Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը «չինական մոդելով». ո՞րը կարող է լինել լեռնամետալուրգիական արդյունաբերության ավանդը

4 հունիսի, 2026  14:20

Լեռնամետալուրգիական արդյունաբերությունը կարող է դառնալ գլխավոր ֆինանսական և կադրային հիմքը Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտների զարգացման համար։ Այս մասին այսօր հայկական առաջին ռազմաարդյունաբերական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումների ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը (ֆոտոռեպորտաժ

«Չինական մոդելը» Հայաստանի համար

Ջհանյանն առաջարկել է օգտագործել Չինաստանի փորձը, որտեղ արտահանմանն ուղղված ոլորտներից ստացված եկամուտները նպատակաուղղված կերպով ուղղվում են տնտեսության ռազմավարական հատվածների զարգացմանը։

«Լեռնահանքային արդյունաբերությունն այն ոլորտն է, որն ընդունակ է Հայաստանի բյուջե բերել միլիարդավոր դոլարներ։ Այդ միջոցները կարելի է և պետք է ուղղել ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը»,- հայտարարել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս ոլորտն ապահովում է պետական բյուջե միջինում տարեկան շուրջ 300 միլիոն դոլարի մուտքեր, սակայն դրա ներուժը զգալիորեն ավելի բարձր է՝ մինչև 1 միլիարդ դոլար տարեկան մուտքեր առաջիկա տարիներին։

«Հայաստանում չկա մեկ այլ ոլորտ, որն առաջիկա երեքից հինգ տարում կկարողանար ապահովել բյուջետային եկամուտների նման աճ»,- ընդգծել է Ջհանյանը։

Սահմանափակումները միայն գլխում են

Բանախոսն առանձին անդրադարձել է հաճախ հնչող այն թեզին, թե Հայաստանը «սահմանափակ ռեսուրսներով փոքր երկիր է»։ Նրա կարծիքով՝ գլխավոր սահմանափակումները ոչ թե օբյեկտիվ բնույթ են կրում, այլ հոգեբանական։

«Մենք փոքր չենք և սահմանափակ չենք։ Սահմանափակումները մեր գլխում են։ Եթե փոխենք մտածելակերպը, մենք բոլորովին այլ տնտեսություն կստանանք»,— ասել է նա։

Որպես օրինակ Ջհանյանը բերել է Կանադան՝ մի երկիր, որը, չնայած ԱՄՆ-ի համեմատ տնտեսության համեստ ծավալներին, դարձել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը՝ մեծապես շնորհիվ հզոր լեռնահանքային ոլորտի։

Կադրեր ապագայի համար

Որպես լեռնահանող արդյունաբերության պոտենցիալ ավանդ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործում՝ Ջհանյանը նշել է կադրային ներուժը։ Նրա խոսքով՝ լեռնամետալուրգիական համալիրը Հայաստանի տնտեսության ամենագիտատար ոլորտներից մեկն է, որտեղ ինժեներների, քիմիկոսների, մեխանիկների և այլ տեխնիկական մասնագետների մեծ պահանջարկ կա։

«Այս մասնագետները, փորձ ձեռք բերելով մեր ոլորտում, կարող են հեշտությամբ անցնել ռազմաարդյունաբերական համալիր և իրենց ավանդը ներդնել դրա զարգացման գործում»,- նշել է նա։

Ելույթի վերջում Ջհանյանը հույս է հայտնել, որ նման միջոցառումը կդառնա ամենամյա և կօգնի ամրապնդել համագործակցությունը Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության, գիտության և պաշտպանական ոլորտի միջև։

Հիշեցնենք, որ միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է NEWS.am Tech-ը։


 
 
 
 
  • Archive