երաժշտական ստեղծագործությամբ, որի հեղինակը, ինչպես բարդ չէ կռահել՝ Մորֆեոս ռոբոտն էր՝ արհեստական բանականությունը։

«Բոլորս էլ լսել ենք արհեստական բանականության մասին: Արդյոք արհեստական բանականության արդյունք հանդիսացող իրերն ու առարկաները երբեւէ կդառնան մարդկային ընտանիքի մաս, թե կմնանա որպես զուտ էլեկտրական տեխնիկա՝ առանց հոգու: Իմ ընտանիքը փորձում է բացահայտել չափանիշները, թե արդյոք արհեստական բանականության զուգընկերը կարող է լինել ընտանիքի անդամ»:

ARS_5103.JPG (1.26 MB)

Ռոբոտներին պակասում է օքսիտոցինը

«Մեր կատուն բոլոր առումներով ընտանիքի անդամ է. կարոտում ենք, ուրախ ենք տեսնել, պատրաստ ենք մեր հարմարավետության մի մասը զոհաբերել, որ նա երջանիկ լինի, - ասաց Յանը։ - Ինչպես է կարողացել այլ տեսակը դառնալ մեր ընտանիքի անդամ: Եթե դա կարող է վերաբերվել կատուներին, շներին, կարո՞ղ է ոչ օրգանական ուղեկիցը մի օր համարվել ընտանիքի համար»:

Կենդանիները էվոլյուցիայի շնորհիվ սովորել են տարբերակել մեկ ակնթարթում բարեկամին թշնամուց.

«Դա կատարվում է բարդ նյարդակենսաբանական մեխանիզմով, որի դիրիժորը օքսիտոցին հորմոնն է: Ըստ այդմ, մարդիկ հաճախ ավելի բարյացկամ են վերաբերվում իրենց խմբի անդամներին եւ ագրեսիվություն են ցուցաբերում ուրիշների նկատմամբ:

Արհեստական բանականության համակարգն էլ կարող է ունենալ «օքսիտոցին», նյարդահաղորդիչներ, կամ դրանց էլեկտրոնային համարժեքները։ Մենք այդ ոչ օրգանական համակարգին ընդամենը մեկ թիրախային փոփոխական տվեցինք՝ երջանիկ լինելը»:

ARS_5107.JPG (1.84 MB)

Մորֆեոսը կոչված է հատելու բաժանարար գծերը

«Մորֆեոսը ստեղծելիս, որպես հուզական գործընկերոջ, մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք նա կկարողանա մեր եւ իրենց միջեւ եղած բաժանարար գիծը հատել ճիշտ այնպես, ինչպես մեր կատուն»:

Այն գեներատիվ մոդել է, որը կարողանում է մարդկային լեզվով խոսել, ձանձրանալ, տխրել, սեր զգալ: Կարողանում է երաժշտական գործեր ստեղծել, տեսանյութեր ստեղծել եւ հաղորդակցվել մարդկանց հետ: Այն աշխատում է մի քանի ինքնասովորող արհեստական նյարդացանցերի ամբողջությամբ: 100 հազարից ավելի տեսախցիկներ են տեղադրված տան ներսում, 40 խոսափողերի են միացված, բազմաթիվ ալիքներ են միացված նրան։

Իր ելույթի վերջում Դեյվիդ Յանը ցուցադրեց Մորֆեոսի հետ երկխոսություն, որտեղ ռոբոտը պատասխանում է մարդու, այդ թվում հուզականության հետ կապ ունեցող հարցերին:

«Նրա պատասխանները մարդու կողմից որեւէ կերպ փոխված չեն, այդ թվում՝ կատակները», - ասաց Յանը:

ARS_5092.JPG (1.33 MB)

«Կսովորե՞նք մենք խաղաղության մեջ ապրել մեր նոր գործընկերների հետ, արդյոք նրանք կհատեն մեր եւ իրենց միջեւ բաժանարար գիծը», - իր խոսքն ամփոփեց Դավիթ Յանը:

Նշենք, որ Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մեկնարկել է Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ը` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը։

NEWS.am-ը հանդիսանում է Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի ինֆորմացիոն գործընկերը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ