Աշխատող բլենդերի մեջ, մուրճի հարվածների տակ եւ վայրէջք 9-րդ հարկից․ փորձարկել են iPhone 14 Pro-ի ամրությունը

30 սեպտեմբերի, 2022  14:24

Փորձության են ենթարկել Apple iPhone 14 Pro-ի ամրությունը։ TechRax ալիքի հեղինակը երեք փորձերի ընթացքում սմարթֆոնը գցել է բլենդերի մեջ, քերծել է դանակով, հարվածել մուրճով և նետել մի քանի հարկ բարձրությունից։

iPhone 14 Pro-ն ընդդեմ բլենդերի

Ի՞նչ կլինի, եթե iPhone 14 Pro-ն դնենք բլենդերի մեջ եւ միացնենք այն։ Հեռախոսը հաշված վայրկյանների ընթացքում ամբողջությամբ կոչնչանա, ինչպես ցույց է տվել TechRax-ի փորձը։

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այս փորձի ժամանակ բլենդերը նույնպես զգալիորեն վնասվել է։

Սակայն սմարթֆոնի տեսախցիկները, որքան էլ տարօրինակ է, չեն տուժել։

iPhone 14 Pro-ն ընդդեմ դանակի եւ մուրճի

Հաջորդ փորձի ժամանակ բլոգերը փորձել է դանակով քերծել սմարթֆոնը եւ հարվածել մուրճով։ Ինչպես պարզվել է, դանակով և մուրճով հեռախոսը վնասելու համար ամեն դեպքում հարկավոր է որոշակի ջանքեր գործադրել։

Դանակն իսկապես լուրջ վնաս չի հասցրել. հեռախոսի պողպատե կողերին քերծվածքներ են առաջացել։ Տեսախցիկը դանակով կտրել չի հաջողվել, սակայն ապակու վրա քերծվածքները մնացել են։ Բայց այս ամենը չի ազդել հեռախոսի աշխատանքի վրա։

Մի քանի անգամ բլոգերը մուրճը գցել է սեղանին դրված սմարթֆոնի վրա, եւ այն չի տուժել։ Հետո մուրճով մի քանի անգամ հարվածել է հեռախոսին, ինչից հետո էկրանին սպիտակ գիծ է հայտնվել, սակայն ապակին չի ճաքել։ Սենսորային էկրանը շարունակել է աշխատել։ Սակայն պարզվել է, որ հեռախոսի վերին հատվածն ավելի թույլ է, իսկ տեսախցիկի մոտ գտնվող ապակին մուրճի հետագա հարվածներից հետո ճաքել է, ու շուտով հեռախոսն անջատվել է եւ այլևս չի աշխատել։ Բլոգերը մուրճով կոտրել է նաեւ սմարթֆոնի հետևի պանելը, սակայն տեսախցիկները գրեթե չեն տուժել։

iPhone 14 Pro-ն ընդդեմ բարձրության

Հաջորդ փորձի ժամանակ բլոգերը iPhone 14 Pro-ն եւ iPhone 13-ը գցել է մի քանի հարկ բարձրությունից, սակայն նա չի նշել, թե որ հարկից։ Կարելի է ենթադրել, որ խոսքը 9-րդ կամ 10-րդ հարկի մասին է։

Թեեւ երկու սմարթֆոններն էլ պաշտպանիչ պատյաններ են ունեցել, iPhone 13-ի հետեւի մասը կոտրվել է առաջին ընկնելուց, մինչդեռ iPhone 14 Pro-ն գրեթե չի տուժել։

Հիշեցնենք, որ վերջերս Apple Watch Ultra-ն նույնպես փորձության է ենթարկվել։ Բլոգերը ժամացույցը գցել է հատակին, դրել մեխերով տարայի մեջ, ինչպես նաեւ մի քանի անգամ հարվածել մուրճով։ Ժամացույցն իսկապես դիմացել է փորձությանը։ Ապակին չի ճաքել, միայն քերծվածքներ են հայտնվել։

Նաեւ պարզվել է, որ ժամացույցը կարող է խոստացված 40 մետրից ավել խորության դիմանալ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ