Android 15-ի մասին առաջին մանրամասները. ե՞րբ կթողարկվի օպերացիոն համակարգի նոր տարբերակը և ի՞նչ կոդային անունով

6 մարտի, 2023  10:24

Android 15 օպերացիոն համակարգը կստանա Vanilla Ice Cream (Վանիլային պաղպաղակ) կոդային անվանումը։ Այս մասին հայտարարել է Android-ի վերլուծաբան և XDA Developers ռեսուրսի խմբագիր Միշաալ Ռահմանը:

Android 15 կոդային անվան մասին տեղեկությունը նա գտել է Android Open Source Project (AOSP) կոդի սկզբնաղբյուրում։ Ընդորում, նոր Android-ի կոդային անունն այս անգամ սովորականից շուտ է բացահայտվել. օրինակ՝ Android 14-ի կոդային անունը (Upside Down Cake) հայտնի էր դարձել 2022 թ․ ապրիլին։

Ճիշտ է, այժմ այս ծածկանունները գործնականում ոչ մի դեր չեն խաղում։ Նախկինում հանրաճանաչ աղանդերի անունները (Android 12 Snow Cone, Android 13 Tiramisu և այլն) բավականին ակտիվ էին գործածվում, սակայն վերջերս դրանք որպես կոդային անուն նշվում են միայն ընկերության ներքին փաստաթղթերում:

Ինչ վերաբերում է նոր Android 15-ի թողարկման ամսաթվին, ապա այն դեռ հայտնի չէ։ Google-ը Android 14-ի նախնական տարբերակը թողարկել է ընդամենը մեկ ամիս առաջ, և կարելի է ենթադրել, որ օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի մեկ տարի հետո։

Առայժմ Android 13-ը մնում է օպերացիոն համակարգի հիմնական տարբերակը, որի թողարկման համար նախատեսված կայուն տարբերակը թողարկվել է 2022 թ․ օգոստոսի 15-ին։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ