Երևանի պետական համալսարանում մի քանի օր առաջ բացվեց տվյալների մշակման կենտրոնը՝ հագեցած նոր գերհզոր սուպերհամակարգչով։ Այս իրադարձությունը դարձավ երկրի թվային և գիտատեխնիկական ենթակառուցվածքների զարգացման նշանակալի քայլերից մեկը։
Արդեն մոտ ժամանակներս Firebird AI ընկերությունը նախատեսում է գործարկել էլ ավելի մասշտաբային հաշվողական կենտրոն, իսկ տարեվերջին սպասվում է այդ նախագծի երկրորդ փուլի մեկնարկը, որն կունենա ընդլայնված հնարավորություններ և զգալիորեն մեծացված հզորություն։
Այս գործընթացների ֆոնին առաջանում է առանցքային հարց. ի՞նչ նոր հեռանկարներ և գործնական հնարավորություններ են բացվում Հայաստանի համար՝ նմանատիպ կենտրոնների հայտնվելու և հաշվողական հզորությունների աճի հետ կապված։ Այս և շատ այլ հարցերի մասին «Բա իմացա՞ր» հաղորդման եթերում պատմել է ԵՊՀ մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանը։
Չմրցակցել, այլ ստեղծել սեփականը
Ըստ Խաչատրյանի՝ այսօր, երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, հիմնականում քննարկվում է արդեն գոյություն ունեցող մոդելների կիրառումը՝ նրանց, որոնք ստեղծում են խոշոր խաղացողները, ինչպիսիք են OpenAI-ը, Google-ը և այլք։ Սակայն, ընդգծեց նա, կարելի է աշխատել նաև սեփական լուծումների ստեղծման ուղղությամբ։ Սա չի նշանակում, որ Հայաստանի նման երկրները պետք է փորձեն մրցակցել նրանց հետ ունիվերսալ մոդելների ստեղծման գործում. դա «ամենախելամիտ գաղափարը չէ»։ Խոսքն ավելի շուտ այլ բանի մասին է՝ կոնկրետ, սպեցիֆիկ խնդիրների համար սեփական լուծումների մշակման, պարզաբանեց մասնագետը։
Նման լուծումների մշակման համար, պարզաբանեց նա, անհրաժեշտ են համապատասխան հաշվողական ռեսուրսներ։ «Քանի դեռ դրանք չկան, հնարավորությունները սահմանափակ են։ Դա կապում է ձեռքերը. անհնար է դուրս գալ ԱԲ մշակման ավելի բարձր մակարդակի և որակի վրա», - հավաստիացնում է նա։ Նա բերում է Երևանի պետական համալսարանի լաբորատորիայի օրինակը, որտեղ նույնիսկ գիտական մակարդակում առաջանում էին սահմանափակումներ։ Մասնավորապես, արբանյակային պատկերների մշակման համար ԱԲ ստեղծելու խնդիրների վրա աշխատելիս հիմնական խնդիրը մշտապես մնում էր բավարար հաշվողական հզորությունների որոնումը։
Ամպային տեխնոլոգիաների վարձակալություն. թանկ է, անկանխատեսելի և ոչ միշտ հասանելի
Տեսականորեն կարելի է հզորություններ վարձակալել Amazon-ի, Google-ի կամ այլ մատակարարների ամպերում, բայց դա թանկ է, անկանխատեսելի՝ գները կարող են կտրուկ աճել մեծ պահանջարկի ֆոնին, իսկ երբեմն պարզապես անհասանելի՝ ընկերությունները պատասխանում են. «Ազատ ռեսուրսներ չկան, ինչքան էլ վճարեք»։ «Սեփական սուպերհամակարգչի առկայությունը տալիս է ռեսուրսի լիակատար տիրապետում, դրա կառավարումը սովորելու հնարավորություն։ Դա առանձին հմտություն է՝ հասկանալ, թե ինչպես են աշխատում նման համակարգերը, ինչ հարցեր են առաջանում դրանց ադմինիստրացման ժամանակ», — ընդգծեց Խաչատրյանը։
Այժմ ԵՊՀ-ում հենց այդ փուլն է ընթանում. ստեղծվում է սուպերհամակարգչի կառավարման համակարգը, տարբեր գիտական խմբերին հասանելիության տրամադրման մեխանիզմները։ Սա նաև առիթ է ներդրումներ կատարելու մարդկային կապիտալում՝ պատրաստելու մասնագետների, ովքեր ունակ են արդյունավետ աշխատել նման հզորությունների հետ հենց համալսարանական միջավայրում։ «Նման ռեսուրսի առկայությունը համալսարանական միջավայրում կարծես թևեր է տալիս այս ոլորտում աշխատող գիտնականներին։ Սա առաջին կարևոր էֆեկտն է», — ասաց Խաչատրյանը։
Հաշվողական ռեսուրսները որպես «մագնիս»
Սակայն առավելությունները գնում են ավելի հեռուն։ Սուպերհամակարգիչը Հայաստանը գրավիչ է դարձնում միջազգային հետազոտողների և ասպիրանտների համար, այդ թվում՝ արտերկրից։ Նախկինում չափազանց դժվար էր մտածել, թե ինչը կարող է գրավել տաղանդավոր գիտնականներին դեպի երկիր. Big Tech-ի բարձր աշխատավարձերը շատ բան են կշռում։ Սակայն հաշվողական ռեսուրսները հզոր գործոն դուրս եկան։ «Ասպիրանտները և գիտնականները, ովքեր ցանկանում են մնալ ակադեմիական միջավայրում՝ հոդվածներ հրապարակել, զբաղվել հիմնարար գիտությամբ, այլ ոչ թե գնալ Google, աշխարհում գրեթե ոչ մի տեղ չեն գտնում բավարար հզորություններ։ Նույնիսկ ամերիկյան լավագույն համալսարաններում ռեսուրսները բոլորին չեն հերիքում, որովհետև ցանկացողները չափազանց շատ են», — պարզաբանեց փորձագետը։
Հայաստանում այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ համալսարանական սուպերհամակարգիչը երաշխավորում է մշտական հասանելիություն ռեսուրսներին, բացում է «հնարավորությունների պատուհան»։ Հենց սրանից է Հայաստանն այժմ ակտիվորեն օգտվում տաղանդներ ներգրավելու և ԱԲ ոլորտում սեփական կարողությունները զարգացնելու համար։
month
week
day