Երևանում քաղաքային ենթակառուցվածքների խնդիրները՝ անձրևներից հետո հեղեղված փողոցներից մինչև խցանված կոյուղիներ և շինարարական փոշով աղտոտվածություն, վերջին տարիներին դարձել են առավել նկատելի: Ձմեռային ժամանակաշրջանից հետո այս հարցերը սրվում են. բնակիչները բախվում են ջրահեռացման համակարգի աշխատանքի խափանումների, ճանապարհային իրավիճակի վատթարացման և քաղաքային միջավայրի որակի ընդհանուր անկման հետ:
Այս համապատկերում ավելի ու ավելի հաճախ է բարձրացվում փոքր և միջին բիզնեսի դերը նման խնդիրների լուծման գործում: Որքանո՞վ կարող են մասնավոր ընկերությունները լրացնել կամ նույնիսկ ուժեղացնել քաղաքի սպասարկման գոյություն ունեցող համակարգը: Այս մասին Economix հաղորդման շրջանակում պատմել է խողովակաշարերի ախտորոշմամբ և կոյուղու համակարգերի մաքրմամբ ու լվացմամբ զբաղվող «Կանալ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Գոռ Խաչատրյանը:
Հայաստանում այսօր հեղեղատար համակարգերի հետ կապված զգալի խնդիր կա: Ուժեղ անձրևներից հետո Երևանում հաճախ են առաջանում հեղեղումներ, ինչի պատճառով քաղաքը համեմատում են Վենետիկի հետ: Խաչատրյանը դա բացատրում է նրանով, որ հեղեղատար ուղիներն ավելի արագ են աղտոտվում, քան սովորական կոյուղու համակարգերը: Դրանց մեջ են ընկնում փոշի, աղբ, ինչպես նաև մեծ քանակությամբ տերևներ աշնանային ժամանակաշրջանում: Լուծումը, նրա կարծիքով, կանոնավոր և ճիշտ կազմակերպված կանխարգելման մեջ է: Մաքրումը պետք է իրականացնել տարին երկու անգամ՝ ձմռանից առաջ և հետո, ինչպես նաև վերահսկել համակարգի վիճակը ողջ տարվա ընթացքում: Առանց նման մոտեցման ցանկացած միանվագ աշխատանք երկարաժամկետ արդյունք չի տա:
Շինարարական փոշին Երևանի ևս մեկ արդիական խնդիր է: Ըստ Խաչատրյանի՝ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ փոշին հաճախ պարզապես փչվում-տարածվում է, այլ ոչ թե հեռացվում, ինչն էլ ավելի է սրում օդի աղտոտվածությունը: «Կանալ» ընկերությունն արդեն սկսել է աշխատել այս ուղղությամբ՝ օգտագործելով մասնագիտացված տեխնիկա, ներառյալ վակուումային էքսկավատորները և այլ ժամանակակից սարքավորումներ: Այնուամենայնիվ, Խաչատրյանն ընդգծում է, որ առանց քաղաքի մասնակցության և շինարարական ընկերությունների համար պարտադիր պահանջների ներդրման խնդիրը դժվար կլինի լուծել: Նրա կարծիքով՝ պետք է ոչ թե նոր լուծումներ հնարել, այլ ներդնել արդեն իսկ գոյություն ունեցող համաշխարհային փորձը:
Ըստ Խաչատրյանի՝ քաղաքային ենթակառուցվածքների խնդիրների մեծ մասն առաջանում է կանխարգելիչ մոտեցման և կանոնավոր սպասարկման բացակայության պատճառով: Եթե կոյուղու համակարգերն ու ջրահեռացման ուղիները մաքրվում են համակարգված կերպով, ապա լուրջ վթարները կարելի է գրեթե բացառել: Հակառակ դեպքում աղտոտվածության կուտակումը հանգեցնում է խափանումների, որոնք հետագայում պահանջում են ավելի թանկարժեք և բարդ լուծումներ: Ընկերությունը խորհուրդ է տալիս կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել տարեկան մի քանի անգամ և չսպասել ճգնաժամային իրավիճակների առաջացմանը: Նման մոտեցումը, ըստ Խաչատրյանի, վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում և ապացուցել է իր արդյունավետությունը:
«Կանալ» ընկերությունը ստեղծվել է 2022 թվականին որպես ընտանեկան նախագիծ: Ընկերության հիմնական մասնագիտացումը կոյուղու համակարգերի մաքրումն ու լվացումն է, սակայն առանցքային ուղղությունը, որն այն տարբերում է շուկայում, խողովակաշարերի ախտորոշումն է: Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում նման ծառայություններ գրեթե ներկայացված չեն, և դա լուրջ բաց է ստեղծում խնդրի հայտնաբերման և դրա արդյունավետ լուծման միջև: Ախտորոշումն իրականացվում է տեսախցիկների միջոցով, որոնք թույլ են տալիս ճշգրիտ որոշել վնասվածքի կամ խցանման վայրը: Սա հատկապես կարևոր է այն իրավիճակներում, երբ ստանդարտ մաքրումը արդյունք չի տալիս: Ամբողջ համակարգը փոխելու փոխարեն կարելի է խնդիրը վերացնել կետային եղանակով, ինչը զգալիորեն նվազեցնում է ծախսերը ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ կազմակերպությունների համար: Ընկերությունն աշխատում է պատվիրատուների տարբեր խմբերի հետ՝ բնակիչներից մինչև խոշոր ձեռնարկություններ, և, ինչպես ընդգծում է Խաչատրյանը, փորձում է յուրաքանչյուր դեպքի համար անհատական լուծումներ ընտրել: Հիմնական ծառայություններին զուգահեռ ընկերությունն ընդլայնում է գործունեության ուղղությունները: Վերջին տարիներին ավելացվել են նոր ծառայություններ, ներառյալ արևային վահանակների սպասարկումն ու մաքրումը: Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում նման համակարգերի շատ սեփականատերեր դեռ հաշվի չեն առնում կանոնավոր խնամքի անհրաժեշտությունը, թեև առանց դրա սարքավորումների արդյունավետությունը նվազում է: Բացի այդ, զարգանում է շինարարական աղտոտվածության մաքրման և տարածքների բարեկարգման հետ կապված ուղղությունը:
Ըստ Խաչատրյանի՝ այս ոլորտում ֆիքսված գին լինել չի կարող: Ծառայության գինը կախված է բազմաթիվ գործոններից՝ աղտոտվածության աստիճանից, մինչև օբյեկտ եղած հեռավորությունից, աշխատանքների խորությունից և խցանման բարդությունից: Հենց այդ պատճառով ընկերությունը հրաժարվել է առանց զննության՝ հեռախոսով արժեքը հայտնելու պրակտիկայից: Նախ մասնագետները մեկնում են վայր, գնահատում իրավիճակը, անհրաժեշտության դեպքում իրականացնում ախտորոշում, և միայն դրանից հետո ձևավորվում է կոնկրետ առաջարկ: Նման մոտեցումը, ըստ Խաչատրյանի, թույլ է տալիս խուսափել հաճախորդների հետ թյուրիմացություններից և ապահովում է առավել թափանցիկ աշխատանք:
«Կանալ» ընկերությունը դեռևս չունի համակարգված համագործակցություն Երևանի քաղաքապետարանի հետ: Ըստ Խաչատրյանի՝ եղել է փոխգործակցության ընդամենը մեկ դրվագ՝ աշխատանքներ Խորենացի փողոցում, որոնցից հետո վարչակազմի ներկայացուցիչները գոհ են մնացել արդյունքից: Քաղաքում ջրահեռացման համակարգի հիմնական օպերատորը մնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: Նրա հետ հարաբերությունները Խաչատրյանը բնութագրում է որպես պրոֆեսիոնալ և մրցակցային: Միևնույն ժամանակ «Կանալը» միանում է այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է հրատապ միջամտություն կամ երբ ինչ-ինչ պատճառներով խնդիրը չի լուծվում գոյություն ունեցող համակարգի շրջանակներում: Առանձին դեպքերում ընկերությունն աշխատանքներն իրականացրել է անհատույց՝ ելնելով բնակիչներին օգնելու անհրաժեշտությունից: Այսօրվա դրությամբ ընկերությունը զարգանում է սեփական միջոցների հաշվին: Ներդրումներն ուղղվում են տեխնիկայի ձեռքբերմանը, ծառայությունների սպեկտրի ընդլայնմանը և լոգիստիկայի բարելավմանը: Լուծումներից մեկն էլ քաղաքի կենտրոնից դուրս կետերի ստեղծումն էր. դա թույլ է տալիս ավելի արագ արձագանքել կանչերին և շրջանցել խցանումների խնդիրը, որն էականորեն ազդում է աշխատանքի արագության վրա:
Խաչատրյանը նշում է, որ հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ աստիճանաբար աճում է: Հայտնվում են նոր ընկերություններ, ուժեղանում է մրցակցությունը, ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ: Ընդ որում, նա մրցակցությունը ընկալում է որպես դրական գործոն. այն խթանում է զարգացումը և բարձրացնում ծառայությունների որակը: Նրա գնահատմամբ՝ առաջիկա տարիներին շուկան կշարունակի աճել, իսկ մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքային խնդիրների լուծմանը կդառնա ավելի նկատելի:
month
week
day