Binance կրիպտոբորսան փետրվարի 8-ից կդադարեցնի ԱՄՆ դոլարով փոխանցումները

7 փետրվարի, 2023  12:22

Փետրվարի 8-ից Binance-ը՝ աշխարհի խոշորագույն կրիպտոբորսան, կդադարեցնի ԱՄՆ դոլարով միջոցների ընդունումն ու դուրսբերումը: Որոշման պատճառը չի բացահայտվում։ Հայտնի չէ նաև, թե երբ կվերսկսվեն դոլարային փոխանցումները։

«Փետրվարի 8-ի դրությամբ մենք ժամանակավորապես կասեցնում ենք ԱՄՆ դոլարով բանկային փոխանցումները,- CNBC-ին ասել է բորսայի ներկայացուցիչը,- Հաճախորդները, որոնց դա վերաբերում է, ուղղակիորեն ծանուցվում են այդ մասին»:

Կրիպտոբորսան նաև հայտնել է, որ ամսական կտրվածքով ակտիվ հաճախորդների միայն 0,01%-ն է ԱՄՆ դոլարով բանկային փոխանցումներ անում։ Բորսայի ներկայացուցիչները նաև հավելել են, որ գործի են դրվում բոլոր ջանքերը «այս ծառայությունը հնարավորինս շուտ վերսկսելու համար»։

ԱՄՆ դոլարով փոխանցումների կասեցումը, ըստ երևույթին, ազդում է միայն ԱՄՆ-ից դուրս գտնվող հաճախորդների վրա, քանի որ կրիպտոբորսայի Binance US մասնաճյուղը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ իրենց աշխատանքում որևէ փոփոխություն չի լինի:

Դոլարային փոխանցումների սպասվող կասեցման մասին հայտարարությունից հետո մեծ թվով հաճախորդներ սկսել են դուրս բերել իրենց միջոցները Binance-ի կրիպտոդրամապանակներից, և դոլարի հետ փոխկապակցված միլիոնավոր ստեյբլքոյններ, ինչպիսիք են tether-ը և USDC-ն, տեղափոխվել են այլ կրիպտոբորսաների հաշիվներ կամ այլ կրիպտոարժույթի դրամապանակներ:

Ըստ DefiLlama-ի՝ մեկ օրում Binance-ի հաշիվներից փոխանցվել է ավելի քան 172 մլն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ: Ճիշտ է, սա աննշան գումար է մի ընկերության համար, որի կրիպտոակտիվները գնահատվում են 42,2 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, այս լուրը գրեթե ոչ մի ազդեցություն չի ունեցել BNB-ի՝ Binance-ի փոխանակման թոքենի հետ կապված իրավիճակի վրա. դրա արժեքը կայուն է՝ շուրջ $328-ի մակարդակում:

Հիշեցնենք, որ 2022 թ․ դեկտեմբերին ընդամենը 24 ժամում օգտատերերը Binance-ից մոտ 1,9 միլիարդ դոլար հանեցին, ինչի հետևանքով կրիպտոբորսան ստիպված եղավ ժամանակավորապես դադարեցնել USDC ստեյբլքոյնի դուրսբերումը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ