Blizzard-ն անջատել է Չինաստանում World of Warcraft, Hearthstone և Overwatch խաղերի սերվերները. հայտնի չէ, թե երբ և արդյոք դրանք նորից կմիացվեն

24 հունվարի, 2023  18:34

Տասնչորս տարի անց Blizzard-ի համագործակցությունը չինական NetEase հրատարակչի հետ ավարտվել է, և քանի որ ընկերությունները չեն կարողացել համաձայնության գալ իրենց համատեղ գործունեությունը շարունակելու համար, Blizzard-ն անջատել է իր խաղային սերվերները Չինաստանում, ներառյալ World of Warcraft, Hearthstone, Overwatch 2 և Diablo III խաղերի սերվերները:

Չինաստանում գեյմերներն այժմ չեն կարող մուտք գործել իրենց օգտահաշիվներն այս խաղերում, իսկ VPN-ն այս դեպքում նրանց օգնել չի կարող. օգտագործելով այս ցանցը, խաղացողները կարող են մուտք գործել Blizzard խաղեր այլ տարածաշրջաններում, բայց տեղական սերվերներն անջատված են, և իրենց օգտահաշիվների հետ միասին գեյմերները կորցրել են իրենց կերպարները և խաղի ողջ առաջընթացը, և, իհարկե, խաղում ներդրված բոլոր միջոցները:

Ինչպես հայտնում է Noob Club պորտալը, հիասթափված խաղացողները նույնիսկ հրաժեշտի վիրտուալ արարողություններ են կազմակերպել իրենց հերոսների և սիրելի խաղերի համար: Իսկ Չինաստանում հիասթափված գեյմերներ շատ կան. օրինակ՝ World of Warcraft-ը խաղում էր առնվազն 3 միլիոն չինացի։

The Guardian-ի հետ զրույցում Blizzard China-ի ներկայացուցիչն ասել է, որ Չինաստանում սերվերները փակվել են «ոչ ընդմիշտ», այլ միայն ժամանակավորապես. և երբ (կամ եթե) խաղերը վերադառնան Չինաստան, բոլոր օգտատերերի հաշիվները կվերականգնվեն:

Այժմ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Blizzard-ն արդեն բանակցություններ է վարում Չինաստանում մի քանի նոր պոտենցիալ գործընկերների հետ խաղերը երկրում կրկին հասանելի դարձնելու համար: Հնարավոր թեկնածուների թվում են The9-ը, որը NetEase-ից առաջ Չինաստանում հրապարակել է World of Warcraft խաղը:

Blizzard-ը նաև տեղեկացրել է, որ NetEase-ին խնդրել է պայմանագիրը երկարաձգել վեց ամսով, որպեսզի այս ընթացքում հնարավոր լինի նշված խաղերի համար նոր հրատարակիչ գտնել, սակայն ընկերությունը մերժել է, և այդ պատճառով սերվերները անջատվել են հիմա։

Նշենք, որ Call of Duty շարքի խաղերը շարունակում են աշխատել Չինաստանում, քանի որ դրանց հրատարակիչը Tencent-ն է, ոչ թե NetEase-ը։ Diablo Immortal-ը նույնպես դեռ աշխատում է, քանի որ այս խաղի մասով NetEase-ի հետ կնքվել է առանձին պայմանագիր, որի ժամկետը չի ավարտվել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ