Հայաստանն ունի լեռնահանքային հսկայական ներուժ, որն առայժմ հեռու է ամբողջությամբ օգտագործվելուց։ Հենց լեռնահանքային ոլորտի զարգացումն է ընդունակ պետությանը բերել միլիարդավոր դոլարների եկամուտներ, որոնք կարելի է ուղղել ռազմավարական ուղղությունների ֆինանսավորմանը՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև պաշտպանական արդյունաբերություն։ Այսպիսով, լեռնահանքային ոլորտը կարող է դառնալ երկրի տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկը։ Այսպիսի կարծիք է NEWS.am Tech-ի հետ զրույցում հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Նրա խոսքով՝ այն պատկերացումը, թե Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ հնարավորություններով, սխալ է։
«Մի՞թե Կանադան փոքր երկիր է։ ԱՄՆ-ի համեմատ այն զգալիորեն փոքր է, սակայն հանդիսանում է աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը, և այդ զարգացման հիմքը դարձել է հենց լեռնահանքային արդյունաբերությունը», — նշել է նա։
Օգտակար հանածոների արդյունահանման և ժամանակակից տեխնոլոգիաների միջև կապը շատ ավելի խորն է, քան ընդունված է կարծել, վստահ է Ջհանյանը։ Մետաղներն ընկած են մարդկության գրեթե բոլոր տեխնոլոգիական ձեռքբերումների հիմքում՝ էլեկտրոնիկայից մինչև արհեստական բանականություն։ Առանց պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների անհնար է տվյալների մշակման կենտրոնների (դատա-կենտրոնների), հաշվողական համակարգերի և այն բոլոր ենթակառուցվածքի գոյությունը, որի վրա կառուցվում է ժամանակակից թվային տնտեսությունը։
Հենց այս պատճառով էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանդես է եկել որպես պաշտպանական տեխնոլոգիաներին և նորարարություններին նվիրված RISE ցուցահանդեսի և ֆորումի գլխավոր հովանավոր։ Միջոցառման տեղեկատվական գործընկերը NEWS.am Tech-ն էր։
«Մենք չէինք կարող անմասն մնալ Հայաստանի համար այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից, ինչպիսիք են պաշտպանական արդյունաբերությունը և բարձր տեխնոլոգիաները», — նշել է Ջհանյանը։
Նա հիշեցրեց, որ պղինձն ու մոլիբդենը կրիտիկական նշանակության նյութեր են բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արտադրանքի համար։ Ընդ որում, մետաղների արդյունահանման և տեխնոլոգիական սեկտորի միջև կապը փոխադարձ բնույթ է կրում. տեխնոլոգիաների զարգացումը մեծացնում է մետաղների պահանջարկը, իսկ արդյունահանման աճն ապահովում է նոր տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու հնարավորությունը։
Ջհանյանի խոսքով՝ համաշխարհային շուկաներում պղնձի և մոլիբդենի ռեկորդային գները մեծապես պայմանավորված են հենց արհեստական բանականության բուռն զարգացմամբ։ Հաշվողական կենտրոնների կառուցումը պահանջում է հսկայական քանակությամբ մետաղներ և էլեկտրաէներգիա, ինչը լրացուցիչ խթանում է հումքի պահանջարկը։
Այսօր Հայաստանն արտահանում է պղնձի և մոլիբդենի խտանյութ, որն այնուհետև արտերկրում վերամշակվում է պատրաստի արտադրանքի՝ լարերից մինչև էլեկտրոնային համակարգերի բաղադրիչներ։
Շատերի մոտ լիովին տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ հնարավոր չէ կազմակերպել խորը վերամշակում երկրի ներսում։ Ինչո՞ւ արտահանել խտանյութը, իսկ հետո ներմուծել այն արտադրանքը, որը պատրաստվում է այդ խտանյութից։
Այս հարցը, Ջհանյանի խոսքով, շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ։
Նա պարզաբանեց, որ ժամանակակից պղնձաձուլական գործարանի շահութաբեր աշխատանքի համար անհրաժեշտ են հումքի զգալիորեն ավելի մեծ ծավալներ։ Եթե Հայաստանն այսօր տարեկան արտադրում է մոտ 80 հազար տոննա պղինձ խտանյութի մեջ, ապա մրցունակ ձեռնարկության համար պահանջվում է առնվազն 200 հազար տոննա։
Բացի այդ, լուրջ սահմանափակում է մնում երկրի աշխարհագրական դիրքը։ Համաշխարհային խոշոր մետալուրգիական ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է ծովային նավահանգիստների հարևանությամբ և օգտագործում է ներմուծվող հումք։ Ծովային ուղիներից հեռու գտնվող Հայաստանի համար տրանսպորտային ծախսերը էապես նվազեցնում են նման մոդելի տնտեսական գրավչությունը։
Ուստի, Ջհանյանի կարծիքով, նախքան խոշոր ձուլարանների կառուցման մասին խոսելը, անհրաժեշտ է ավելացնել արդյունահանման ծավալները գործող հանքավայրերում։
Նույնիսկ երկրի ներսում խորը վերամշակման բացակայության դեպքում, լեռնահանքային արդյունաբերությունն արդեն իսկ կարևոր դեր է խաղում տնտեսության զարգացման գործում։ Լեռնահանքային և մետալուրգիական ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ ոլորտը գեներացնում է զգալի հարկային մուտքեր, որոնք այնուհետև պետությունն ուղղում է տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, ներառյալ՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղությունների աջակցությունը։
Որպես օրինակ նա բերեց Չինաստանը, որը կարողացավ ստեղծել աշխարհի հզորագույն տեխնոլոգիական տնտեսություններից մեկը՝ շնորհիվ արտահանման ոլորտներից ստացված եկամուտների օգտագործման՝ գիտության և տեխնոլոգիաների մեջ ներդրումներ անելու համար։
«Մենք պետությանն ապահովում ենք հնարավորությամբ՝ զարգացնելու այն ոլորտները, որոնք ունեն ռազմավարական նշանակություն», — ասել է Ջհանյանը։
Ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը Ջհանյանը համարում է դրա հասարակական իմիջը։ Նրա կարծիքով՝ հենց լեռնահանքային արդյունաբերության հանդեպ բացասական վերաբերմունքն է դառնում լուրջ խոչընդոտ սեկտորի հսկայական ներուժի իրացման համար։
Ջհանյանն ընդունում է, որ բնապահպանական ռիսկերն այս ոլորտում իսկապես գոյություն ունեն, սակայն ժամանակակից միջազգային ստանդարտները թույլ են տալիս էապես նվազեցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Որպես օրինակ նա բերում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, ԱՄՆ-ը և Եվրոպական միության պետությունները, որտեղ գործում են խիստ բնապահպանական պահանջներ, բայց միևնույն ժամանակ լեռնահանքային ոլորտը հաջողությամբ զարգանում է։
«Եթե Կանադան կարող է աշխատել այդ ստանդարտներով, Ավստրալիան կարող է, ԱՄՆ-ը կարող է, Եվրոպական միությունը կարող է, նշանակում է՝ Հայաստանն էլ կարող է», — համոզված է նա։
Ջհանյանի խոսքով՝ հայկական ձեռնարկություններն արդեն սկսել են ներդնել միջազգային բնապահպանական և կառավարչական ստանդարտներ։
Այսպես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն երեք տարի է՝ հրապարակում է ESG հաշվետվություն կայուն զարգացման և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հայկական ընկերությունների շրջանում նման օրինակները դեռևս եզակի են։
Վերջնական նպատակը, նշեց Ջհանյանը, ոչ թե պարզապես բացասական ազդեցության մինիմալացումն է, այլ այսպես կոչված net positive (զուտ դրական) սկզբունքին հասնելը, երբ ձեռնարկության գործունեությունից ստացված դրական էֆեկտը գերազանցում է բացասականին։
Խոսելով ոլորտի ապագայի մասին՝ Ջհանյանն ընդգծեց, որ զարգացումը չի սահմանափակվում բացառապես արդյունահանման ծավալների մեծացմամբ։
Նրա խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է Հայաստանում թվային տրանսֆորմացիայի խոշորագույն ծրագիրը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ։ Նախագիծը մեկնարկել է մոտ երեք տարի առաջ և նախատեսված է ևս մի քանի տարվա համար։
Խոսքը արտադրության կառավարման թվային համակարգերի ստեղծման, հաշվետվությունների ավտոմատացման և բոլոր գործընթացների արդյունավետության բարձրացման մասին է։
Զուգահեռաբար իրականացվում են արևային էլեկտրակայանի կառուցման, արտադրական հզորությունների արդիականացման և բացհանքի ներսում հանքային զանգվածի փոխադրման համար էլեկտրական տրանսպորտի ներդրման նախագծեր։
Այս բոլոր նախաձեռնություններն ուղղված են միաժամանակ արտադրողականության բարձրացմանը, արտանետումների կրճատմանը և ձեռնարկության բնապահպանական ցուցանիշների բարելավմանը։
Ամփոփելով՝ Ջհանյանը հայտարարեց, որ լեռնահանքային արդյունաբերությունը մնում է հիմք ինչպես ավանդական տնտեսության, այնպես էլ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար։
Առանց մետաղների, ինչպես արդեն նշվեց վերևում, անհնար է արհեստական բանականության, վերականգնվող էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության զարգացումը։ Ավելին, հենց մետաղների արդյունահանման ավելացումն է անհրաժեշտ գլխավոր գլոբալ խնդիրներից մեկի՝ էներգետիկ անցման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման լուծման համար։
Ուստի, կարծում է ասոցիացիայի ղեկավարը, Հայաստանը պետք է ոչ թե սահմանափակի ոլորտի զարգացումը, այլ օգտագործի դրա ներուժը որպես գործիք՝ տեխնոլոգիական թռիչքի և տնտեսության արդիականացման ֆինանսավորման համար։
«Բոլոր նպատակները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև, բոլոր խնդիրները, որոնք քննարկվում են, մեծապես կապված են մեր ոլորտի հետ։ Դրանց հասնելու բանալին գտնվում է հենց այստեղ», — եզրափակել է Ջհանյանը։
month
week
day