Հայկական 10Web-ի նոր պրոդուկտը՝ AI Assistant-ը, Product Hunt-ում է

17 փետրվարի, 2023  10:05

Հայկական 10Web ընկերության մշակած նոր պրոդուկտը՝ AI Assitant-ը, արդեն ներկայացված է Product Hunt տեխնոլոգիական նոր ապրանքների հարթակում։

AI Assistant-ը նորարարական գործիք է, որն աշխատում է արհեստական բանականությամբ։ Այն հնարավորություն է տալիս շտկել բովանդակության՝ որոնողական համակարգերի օպտիմիզացման (SEO) տեսանկյունից առկա թերացումները, բանալի արտահայտությունների ու SEO-ի վերլուծության սխալները և այդպիսով օգնում է WordPress օգտագործողներին ստեղծելու այնպիսի բովանդակություն, որը կբարելավի կայքի որոնման համակարգի վարկանիշը, ինչի շնորհիվ որոնողական համակարգերն ավելի շուտ կգտնեն տվյալ կայքը։

10Web, որը մասնագիտացած է վեբկայքեր պատրաստելու մեջ, արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոսթինգի և արագության օպտիմիզացիայի աշխատանքները և ունի կայքերի աճի համար լայնածավալ գործիքակազմ։

2013թ․ ստեղծված Product Hunt-ը հարթակ է, որտեղ ՏՏ ոլորտի ընկերությունները ներկայացնում են իրենց նոր պրոդուկտները։ Այստեղ ներկայացվում են ապրանքներ, որոնք ցուցակագրվում են գծային ձևաչափով՝ ըստ օրերի։ Կայքը ներառում է մեկնաբանությունների համակարգ և քվեարկության համակարգ, որը նման է Hacker News-ին։

«Շնորհակալություն բոլորիդ Product Hunt-ում մեզ նման սեր և աջակցություն ցուցաբերելու համար: Մինչ այժմ 500 կողմ ձայներով 10Web AI Assistant-ը հաջողության ճանապարհին է: Մենք չափազանց հպարտ ենք այն առաջընթացով, որ մենք միասին ենք գրանցում և անհամբեր սպասում ենք, որպեսզի փորձեք այն ծառայությունները, որ մենք ունենք»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:


 
 
 
 
  • Արխիվ