ԱԲ նախարարություն. Ինչու՞ են Հայաստանում որոշել վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գերատեսչությունը

14 մայիսի, 2026  16:08

Հայաստանում պատրաստվում են վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը. եթե կառավարության կողմից մշակված նախագիծն ընդունվի, գերատեսչությունը կստանա նոր անվանում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն:

Առաջին հայացքից սա կարող է թվալ պետական կառույցի սովորական ռեբրենդինգ: Սակայն հենց նախարարությունում պնդում են, որ խոսքը ոչ թե պարզապես ցուցանակի փոփոխության մասին է, այլ լիազորությունների լուրջ ընդլայնման և արհեստական բանականությունը որպես պետության առանձին ռազմավարական առաջնահերթություն ամրագրելու փորձի:

Ինչու՞ որոշվեց առանձնացնել ԱԲ-ը

Ի պատասխան NEWS.am Tech-ի հարցերին՝ նախարարությունից հայտնել են, որ վերանվանման անհրաժեշտությունը կապված է այն բանի հետ, որ 2025 թվականի վերջին Ազգային ժողովը գերատեսչությանը փոխանցել է նոր լիազորություններ՝ կապված արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման հետ: Այժմ նախարարությունը պաշտոնապես պատասխանատու կլինի ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ընդհանուր ոլորտի, այլև պետական մակարդակով ԱԲ ուղղության զարգացման համար:

Գերատեսչությունում ընդգծում են, որ արհեստական բանականությունն արդեն դադարել է լինել պարզապես ՏՏ ոլորտի մի մաս. «Այսօր այն հանդիսանում է համաշխարհային տեխնոլոգիական զարգացման առանցքային ուղղություններից մեկը։ Ներկայումս դրա կիրառություններն ու ազդեցությունը էական դեր ունեն տնտեսության, պետական կառավարման, արդյունաբերության և մի շարք այլ ռազմավարական ոլորտներում»:

Եվ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել ԱԲ-ը ներառել անմիջապես նախարարության անվանման մեջ՝ որպես ազդանշան այն մասին, որ Հայաստանը մտադիր է մասնակցել համաշխարհային տեխնոլոգիական մրցավազքին, այլ ոչ թե մնալ կողմնակի դիտորդի դերում:

Ոչ միայն անվանման փոփոխությու՞ն

Նախարարության վերանվանումը կուղեկցվի նաև կառուցվածքային փոփոխություններով, ինչպես NEWS.am Tech-ին հայտնել են գերատեսչության ներկայացուցիչները:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո գերատեսչությունն արդեն պաշտոնապես ստացել է արհեստական բանականության ոլորտում պետական քաղաքականության ձևավորման լիազորությունները: Այժմ վերանայվում է նախարարության կանոնադրությունը, իսկ կառուցվածքի ներսում նախատեսվում է ստեղծել առանձին ստորաբաժանում՝ վարչություն և/կամ գրասենյակ, որը կզբաղվի ԱԲ ծրագրերի և ամպային ծառայությունների համակարգմամբ:

Փաստացի խոսքը Հայաստանում առաջին պետական կենտրոնի ստեղծման մասին է, որը համակարգված կերպով կզբաղվի ԱԲ հարցերով՝ ռազմավարության և կարգավորման մակարդակով: Իշխանությունները կարծում են, որ դա պետք է բարձրացնի հայկական տնտեսության մրցունակությունը և արագացնի պետության թվային փոխակերպումը:

Որքա՞ն գումար կծախսվի ռեբրենդինգի վրա

Նախաձեռնության շուրջ հիմնական հարցերից մեկը վերանվանման արժեքն է:

Նախարարությունում հավաստիացնում են, որ բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվի: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ 2026 թվականի տպագրական արտադրանքն ու գրենական պիտույքներն առանց այն էլ ներառված են բյուջեում, իսկ նոր նյութերը պարզապես կթողարկվեն արդեն թարմացված անվանմամբ:

Ցուցանակների, փաստաթղթերի փոխարինումը և տեխնիկական փոփոխությունները, ինչպես պնդում են, նույնպես կֆինանսավորվեն նախարարության ընթացիկ ծախսերի և առկա խնայողությունների շրջանակներում:

Ինչու՞ է սա կարևոր Հայաստանի համար

Վերջին տարիներին Հայաստանը փորձում է ամրապնդել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի իր դիրքերը: Երկրում զարգանում են ՏՏ ընկերություններ, բացվում են ինժեներական և ԱԲ լաբորատորիաներ, իսկ իշխանությունները գնալով ավելի հաճախ են խոսում դասական աութսորսինգից սեփական տեխնոլոգիական ապրանքների ստեղծմանն անցնելու անհրաժեշտության մասին:

Նախարարության վերանվանումը կարող է մատնանշել այն, որ արհեստական բանականությունը պետության համար դառնում է առանձին քաղաքական և տնտեսական առաջնահերթություն:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive