Հայաստանում կյանքի բարձր տևողությունը կարող է պայմանավորված լինել ալկոհոլի հանդեպ տոլերանտությամբ. Ալեքսեյ Ռակշա

28 նոյեմբերի, 2025  20:00

Ընդհանուր առմամբ, Հայաստանում իրավիճակը քիչ թե շատ հատկանշական է հետխորհրդային երկրի համար։ Այսինքն՝ ծնելիության մակարդակի առումով Հայաստանը երկար ժամանակ փոքր-ինչ բարձր էր Խորհրդային Միության միջին ցուցանիշից, հետո փոքր-ինչ իջավ միջինից ցածր, իսկ այժմ Հայաստանում ծնելիության մակարդակը մոտավորապես միջին է բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների համար։ NEWS.am Tech-ին տված հարցազրույցում նշել է հայտնի ռուսաստանցի գիտնական, ժողովրդագիր Ալեքսեյ Ռակշան։

«Փոխարենը Հայաստանում միշտ կյանքի տևողությունը շատ բարձր է եղել։ Այսինքն՝ մահացությունը Հայաստանում ցածր էր։ Կյանքի տևողությամբ, ավելի շուտ, կամ ամենաբարձրն էր, կամ առաջինը՝ Խորհրդային Միության երկու կամ երեք հանրապետությունների շարքում»։

Եվ նույնիսկ մինչև հիմա Հայաստանում մարդիկ ավելի երկար են ապրում, քան նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր մյուս երկրներում, բացառությամբ Բալթյան երկրների, բացառությամբ Էստոնիայի»,- նշել է ռուսաստանցի գիտնականը։

Նա ենթադրել է, որ դա պայմանավորված չէ Հայաստանում բժշկության շատ բարձր մակարդակով։

«Ըստ իս, դա պայմանավորված է որոշակի մշակութային առանձնահատկություններով, սովորություններով և այն փաստով, որ պոպուլյացիան քիչ թե շատ տոլերանտ է ոգելից խմիչքի նկատմամբ։ Չնայած Հայաստանում շատ ծխողներ կան... Կարծում եմ՝ դրա համար դեր են խաղում բնական պայմաններն ու մշակույթը, գուցե որոշ սննդային սովորություններ, և, կրկնում եմ, ալկոհոլի նկատմամբ տոլերանտությունը, քանի որ խաղողը Հայաստանում առաջին հազարամյակը չի, որ աճում է։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հարավային Եվրոպայի բոլոր երկրներում, օրինակ, դա օգնում է նաև հիմա, երբ ալկոհոլն արդեն առկա է ամբողջ մոլորակում, բացառությամբ ամենախիստ մահմեդական երկրների այն կրճատում է կյանքի տևողությունը, իսկ Հայաստանում, ըստ ամենայնի, նվազ չափով»,- նշել է ռուսաստանցի գիտնականը։

Ըստ Ալեքսեյ Ռակշայի՝ երբ հայտարարվեց ալկոհոլի դեմ արշավի մասին, Հայաստանում կյանքի տևողությունը մեծացավ, բայց աճն ավելի փոքր էր, քան, օրինակ, Ռուսաստանում կամ Բելառուսում։

«Այսինքն՝ այս խնդիրն այստեղ շատ նվազ սուր է, քան մեր հյուսիսային երկրներում, որտեղ ալկոհոլը գործնականում գոյություն չուներ մի քանի հարյուր տարի առաջ, և, ըստ ամենայնի, բնակչության գենետիկական կազմը, այսինքն՝ կործանարար ազդեցությունից դեռ չեն վերացել ժառանգական ինչ-որ գծեր և այդպես շարունակ»,- նշել է գիտնականը։

Հարցազրույցից հետո Ալեքսեյ Ռակշան համեմատության համար մեզ ուղարկեց հետխորհրդային տարածքի կյանքի տևողության թվերը։ Մասնավորապես, Հայաստանում 2024 թվականին տղամարդկանց համար այն կազմել է 75,1, կանանց համար՝ 81,7, իսկ երկու սեռերի համար՝ 78,6 տարեկան. տարբերությունը կազմում է 6,6 տարի։ 

Ռուսաստանում՝ երկու սեռերի համար էլ կազմել է 72,86 տարեկան. տղամարդիկ՝ 66,5-67 տարեկան, կանայք՝ 78,7-79,1 տարեկան. տարբերությունը կազմում է մոտավորապես 11,8-12,6 տարի։ Էստոնիայում՝ երկու սեռերի համար էլ կազմել է 79,44 տարեկան. տղամարդիկ՝ 75,07 տարեկան, կանայք՝ 83,43 տարեկան. տարբերությունը կազմում է 8,36 տարի։

 


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive