Մխիթար Հայրապետյան. Հայաստանը ձևավորում է ԱԲ-ենթակառուցվածքի զարգացման «հիբրիդային» մոդել

1 հունիսի, 2026  18:12

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Eleveight AI ընկերությունը ստորագրել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հուշագիր: Փաստաթուղթն ամրագրում է պետություն-մասնավոր հատված գործընկերության մեկնարկը՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների և ԱԲ-ենթակառուցվածքների զարգացման բնագավառում:

Հուշագրի տակ իրենց ստորագրություններն են դրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Eleveight AI-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը:

Հուշագիրը միայն առաջին քայլն է

Նախարարի խոսքով՝ ստորագրված համաձայնագիրը միայն առաջին քայլն է, որին կհաջորդի գործնական աշխատանք՝ պետական գերատեսչությունների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Փաստաթղթի էությունն այն է, որ երկու կողմերն էլ հայտարարում են արհեստական բանականության ոլորտում համագործակցության մեկնարկի մասին և դառնում են գործընկերներ: Պետությունը և մասնավոր հատվածը՝ ի դեմս Eleveight AI-ի, ստորագրում են փոխգործակցության հուշագիր, ներառյալ՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների հնարավոր վարձակալությունը և համագործակցությունը տարբեր ուղղություններով: Սա միայն սկիզբն է»,— նշել է Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է անցկացնել առարկայական քննարկումներ պետական կառույցների և տեխնոլոգիական խաղացողների մասնակցությամբ՝ որոշելու այն ուղղությունները, որոնցով հաշվարկային ռեսուրսները կարող են օգտագործվել երկրի ներսում:

Սպառողից դեպի արտադրող և արտահանող

Նախարարը հիշեցրել է, որ կառավարության ռազմավարական նպատակն է Հայաստանը տեխնոլոգիաներ սպառողից վերածել դրանց արտադրողի և արտահանողի:

Հայրապետյանը նշել է, որ պետությունները կարող են ընտրել տարբեր ռազմավարություններ. կամ կողմնորոշվել դեպի հաշվարկային հզորությունների արտահանում, կամ դրանք ուղղել առաջին հերթին ներքին կարիքներին՝ խելացի քաղաքներից մինչև գիտական հետազոտություններ:

«Մենք կողմնակից ենք օգտագործման հիբրիդային մոդելին: Մի կողմից՝ ռեսուրսների մի մասը կարող է ուղղվել արտահանմանը, մյուս կողմից՝ զգալի մասը պետք է աշխատի ներքին խնդիրների համար»,— ընդգծել է նախարարը:

Հայրապետյանը նկատել է, որ աշխարհում հաշվարկային ռեսուրսների պահանջարկը չի նվազում, ընդհակառակը՝ շարունակում է կայուն աճել, ինչը նոր հնարավորություններ է բացում տվյալների կենտրոնների և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար: Նա շեշտել է, որ տվյալների կենտրոնների ստեղծման նախագծերի հաջող իրականացման դեպքում Հայաստանը կարող է տեխնոլոգիաների ներքին սպառման մոդելից անցնել տեխնոլոգիական ծառայությունների արտահանման մոդելին:

«Եթե այնպիսի ընկերություններ, ինչպիսին է Eleveight AI-ը, իրենց առջև խնդիր դնեն ոչ միայն սպասարկել ներքին շուկան, այլև արտահանել ծառայություններ, դա կլինի լիովին իրատեսական և հասանելի նպատակ»,— հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ հայկական տեխնոլոգիական ընկերություններն իրենց գործունեության մեջ հաճախ հաշվի են առնում ոչ միայն բիզնես տրամաբանությունը, այլև ավելի լայն պատասխանատվություն ազգային տնտեսության ու տեխնոլոգիական էկոհամակարգի առջև: Ըստ նրա՝ դա արտահայտվում է նրանով, որ ընկերությունները կայացնում են ռազմավարական որոշումներ և ռեսուրսների մի մասն ուղղում տեղական էկոհամակարգի զարգացմանը:

Դեռ մեկ տարի առաջ դա անհնար էր թվում

Հայաստանում արհեստական բանականության առաջին՝ Eleveight AI գործարանի գործարկումը նշանավորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի զարգացման նոր փուլի մեկնարկը, ասել է Հայրապետյանը: Նախարարի խոսքով՝ Հայաստանը «արհեստական բանականության ֆաբրիկաների» տեղակայման հարթակ դարձնելու գաղափարը քննարկվել է երկար ժամանակ: Եվ այս համատեքստում կարևոր հանգրվան էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագիրը՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին: Նրա խոսքով՝ հենց այս փաստաթուղթն է պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը հասանելիություն ստանա նորագույն տեխնոլոգիական լուծումներին:

«Հուշագրի ստորագրումից հետո հայկական ընկերությունները, այդ թվում՝ «Eleveight AI»-ը, օպերատիվ կերպով սկսեցին NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների ներկրման թույլտվությունների ստացման գործընթացը: Այսօր մենք արդեն տեսնում ենք այդ աշխատանքի կոնկրետ արդյունքը»,— նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ նախագծի մեկնարկը դարձավ պետության և մասնավոր հատվածի արդյունավետ փոխգործակցության օրինակ:

«Ընդամենը մի քանի ամսում հաջողվեց իրականացնել մի նախագիծ, որը դեռ մեկ տարի առաջ շատերին քիչ հավանական էր թվում: Այսօր սա արդեն հայեցակարգ կամ գաղափար չէ, այլ իրական, աշխատող օբյեկտ»,— հայտարարել է Հայրապետյանը:

Արագությունը՝ որպես մրցակցային առավելություն

Նրա խոսքով՝ զարգացման ներկայիս տեմպերի պարագայում արագությունը վճռորոշ նշանակություն ունի:

«Եթե չլիներ որոշումների կայացման արագությունը և պետության ու բիզնեսի սերտ համագործակցությունը, այս նախագիծը չէր իրականացվի այսպիսի կարճ ժամկետներում: Մենք սովորել ենք արագ և որակյալ որոշումներ կայացնել, և սա ապագայում տնտեսության զարգացման առանցքային գործոններից մեկն է դառնալու»,— ընդգծել է Հայրապետյանը:

Նրա ձևակերպմամբ՝ եթե XX դարում պետությունները մրցում էին արդյունաբերական պարկեր և գոտիներ ստեղծելու համար, ապա XXI դարում մրցակցությունը ծավալվում է տվյալների կենտրոնների և արհեստական բանականության ֆաբրիկաների կառուցման շուրջ:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive