Ճգնաժամը հասել է նաև Zoom․ ընկերությունը կկրճատի 1300 աշխատակցի

8 փետրվարի, 2023  15:35

Հանրահայտ Zoom մեսենջերում լայնածավալ կրճատումներ են նախատեսվում. ընկերության ղեկավար Էրիկ Յուանն իր բլոգում տեղեկացրել է, որ ընկերությունը նախատեսում է կրճատել 1300 աշխատակցի՝ ընդհանուր աշխատողների մոտ 15%-ը։

Zoom-ը մեծ մասսայականություն ձեռք բերեց հատկապես կորոնավիրուսային համաճարակի ժամանակ. լոքդաունների ժամանակ շատերն անցան հեռավար աշխատանքի և սկսեցին շփվել այս մեսենջերի միջոցով։ Արդյունքում՝ 2020 թ․ սկզբից մինչև 2022 թ․ վերջ ընկերության անձնակազմը եռապատկվել է։

Ինչպես նշել է Յուանը, առաջնահերթությունների առումով ընկերության ղեկավարությունը բավական լավ չի վերլուծել թիմի կազմն ու աճի հեռանկարները։ Այսօր, թեև Zoom-ի պահանջարկը պահպանվում է, Յուանի խոսքով, ընկերությունը բախվել է տնտեսական անորոշությունների պատճառով ի հայտ եկած դժվարություններին։ Հենց դա էլ դարձել է առաջիկա կրճատումների պատճառը։

Ըստ Յուանի՝ կրճատումները կազդեն ընկերության յուրաքանչյուր ստորաբաժանման վրա, սակայն առաջին հերթին կկրճատվեն այն աշխատակիցները, որոնց գործառույթները կրկվում են, և չեն կրճատվի այն մասնագետները, որոնց պաշտոններն առաջնահերթ են ընկերության համար։

Բացի աշխատատեղերի կրճատումներից, ընկերությունը նախատեսում է նաև կրճատել աշխատավարձերը։ Ինքը՝ Յուանը, ասել է, որ գալիք ֆինանսական տարում 98%-ով կնվազեցնի իր աշխատավարձը և կհրաժարվի կորպորատիվ բոնուսից։ Ընկերության թոփ-մենեջերների աշխատավարձերը կկրճատվեն 20%-ով, նրանք նույնպես չեն ստանա կորպորատիվ բոնուսներ։

ԱՄՆ-ում Zoom-ի կրճատված աշխատակիցները կարող են ակնկալել ստանալ 16 շաբաթվա աշխատավարձ, տարեկան բոնուս, բաժնետոմսերի 6-ամսյա օպցիոններ, ինչպես նաև այլ աշխատանք գտնելու հարցում աջակցություն, ներառյալ անհատական ​​դասընթացներ և սեմինարներ:

Zoom-ը բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններից մեկն է, որը վերջին ամիսներին հայտարարել է աշխատակիցներին կրճատելու մասին: Վերջերս Googleհայտարարեց 12,000 աշխատակիցների կրճատման մասին։ Կրճատվել են նաև մենեջերներ, որոնց աշխատավարձը տատանվում էր տարեկան 500,000-ից մինչև 1 միլիոն դոլարի սահմաններում:

Microsoft-ը ևս հայտարարել է, որ նախատեսում է կրճատել մինչև 11,000 աշխատատեղ: Amazon-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել ավելի քան 18,000 աշխատակցի, իսկ HP-ն առաջիկա երեք տարիներին կկրճատի 4000-6000 աշխատակցի: Կրճատումներ են եղել նաև Meta-ում, Oracle-ում, Twitter-ում և մի շարք այլ ընկերություններում: Twitter-ը աշխատանքից ազատել է իր աշխատակիցների ավելի քան 2/3-ին։

Աշխատակիցների կրճատելու ծրագրերի մասին հայտարարել են նաև International Business Machines (IBM) և Lam Research ընկերությունները․ միասին նրանք նախատեսում են կրճատել ընդհանուր 5200 մարդու։ 


 
 
 
 
  • Արխիվ