3-5 տարում Հայաստանը ռազմարդյունաբերության մի քանի առանցքային ուղղություններով կդառնա ինքնաբավ երկիր. Արամ Ջիվանյան

3 հունիսի, 2026  22:48

Առաջիկա տարիներին Հայաստանը կարող է վերածվել մրցունակ ռազմարդյունաբերություն ունեցող և արտադրական միջազգային շղթաներում ինտեգրված երկրի։ Այս մասին «RISE 2026» ռազմարդյունաբերական, նորարարական և ինժեներական առաջին ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը (ֆոտոռեպորտաժ)։

Ռազմարդյունաբերական համալիրը միտված է արտահանմանն ու միջազգային ինտեգրմանը

Ջիվանյանի խոսքով՝ այսօր համաշխարհային շուկայում քիչ գիտեն Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունների մասին, սակայն առաջիկա 3-5 տարում իրավիճակն արմատապես կփոխվի։

«Այսօր մեր մասին գրեթե չգիտեն։ Շատ երկրներ անգամ չեն էլ կասկածում, որ այստեղ հետաքրքիր մշակումներ են իրականացվում և արտադրություն է կազմակերպված։ Բայց երեքից հինգ տարի անց ես տեսնում եմ մի իրավիճակ, երբ արտահանումը կդառնա հայկական պաշտպանական ընկերությունների բիզնեսի զգալի մասը։ Երկրում կհայտնվեն միջազգային խոշոր խաղացողների ներկայացուցչություններ, իսկ տեղական ձեռնարկությունները սերտորեն կինտեգրվեն գլոբալ տեխնոլոգիական շղթաներին»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, առանցքային խնդիր է մնում ոչ միայն արտահանման զարգացումը, այլև երկրի պաշտպանունակության ամրապնդումը. «Մենք շարժվում ենք դեպի մի շարք ուղղություններով ինքնապահովում։ Կարծում եմ՝ 3-5 տարի անց մի քանի հիմնական ուղղություններով Հայաստանը կդառնա ինքնաբավ երկիր»,- հայտարարել է Ջիվանյանը։

Գերակայությունը՝ բանակի կարիքները և համաշխարհային միտումների ընկալումը

Պետությունը ոլորտի զարգացումը դիտարկում է երկու տեսանկյունից՝ Զինված ուժերի ընթացիկ պահանջմունքների բավարարում և գլոբալ միտումների վերլուծություն։ Ջիվանյանը հայտնել է, որ 2026 թվականին մեկնարկել է կարևոր համակարգային գործընթաց՝ բանակի երկարաժամկետ կարիքները որոշելու նպատակով։

«Գլխավոր շտաբի հետ համատեղ սկսել ենք ապագա կարիքների գույքագրումը։ Դրանք պետք է վերածվեն զարգացման կոնկրետ ուղղությունների և արտադրանքի տեխնիկական բնութագրերի, որոնց ստեղծման համար անհրաժեշտ է խթանել ընկերություններին»,- պարզաբանել է Կոմիտեի ղեկավարը։

Միաժամանակ Հայաստանը պետք է հաշվի առնի համաշխարհային պաշտպանական արդյունաբերության ծավալուն տեխնոլոգիական տրանսֆորմացիան։ Ջիվանյանը հիշեցրել է «ստեղծագործական կործանման» (creative destruction) հայեցակարգը, երբ նոր տեխնոլոգիաներն արմատապես փոխում են գոյություն ունեցող բիզնես մոդելները։

«Հենց դա է այսօր տեղի ունենում պաշտպանական արդյունաբերության մեջ։ Նոր ծրագրային ապահովումը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը և տարբեր սենսորների ինտեգրումն ամբողջությամբ փոխում են խաղի կանոնները»,- ընդգծել է նա։

Շեշտադրումը՝ նեղ մասնագիտացման վրա

Ջիվանյանի կարծիքով՝ Հայաստանը չպետք է փորձի մրցակցել պաշտպանական արդյունաբերության բոլոր ուղղություններով միաժամանակ։ Շատ ավելի հեռանկարային է կենտրոնացումը առանձին խորշային (нишевые) տեխնոլոգիաների վրա։

«Անհրաժեշտ է ընտրել նեղ ուղղություն և դրանում ստեղծել աշխարհում լավագույն լուծումը, այլ ոչ թե փորձել զբաղվել ամեն ինչով միանգամից»,- համարում է կոմիտեի ղեկավարը։

Որպես օրինակ նա բերել է հայկական փոքր ընկերություններից մեկը, որի մասնագիտացված մշակումն արդեն իսկ գրավել է համաշխարհային ռազմարդյունաբերական առաջատարներից մեկի ուշադրությունը՝ շնորհիվ իր բարձր մրցունակության։ Հենց նման լուծումներն են ունակ տեղական ընկերությունների համար տեղ ապահովել արժեքի ստեղծման միջազգային շղթաներում։

Խոսելով ապագայի մասին՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը ոլորտի զարգացումը համեմատել է գիտության և սպորտի հետ՝ նշելով, որ պետական քաղաքականության նպատակը ոչ թե եզակի բացառիկ հաջողություններն են, այլ կայուն էկոհամակարգի ստեղծումը։

«Ես կցանկանայի, որ հինգ տարի անց մենք ունենայինք ոչ թե ինչ-որ մեկ եզակի մշակում, այլ առողջ, արագ աճող արդյունաբերություն, որն ունակ է մշտապես ներգրավել և զարգացնել տաղանդներին»,- եզրափակել է Արամ Ջիվանյանը։


 
 
 
 
  • Archive